Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցելու իրավունքի մասին

15/11/2013

Պարզվում է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, համաձայն որի՝ ԱԺ պատգամավորները կալանավայրեր անարգել մուտք և ելք կատարելու իրավունք ունեն, տարբեր կերպ են մեկնաբանում իշխանության ներկայացուցիչները: Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի համոզմամբ, օրենքը չի նախատեսում կալանավորվածներին տեսակցելու հանգամանքը, այնինչ ընդդիմադիր պատգամավորները և ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հակառակ տեսակետն ունեն: Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն նրանց կրկին թույլ չեն տվել տեսակցել կալանավորների հետ: Անդրադառնալով այս հանգամանքին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը թեև նշեց, որ չի ցանկանում մասնակցել իրավաբանների վեճին, այնուամենայնիվ, խոսեց ընդդիմադիրների դիրքերից. «Մի բան գիտեմ, որ օրենքն ապահովում է պատգամավորի մուտքը ցանկացած հիմնարկ, եթե դրանք օպերատիվ գործողությունների հետ կապված չեն: Թե այդ պահին ճիշտ են արել, ճիշտ չեն արել… Ես կարծում եմ, որ, եթե օրենքը թույլ էլ չէր տալիս, Զարուհին ու Նիկոլը կալանավորներին ոչ պիտի ուտեին, ոչ էլ պիտի կարողանային հրահանգներ տալ: Չեմ ուզում այդ վեճի մեջ ընկնել, թող լիազոր մարմինը պատասխանի»: ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ 168.am-ի հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատեց, որ ինքն օրենքի այլ մեկնաբանություն ունի` ընդգծելով, թե ինքն էլ ժամանակին նույն տեսակետն է ունեցել, ինչ Հրայր Թովմասյանը, բայց հիմա կարծում է, որ սխալվել է։ «Ես առաջ ունեցել եմ նմանատիպ կարծիք, ինչ Արդարադատության նախարարը, սակայն հասկանում եմ, որ այդ մոտեցումը սխալ է: Մենք էլ կարող ենք, չէ՞, սխալվել»,- ավելացրեց նա։ Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս պետք է լուծել այս խնդիրը, երբ կալանավորվածներին տեսակցելու իրավունքն արդեն մի քանի անգամ խախտվում է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե կա լուծման երկու ճանապարհ. «Կամ դատական կարգով, կամ էլ օրենդրությունը փոխելու իրավունքով»։ Իսկ թե ո՞ր տրամաբանությամբ պատգամավորներին չեն թույլատրում տեսակցել կալանավորներին, և արդյո՞ք դրանով չեն հաստատում այն  տեսակետը, որ կալանավորների նկատմամբ բռնություն է իրականացվել, Դավիթ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել` պատճառաբանելով. «Միգուցե-ներով ես հարցերին չեմ պատասխանում»։ Անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե տեսակցելու իրավունքն արգելքի տակ դնելով՝ ինչ ասես կարելի է մտածել, այդ թվում` նաև բռնությունը թաքցնելու փորձերը: Ըստ նրա` օրենքը նախարարի կողմից ոչ միայն սխալ է մեկնաբանվում, այլև` խախտվում է. «Որպես իրավաբան, որպես իրավագիտության մագիստրոս, որպես վերջին 12 տարիների ընթացքում իրավապաշտպանությամբ զբաղված անձ և որպես ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացրած նախկին անդամ, և, ի վերջո, որպես պատգամավոր՝ ես պնդում եմ, որ այդ օրենքի դրույթի հիման վրա պատգամավորը մուտքի և ելքի իրավունք ունի ՔԿՀ-ներ և ձերբակալված անձանց պահելու վայրեր, տեսակցելու իրավունք ունի, և որևէ մեկը չի կարող սահմանափակել»։ Մեր հարցին, թե՝ համամի՞տ եք հնչող գնահատականների հետ, թե Հրայր Թովմասյանը կամայականորեն է մեկնաբանում օրենքը, անկուսակցական պատգամավորը պատասխանեց. «Հարցը մեկնաբանության մեջ է, հիմա գործադիր իշխանության տվյալ ճյուղի ներկայացուցիչը, որը տվյալ պահին տվյալ դրույթի կիրառողն է, մեկնաբանում է այն կերպ, որկերպ մեկնաբանում է, բայց այսքան տարի չի եղել նման բան»,- ասաց նա։ Հետաքրքրվեցինք նաև, թե համամի՞տ է Արդարադատության նախկին նախարար, ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ, թե հարցը կարող է լուծվել օրենքի փոփոխությամբ: «Օրենքի փոփոխությունը չեմ կարծում, որ կարելի է, քանի որ դրանով կարելի է համակերպվել այդ մեկնաբանության հետ, ինչը սխալ է, կարծում եմ։ Պետք է պահանջել օրենքը կիրառել այնպես, ինչպես այն գրվել է ժամանակին։ Իսկ ժամանակին օրենքը գրվել է այն իմաստով, որ մի խումբ բարձրաստիճան անձինք իրենց լիազորություններից բխող պարտականությունները կատարելիս, այո, կարող են անարգել մտնել ձերբակալված անձանց պահվող վայրեր և ՔԿՀ-ներ և հանդիպել ցանկացած անձի: Ավելին՝ կարող են տվյալ անձի համաձայնությամբ ծանոթանալ նրա անձնական փաստաթղթերին»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ 

Աղբյուրը՝ http://168.am/

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ