Պաշտպանը չի ասում, որ Հայաստանում բոլոր դատավորները կաշառակեր են. Էդմոն Մարուքյանի կարծիքը
«Մարդու իրավունքների պաշտպանը չի ասում, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատավորները կաշառակեր են, նա չի ասում, որ Հայաստանի Հանրապետությունում բարեխիղճ դատավորներ չկան: Նա ասում է, որ իր հարցումների արդյունքում նման իրավիճակ կա», –Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով դատական համակարգին վերաբերող Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, ասաց ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանը:
Նրա գնահատմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը իրավապաշտպան զեկույց է և այն չի կարող ամբողջությամբ լինել փաստարկված: «Երբ կոռուպցիայի վերաբերյալ հարցումներ են արվում, ապա այդ պարագայում շատ բարդ է փաստերի լեզվով խոսելը և փաստեր ներկայացնելը», -ասաց պատգամավորը` միևնույն ժամանակ նկատելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում առանձին գործեր, այնուամենայնիվ, նշված են եղել:
Մարուքյանի կարծիքով, այն խնդիրներն ու հարցերը, որոնք ներկայացվել են Պաշտպանի զեկույցում, պետք է լրջորեն քննարկվեն ու դրանց լուծումներ տրվեն: Ի վերջո, ըստ Մարուքյանի, զեկույցում նշվածը նորություն չէ և միջազգային տարբեր կառույցների կողմից հրապարակված զեկույցներում նշվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը ունի խնդիրներ:
ՄԻՊ արտահերթ զեկույցում բարձրաձայնվում էր, որ դատական համակարգում կոռուպցիայի գոյության մասին ու նշվում կաշառքի սակագները: Հարցին, թե արդյոք Մարուքյանն իր փաստաբանական գործունեության ընթացքում նման երևույթի հանդիպել է, պատգամավորը պատասխանեց. «Ես դասական փաստաբանություն եմ արել և բրոկեր չեմ աշխատել ու չեմ կարող ասել, թե ինչ գներ են եղել: Դրա համար կան այդ ոլորտի հմուտ մասնագետներ, որն էլ փաստաբանական համայնքի ցավն է. մարդը փաստաբանություն չի անում, այլ միջնորդի դեր է կատարում: Բայց նման խոսակցություններ եղել են ու կան: Իսկ այդ ուղղությամբ քայլեր պետք է արվեն: Օմբուդսմենի զեկույցը նրա համար է, որ նշվածի ուղղությամբ քայլեր կատարվեն»:
Հայաստանի գլխավոր դատախազության արձագանքը, Մարուքյանը սպասելի ու բնական է համարում, քանի որ ցանկացած հրապարակային փաստաթուղթ կարող է դիտվել հաղորդում հանցագործության մասին: «Դատախազության կողմից կա առաջարկ ներկայացնել փաստեր և վստահեցում, որ գաղտնիությունը կապահովվի: Հիմա պետք է սպասենք, տեսնենք` օմբուդսմենը փաստեր կներկայացնի՞, թե՞ ոչ», -հավելեց Էդմոն Մարուքյանը:
Նախորդող հրապարակումներ.
Դատավորների միության խորհուրդը ՄԻՊ-ի զեկույցը համարում է հակապետական. Հայտարարություն
ՀՀ Գլխավոր դատախազը Պաշտպանին առաջարկել է առնվազն մեկ փաստ ներկայացնել դատախազությանը. Նամակ` ՄԻՊ-ին
Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնում է 50 հազար ԱՄՆ դոլարի. ՄԻՊ արտահերթ զեկույց (տեսանյութ)
Ում, ինչպես և դատական որ փուլում են կաշառք տալիս դատավորներին. Պաշտպանի սենսացիոն բացահայտումը (Տեսանյութ)
Ովքեր են ամենասիրված ու ամենաչսիրված դատավորները
ՄԻՊ-ը կանխակալ վերաբերմունք է քարոզում դատարանների հանդեպ. Արսեն Բաբայան
Աղբյուր` Panorama.am
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ