Էդմոն Մարուքյան. Միասնական քննչական մարմնի ղեկավարի նշանակման հարցը պետք է լուծվի սահմանադրական մակարդակով

30/11/2013
Միասնական քննչական մարմինը, ինչպես և այդ կարգի բոլոր մարմինները, պետք է նախատեսված լինի Սահմանադրությամբ, և նրանց ղեկավարների նշանակման հարցը ևս պետք է սահմանադրական մակարդակով լուծվի:
Նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան  «Փաստինֆո»-ի թղթակցի հարցի, թե  ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի իրոք ապահովվի ստեղծվելիք Միասնական քննչական մարմնի անկախությունն ու պրոֆեսիոնալիզմը:
Պատգամավորը հույս հայտնեց, որ առաջիկայում կատարվելիք սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, երևի թե, այդ հարցին ևս լուծում տրվի:
«Եթե ինձ մնա՝ ես կառաջարկեի բարձրացնել խորհրդարանի դերը: Այդ դեպքում չեմ բացառում, որ այդ կարգի մարմինների ղեկավարները նշանակվեն խորհրդարանի կողմից՝ անկախությունն ապահովելու համար»,-նշեց պատգամավորը:
Է.Մարուքյանի կարծիքով` առայժմ կարելի է անցումային տարբերակներ գտնել:
Պատգամավորն ընդգծեց, որ Միասնական քննչական մարմնի մասին օրենքի նախագիծը դեռևս չկա:  «Երբ լինի, կարող ենք ավելի առարկայական քննարկել: Առայժմ որևէ բան պարզ չէ, այդ իսկ պատճառով կդժվարանամ կարծիք հայտնել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ  ՀՀ Նախագահի` սեպտեմբերի 24-ի կարգադրությամբ ստեղծվել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, Միասնական քննչական մարմնի կազմավորման մասին օրինագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ, և առաջիկայում կներկայացվի կառավարության նիստի քննարկմանը:

 

Հեղինակ: «Փաստինֆո»

 

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ