Առաջարկում եմ ճանապարհային խախտումների համար տուգանքների հնգապատկումը հանել. Էդմոն Մարուքյան

24/03/2014

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական 4 ուժերի նախաձեռնության քննարկմանը նկատեց, որ այս հարկերը մարդկանց մեջ ուղղակի ատելություն են առաջացնում։
«Կան բաներ, որից դժգոհ է ժողովուրդը, կան բաներ, որ ժողովրդի մոտ ատելություն է առաջացնում, տեսանկարահանող սարքերը մարդկանց մոտ, առանց չափազանցության, սկսել են ատելություն առաջացնել»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, թե ինքն անձամբ մի վարորդի է ճանաչում, որը երկրից գնացել է հենց այդ տեսանկարահանող սարքերի պատճառով։
«Ես անձամբ ճանաչում եմ մի վարորդի, որն այնքան ակտ է ունեցել, որ գնացել է Հայաստանից։ Մի քանի օր առաջ Դեմիրճյանի վրա տաքսի կանգնեցրի, տարեց մարդ էր, ասաց այնքան ակտ ունի, որ երևի մի քանի հարյուր հազար դրամն անցել է։ Ասում եմ՝ բա ինչո՞ւ չեք վճարում, դատի կտան, կհնգապատկվի։ Ասում ա՝ տվել են, բայց մեկ ա չեմ վճարում, որովհետև ոչ մի բան չկա իմ անունից։ Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ այսպիսի իրավիճակ ստեղծվի մեր երկրում»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ընդհանրապես ճանապարհային խախտումների հետ կապված վարույթները՝ հնգապատկել տուգանքը և այլն, անհիմն է, քանի որ շատ դեպքերում պատշաճ կարգով չեն էլ ծանուցվում։ Ըստ Մարուքյանի՝ նույնիսկ դեպքեր են եղել, որ մարդը վճարել է տուգանքը, բայց մեկ տարի անց դատարանից ակտ է եկել, որ վճարումը չի կատարել և պետք է վճարի տուգանքի հնգապատիկը։ «Այսինքն՝ հիմա պետք է փաստաբան վարձի, ռեսուրսներ ծախսի, ու գնա դատարանում ասի, թե ինքը վճարել է։ Չեմ հասկանում բազայում վճարումը չի՞ երևում»,- նշեց նա։
Անկախ պատգամավորն օրինակ բերեց, թե Կալիֆոռնիայում, երբ սկսել է տնտեսական ճգնաժամը՝ իշխանությունները որոշում են ընդունել արագաչափերն անջատել և թույլ տալ, որ փողը մարդկանց մոտ շրջանառվի։
«Ամեն մի գործիքով քաղաքացիներից փող ենք հավաքում, որը համաչափ չէ։ Մի քանի անգամ էլ եմ ասել, սա նաև քաղաքական կոմպոնենտ ունի։ Եթե վաղը ընտրություններ լինեն ու մեկն ասի, որ գամ արագաչափերը հանելու եմ, մաքսիմալ ձայն կստանա։ Քանի բանը բանից չի անցել, առաջարկում եմ չգնալ մաքսիմալ ճանապարհով»,- ասաց նա և առաջարկեց գոնե մինիմալն անել և հնգապատիկ տուգանքները հանել։
Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ համաչափության սկզբունքն է ոտնահարված։ «Նվազագույն աշխատավարձ ունենք և ունենք տուգանք, որ նվազագույն աշխատավարձն անցնում է։ Մարդը 01 է քշում, ընկնում է տուգանքի տակ, ինչպե՞ս պետք է դուրս գա այդ իրավիճակից»,- հարցրեց նա։
«Մենք պետք է այս հարցը լուծենք, թույլ չտանք, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մարդիկ երկրից հեռանան»,-ասաց նա և անդրադարձավ նաև արագաչափերի տեղերին՝ նշելով, թե դրանք ոչ թե պայմանավորված են վտանգավոր ճանապարհահատվածներով, այլ, թե որտեղ ավելի շատ գումար կաշխատեն։
«Գազանանոցի ճանապարհին տեսանկարահանող սարք կար ու հիմա չկա։ Տեսան մարդիկ գիտեն տեղը, խախտում թույլ չեն տալիս, տարան այլ տեղ։ Այսինքն՝ դա ոչ թե ապահովության համար է, այլ փող աշխատելու։ Պետք է թույլ չտալ»,- ասաց նա և հավելեց, որ ինքը պատրաստ է աջակցել երկու ֆորմատներին էլ՝ թե՛ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու, թե՛ ԱԺ նախագահի առաջարկը՝ ԱԺ լսումներ իրականացնելու։

 

Աղբյուր՝ Թերթ.am

Բաժին: featured, Մամուլ