ԱԺ պատգամավորները Լաթաքիայում փաստեր են հավաքել և ՀՀ վերադառնալուն պես կներկայացնեն ԱԺ–ին, Նախագահին և Կառավարությանը

26/03/2014

Սիրիայի Քեսաբ ավանի հայության հետ հանդիպելու համար մասնավոր այցով Սիրիա մեկնած Հայաստանի պատգամավորների խումբն այսօր կեսօրին Դամասկոսից հասել է Լաթաքիա, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ գտնվում են Քեսաբից տեղահանված հայերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Լաթաքիայում գտնվող ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

 

Նա նշեց, որ տեղահանված քեսաբահայերից շատերը հանգրվանել է Սուրբ Աստվածածին եկեղեցում և եկեղեցու բակում գտնվող դպրոցում:

 

«Մենք հանդիպում ունեցանք քեսաբահայության հետ: Պետք է ասեմ, որ տպավորությունը ցնցող էր, ճիշտ այնպիսին, ինչպիսին հանդիպել էինք դասագրքերում, հայոց ցեղասպանության վերաբերյալ աղբյուրագիտական գրականությունում, որտեղ կարդում ենք Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցների հիշողությունները: Մենք հանդիպեցինք քեսաբահայերին և փոխանցեցինք մեր բոլորի ողջույնները, կարեկցանքը և հստակ ուղերձն այն մասին, որ նրանց կողքին ենք և որ Հայաստանի Հանրապետությունն ու աշխարհասփյուռ հայությունը պետք է այս իրավիճակում անեն հնարավորը սիրիահայությանը աջակցելու համար»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Սիրիա մեկնել են պատգամավորներ Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Կարապետյանն ու Լևոն Մարտիրոսյանը։

 

Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց նաև, որ իրենք որոշակիորեն իրականացրել են փաստահավաք առաքելության գործառույթներ, ճշգրտել ամբողջական ու մասնակի տվյալներ, ինչպես նաև՝ քանի հայ ընտանիքներ կան, որ այժմ օգնության կարիք ունեն:

 

«Կարևոր է արձանագրել, որ սիրիական իշխանությունները, ովքեր ևս ներկա էին՝ Լաթաքիայի և՛ քաղաքապետը, և՛ նահանգապետը, և՛ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, իրենց կողմից վստահեցրին, որ Սիրիայի կառավարությունը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկելու է՝ ապահովելու քեսաբահայության վերադարձը դեպի իրենց մշտական վայրեր, ինչի մասին երազում են մեր հայրենակիցները: Նրանք նաև վստահեցրին, որ հետագայում օգնելու են վերականգնելու ու վերակառուցելու կորցրածը»,-ասաց նա:

 

Պատգամավորը նշեց, որ բոլոր առաջարկները Հայաստան վերադառնալուց հետո կներկայացնեն ինչպես խորհրդարանին, այնպես էլ ՀՀ Նախագահին և Կառավարությանը, որպեսզի կարողանան ճշգրտել իրենց հետագա անելիքները, հնարավոր աջակցության մեխանիզմները:

 

«Մենք նաև փոխանցեցինք մի շատ կարևոր քաղաքական ուղերձ՝ սա հայության որևէ հատվածի խնդիր չէ, այլ համայն հայության»,-ասաց նա:

 

Սամվել Ֆարմանյանը նշեց նաև, որ քեսաբահայությունը ոգևորված է իրենց ներկայությունից և այն հանգամանքից, որ ՀՀ-ն բարձրաձայնել ու հայտարարել է, որ տեր է կանգնելու իր հայրենակիցների իրավունքներին:

 

Հայաստանից Սիրիա մեկնած հայ պատգամավորների պատվիրակությունը քեսաբահայությանը փոխանցել է օրեր առաջ Հաագայում ՀՀ նախագահի արած հայտարարության հստակ ազդակները:

 

«Հայտարարության մասին նրանց ճնշող մեծամասնությունը արդեն տեղյակ էր, ինչպես նաև որ միջազգային բոլոր ատյաններում ՀՀ դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունները ձայնը կբարձրացնեն՝ քեսաբահայության հետ տեղի ունեցածը դիտարկելով որպես մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների իրավունքների զանգվածային խախտում, և որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա նման իրադարձությունների հանդեպ: Սրանք ողբերգական իրադարձություններ են, որոնք մեր հայերի գիտակցության մեջ ակնհայտ մտազուգորդումներ են առաջացնում մեկ դար առաջ ողբերգական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության հետ»,-ասաց նա:
Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց, որ պատգամավորից կազմված պատվիրակությունը այսօր ուշ երեկոյան Լաթաքիայից կվերադառնա Դամասկոս:

 

Պատգամավորը նաև ասաց, որ կցանկանային այցելել նաև Սիրիայի այլ հայաբնակ վայրեր, սակայն չեն կարող։

 

«Շատ կուզենայինք այցելել ոչ միայն Հայլեպ, այլև Սիրիայի արևելյան շրջաններ, որտեղ ևս հայություն կա, սակայն անվտանգության և այլ նկատառումներով դա այս պահին հնարավոր չէ»,– ասաց նա։

 

Աղբյուր՝ Թերթ.am

Բաժին: Մամուլ, Քեսաբ (Սիրիա)