Հայ պատգամավորները Լաթաքիայի եկեղեցու բակում 2-3 ժամ հանդիպում են ունեցել տարհանված քեսաբահայության հետ

26/03/2014

Սիրիա մեկնած Հայաստանի պատգամավորական պատվիրակությունը այսօր՝ մարտի 26-ին, կեսօրին, Դամասկոսից ժամանել է Լաթաքիա, որտեղ Սուրբ Աստվածածին եկեղեցում եւ հարակից տարածքում ժամանակավոր բնակատեղի են գտել Քեսաբից տարհանված բնակչության ստվար հատվածը: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սիրիայից հայտնեց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Այն տեսարանը, որին մենք ականատես եղանք, իսկապես ցնցող է, եւ ցանկացած հայի, հայոց պատմությանը տեղյակ ցանկացած մարդու մոտ միանշանակ մտազուգորդումներ, ասոցիացիաներ է առաջացնում մեկ դար առաջ հայության հետ տեղի ունեցած ողբերգական ցեղասպանության հետեւանքով մեր քույրերի, եղբայրների տարհանման պատկերների հետ, որոնց տեղյակ ենք դասագրքերից, փաստաթղթերից, վավերագրերից: Մենք մեր հայրենակիցներին փոխանցեցինք հստակ ուղերձ, որ ձեր խնդիրը միայն ձեր խնդիրը չէ, սիրիահայության խնդիրը դա միայն սիրիահայության խնդիրը չէ, դա համայն հայության խնդիրն է եւ համայն հայությունը՝ իր բոլոր կառույցներով, պետք է գործուն քայլեր ձեռնարկեն ոչ միայն հայտարարություններով, այլ ավելի կիրառական առումով նրանց կողքին լինելու համար: Մենք փորձեցինք Հայաստանից բերված մեր ջերմությունը փոխանցել այդ ընտանիքներին, աջակցությունը հայտնել մեր քույրերին, եղբայրներին: 2-3 ժամ հանդիպում ունեցանք եկեղեցու բակում, որտեղ նրանք ապրում են, ճաշում են, գիշերում են»,- ասաց պատգամավորը:

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ ստացել են կոնկրետ առաջարկություններ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Սիրիական իշխանությունները հայ պատգամավորներին վստահեցրել են, որ ամեն ինչ պետք է արվի եւ ամեն ինչ արվելու է ապահովելու քեսաբահության վերադարձը դեպի իրենց բնակատեղի, որտեղ հայությունը դարեր ի վեր ապրում է։ «Մենք հստակ փոխանցել ենք Հայաստանի նախագահի դիրքորոշումը, որը հայտնել էր օրեր առաջ։ Մենք շեշտել ենք, որ Հայաստանը համայն հայության տունն է,  եւ  ինչպես ՀՀ-ի, այնպես էլ ԼՂՀ-ի դռները բաց են բոլորի համար: Բնականաբար այս պայմաններում առաջնահերթ է նրանց ապահովության եւ պաշտպանված լինելու հարցը, այնուհետեւ, որ կարողանան վերադառնալ մշտական բնակավայր»,- ասաց Սամվել Ֆարմանյանը։

Նա նշեց, որ այժմ մեկնում են Դամասկոս, որտեղ վաղը կունենան մի շարք հանդիպումներ։ Սամվել Ֆարմանյանն ասաց նաեւ, որ  մեծ ցանկություն ունեն մեկնելու Հալեպ, որը Մերձավոր Արեւելքում մայր գաղթօջախն է, ինչպես նաեւ Դերզոր  եւ Սիրիայի արեւելյան հատվածներ, որտեղ հայության ստվար հատված է ապրում, բայց, ցավոք, անվտանգության եւ այլ նկատառումներից ելնելով՝ դա հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Լաթաքիա:

Աղբյուր՝ NEWS.am

Բաժին: featured, Մամուլ, Քեսաբ (Սիրիա)