Այս նախագիծը չպետք է դառնա ԶԼՄ-ների վրա ազդլու գործիք․ Էդմոն Մարուքյան

07/03/2014

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը անհիմն է համարում «ֆեյքերի» օրինագծի շուրջ բարձրացված դժգոհության ալիքը։

Hraparak.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ դժգոհողների մեծ մասը նախագիծը առանց կարդալու է դժգոհել ու նաև ընդունել է, որ չի կարդացել այն․«Բոլոր հարցադրումներին մեր կողմից մեծ մասամբ պատասխաններ տրվել են՝ թե ՛Ֆեյսբուքով, և թե՛ հարցազրույցներով, բայց նաև հայտարարել ենք, որ նախագծի հետ կապված պատրաստվում ենք լայն քննարկում կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի այդ բոլոր մտահոգությունների հարցը լուծենք»։

Մեր դիտարկմանը, թե կա նաև այս նախագծով ազատ խոսքը սահմանափակելու վերաբերյալ մտահոգություն, Է․ Մարուքյանն ասաց, որ այդ բոլոր մտահոգությունները, բնականաբար, կվերանայվեն, կհստակեցվեն, իրավական տեսանկյունից բոլոր խնդիրները կլուծվեն, որ հետագայում հանկարծ որևէ կերպ նախաձեռնությունը գործիք չդառնա՝ ԶԼՄ-ների վրա ազդելու հետ կապված։

ԱԺ անկախ պատգամավորն ասաց, որ նախագիծն ուղղված է «ֆեյք» պրոֆիլներով մարդկանց վիրավորելու, զրպարտելու այդ պրակտիկայի դեմն առնելուն, որն, ըստ պատգամավորի, առաջացրել է անպատասխանատվության մի իրավիճակ, որի պարագայում մարդը որևէ արդյունավետ իրավական պաշտպանության միջոց չունի, որ իրեն վիրավորողին կամ զրպարտողին հայտնաբերի ու որևէ կերպ քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկման հարց բարձրացնի։

«Կա մտայնություն, որ մարդիկ մտածում են, որ երբ Ֆեյսբուքում որևէ գրառում են կատարում, դա որևէ կերպ պատասխանատվություն չի առաջացնում։ Այսօրվա իրավակարգավորումներով Ձեր ցանկացած ֆեյսբուքյան գրառման համար կարող են Ձեզ դատի տալ, եթե, իհարկե Դուք «ֆեյք» չեք, որովհետև, եթե «ֆեյք» եք, Ձեզ չեն կարող գտնել, որ դատի տան։ Հիմա մենք ասում ենք, որ եթե «ֆեյքը» գրառում է արել, ու դու՝ որպես կայք, լրատվամիջոց, վերցրել դա դրել ես քո մոտ, սարքել ես քո բովանդակությունը, դու պետք է էդ «ֆեյքի» պատասխանատվությունը կիսես, կա՛մ էդ «ֆեյքի» տվյալները տրամադրես, որ էդ մարդը «ֆեյքին» դատարան տա, կա՛մ եթե չես տալիս էդ տեղեկատվությունը կամ չունես, բայց նաև պահում ես էդ գրառումը և մարդու պահանջով 12 ժամվա ընթացքում չես հեռացնում կայքից, ուրեմն պետք է դու արդեն պատասխանատվություն կրես»,- ասաց Մարուքյանը։

Մեր հարցին, թե հնչեցված մտահոգություններից հատկապես որո՞նք են, որ իրեն լուրջ ու հիմնավոր են թվացել, և արժանի է համարում դրանց անդրադառնալ քննարկումներում, Էդմոն Մարուքյանն ասաց․«Օրինակ՝ էլեկտրոնային կայքի նկարագրության, «անհայտ օգտատեր» նկարագրության կամ ողջամիտ ջանքերի հետ կապված հարցերը, որոնք պետք է քննարկել և հստակեցնել»

Վահե Մակարյան

Աղբյուր՝ hraparak.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ