ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ (տեսանյութ)

11/09/2012

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ հայտարարությունների ժամին հանդես է եկել առաջարկությամբ, որի համաձայն նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:

Մեծարգո Ազգային Ժողովի նախագահ,
Հարգելի գործընկերներ.

Սեպտեմբերի 9-ին Հանրապետության 482 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որից 380 համայնքում համայնքի ղեկավարներ են ընտրվել: Ընտրությունների արդյունքում 84 համայնքներում ընտրվել են ոչ գործող համայնքապետերը, որից 41 «սեփական կամքով» չեն մասնակցել ընտրություններին, իսկ 43 պարտվել են:
Այսպիսով, 296 համայնքներում ընտրվել են գործող համայնքի ղեկավարները, որոնցից շատերը, եթե ոչ կեսից ավելին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել են անընդմեջ երկու անգամից ավելի:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նախկինում կար դրույթ, որի համաձայն նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ: Այս դրույթը 2006 թվականին հանվեց օրենքից, որն իմ կարծիքով սահմանափակում է տեղական մակարդակում նոր մարդկանց նոր գաղափարներ իրացնելու և նոր քաղաքականություն վարելու հնարավարությունը:
Հիմք ընդունելով ընտրությունների արդյունքները, կարծում եմ, որ պետք է նույն անձի համայնքի ղեկավարի պաշտոնում անընդմեջ երկու անգամից ավելի ընտրվելու արգելքը վերականգնվի, որովհետև նույն անձի անսահմանափակ ընտրվելու հնարավորությունը վտանգում է ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակում: Կարծում եմ, որ այս առաջարկությունը նաև համահունչ է համայնքների խոշորացման բարեփոխման հետ:
Այս փոփոխության արդյունքում ապագայում կարիք չի լինի գործող համայնքապետին, որն արդեն 10 տարուց ավելի նույն պաշտոնում աշխատում է այսպես ասած «համոզել», որ այլևս չառաջադրվի:

Բաժին: Ելույթներ ԱԺ-ում, Տեսանյութեր