Եթե մի փոքր ուշադիր ու զգոն չլինեին, զանգվածաբար կոչնչացվեին. Էդմոն Մարուքյանը՝ Սիրիայից
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է այս օրերին հայ պատվիրակության հետ Սիրիա մեկնած ԱԺ պատգամավոր ԷդմոնՄարուքյանը:
-Պարոն Մարուքյան, Հայաստանից մեկնած պատվիրակությունը Լաթաքիայում հանդիպեց Քեսաբի հայերին: Ի՞նչ վիճակում են նրանք և ինչպե՞ս են պատկերացնում հետագայում իրենց ճակատագիրը:
-Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում մենք հանդիպեցինք Քեսաբից տարհանված հայերին: Տեսարանն իսկապես ցնցող ու տխուր էր, վերապրեցինք այն հուշերը, որոնք գրվել են Ցեղասպանության մասին: Գրեթե նույն իրավիճակը կարելի էր այստեղ տեսնել: Եթե մի փոքր ուշադիր ու զգոն չլինեին, զանգվածաբար կոչնչացվեին:
Նրանք պատմում էին, որ արդեն երեք տարի է՝ տղամարդիկ գիշեր-ցերեկ հերթապահություն են իրականացրել: Միշտ զգոն են եղել, և այդ զգոնությունն է հնարավորություն տվել վտանգն զգալուն պես մազապուրծ հասնել Լաթաքիա:
Ամբողջ Քեսաբն այս պահին գտնվում է ահաբեկչական ուժերի տիրապետության տակ, այնտեղ կա ողջ մնացած 30-60 տղամարդ, որոնք մնացել են տները պաշտպանելու, բայց, ըստ էության, դա անհնար է: Ցավոք, նրանց մասին տեղեկություն այս պահին չկա: Այնտեղ հիմա կատաղի մարտեր են. Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ շատ արագ Քեսաբը վերադարձնելու են: Այդ գործողություններն ընթացքի մեջ են, և արդեն կան հաջողություններ:
Ինչ վերաբերում է Քեսաբի հայերի հետագա ճակատագրին, նրանցից ոչ մեկը չէր մտածում Սիրիայից տեղափոխվելու մասին, և տրամադրված են, որ Քեսաբը պիտի վերադարձվի իրենց: Նրանք բացարձակապես մտադիր չեն լքել Քեսաբը և ուզում են վերադառնալ իրենց տները, բայց մտագոհություն ունեն, որ մարտերի պատճառով ամբողջ բնակավայրը կարող է ոչնչացված լինել, և իրենք ստիպված լինեն 3-րդ անգամ վերականգնել իրենց հայրենի Քեսաբը: Վստահ են, որ իրենք պետք է վերադառնան, և ամեն ինչ անում են դրա համար: Ուղղակի ակնկալում են, որ Սիրիայի կառավարությունը և Հայաստանի Հանրապետությունն ու համայն հայությունը կօգնեն Քեսաբում իրենց տնտեսությունները վերականգնելու հարցում: Խոսքը հումանիտար օգնության մասին է:
-Ես գիտեմ, որ շուրջ 35 պատգամավոր Սիրիայում հարցազրույցներով ու կոչերով են հանդես եկել Ցեղասպանության ճանաչման հարցով: Այս շրջանակում քննարկում նախատեսվո՞ւմ է:
-Ճիշտն ասած, մենք քննարկել ենք այստեղ միայն հայ համայնքի խնդիրը, իսկ Ցեղասպանության հետ կապված թողել ենք, որ իրենք հետևություններ անեն: Նրանք նոր են հասկանում՝ ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան, և նոր պիտի հետևություններ անեն Ցեղասպանության ճանաչման համար: Կարծում եմ՝ լավ է ուշ, քան երբեք:
-Պարոն Մարուքյան, ինչո՞վ էր պայմանավորված Քեսաբի՝ հենց այս պահին հարձակումը: Կարծիք կա, որ սա պայմանավորված է Ղրիմի հարցում Հայաստանի դիրքորոշմամբ:
-Նրանք ասում էին, որ Քեսաբի գրավումը երկար ժամանակ է պլանավորված եղել, և պատմում էին, որ թուրքական զորքերը, ըստ էության, հնարավորություն են տվել ահաբեկչական ուժերին՝ Թուրքիայի տարածքից Քեսաբի խաղաղ բնակչության վրա հարձակվելու: Ակնհայտ է, որ Քեսաբը ռազմավարական նշանակություն ունի որպես ծովափնյա և Թուրքիային սահմանակից քաղաք: Եվ հիմա հարմար առիթն օգտագործվել է Քեսաբը գրավելու համար:
Ինչ վերաբերում է Ղրիմի իրադարձություններին, ես ոչ մի կապ չեմ տեսնում:
-Ի՞նչ փոխեց ձեր հանդիպումը նրանց հետ:
-Մեր այստեղի հանդիպումը շատ լուրջ բարոյական աջակցություն էր հայ համայնքին: մեզ համար շատ պարզ էր Սիրիայում տիրող իրավիճակը, մասնավորապես հայության խնդիրները: Սա կարևոր է, որովհետև տեղեկատվական պատերազմում շատ դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում տեղում: Մեր այցելությունը, որն ավելի շատ առաքելության պես մի բան է, ըստ էության, բոլոր հարցերը դրեց տեղը: Փաստորեն, Հալեպից հետո մենք կորցնում ենք Քեսաբը:
-Տեղում վիճակն ինչպե՞ս է, պատմամշակութային ի՞նչ վնաս ենք կրել:
-Մի կողմից կյանքը շարունակվում է, որոշակի լարվածություն կա, բայց բնակչությունն արդեն սովորել է այս վիճակին, մյուս կողմից՝ կարող եք տեսնել զինված մարդիկ, բանակի զինյալներ, որոնք ամեն 50-100 մետրը մեկ կանգնած են և պետք է անընդհատ անցակետեր անցնել: Բոլոր մեքենաներն անխտիր ստուգվում են, իսկ այդ պայմաններում ապրելը շատ դժվար է խոսքերով նկարագրել:
Ինչ վերաբերում է մոտեցումներին, այստեղ բոլորը միանշանակ ասում են, որ իրենց նկատմամբ միջազգային հանրությունն անարդար մոտեցում է ցուցաբերում և աչք է փակում այստեղ տեղի ունեցող՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերին, որոնք ակնհայտ են ու անքննարկելի: Ավելին ասեմ՝ գերի ընկած հայերից մեկը պատմեց, որ գերության ժամանակ տեսել է վարձկանների, որոնք անգամ արաբներ չեն եղել և գումարով այստեղ պատերազմում են: Նրան մի կերպ է հաջողվել փախչել գերությունից: Որքանո՞վ կարելի է նրանց կոչել ազատության համար պայքարող մարտիկներ կամ ընդդիմություն. ես շատ խիստ վերապահումներ ունեմ այդ հարցում: Կարծում եմ, որևէ կերպ նրանց չի կարելի անվանել ընդդիմություն կամ ազատության համար պայքարող մարտիկներ: Որևէ մեկն ազատության համար չի պայքարում խաղաղ բնակչությանը մորթելով ու կոտորելով:
Մեզ համար՝ որպես կողքից դիտողի, միանշանակ մոտեցում կա, որ Քեսաբը պետք է վերադարձվի այն համայնքին, որն այնտեղ բնակվել է: Ես ուզում եմ հավատալ, որ Սիրիայի բանակին կհաջողվի վերադարձնել Քեսաբը: Միակ մտահոգությունն այն է, որ այն այլևս նույն Քեսաբը չի լինի, այսինքն՝ տնտեսությունները, տներն արդեն ավերված կլինեն, և դրա համար քեսաբահայությունը մեզ խնդրում էր, որ երբ արդեն իրենք վերադառնան, Հայաստանը, Սիրիան ու Սփյուռքը օգնեն իրենց՝ երրորդ անգամ վերականգնելու իրենց տնտեսությունները:
-Ասում են՝ Թուրքիան երկրորդ ցեղասպանությունն է իրականացնում Քեսաբում:
-Թուրքիայում շատ լավ գիտեն, որ Քեսաբում հայեր են ապրում, և կասկած չկա, որ հենց նրանց թողտվությամբ ու աջակցությամբ է այս ամենը տեղի ունեցել, հետևաբար կարծում եմ, որ միջազգային ատյաններում պետք է այս հարցը բարձրացվի, որ խաղաղ բնակչությանը կոտորելով՝ Թուրքիան պետական մակարդակով աջակցություն է ցուցաբերում:
-Պատվիրակությունը ե՞րբ է վերադառնալու, և մինչ այդ ի՞նչ հանդիպումներ եք ունենալու:
-Պատվիրակությունը կվերադառնա շաբաթ օրը: Հանդիպումները պլանավորված են, ամեն ժամի կան հանդիպումներ, որոնց մասին նախապես ոչինչ չեմ ուզում խոսել, այդ թվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Հանդիպումներից հետո մենք տեղեկատվություն կտանք:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ 2012-ին այսքան մեծ ուշադրություն չկար քաղաքական գործիչների կողմից սիրահայերին աջակցելու ուղղությամբ, հիմա կարծես ավելի մտահոգ են:
– Չեմ կարծում, որ 2012 թվականին ուշադրությունը քիչ է եղել: Ու եթե ինչ-որ բացթողումներ եղել են այն ժամանակ, հիմա պետք է դրանք հնարավորինս բացառվեն: Կոնկրետ ես, որպես իրավապաշտպան, հետևել եմ, որ in fact finding mission-ը հնարավորինս փաստաթղթավորի սպանությունները, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, վկաների կողմից պատմությունները ազգային լեզուներով թարգմանվեն: Ես պատրաստվում եմ մարդու իրավունքների զանգվածային խախտումներին վերաբերող այս պատմությունները փոխանցել Human right watch-ին, մյուս միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
Աղբյուր՝ 1in.am
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Քեսաբ (Սիրիա)