Մարուքյան. Ինչպե՞ս եմ քաղաքացիներին բացատրելու, որ թանկացումը բարեփոխում է
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց, որ ստվերի կրճատման նպատակով ժամանակին դրոշմապիտակներ կիրառվեցին ջրեղենի համար, բայց ակնհայտորեն դրանց գները կրկնակի բարձրացան:
«Դրանց գները բարձրացան մինչև այդ օրենքի ընդունումը: Ըստ էության՝ մենք չունենք համապատասխան մեխանիզմներ, որպեսզի կարողանանք զսպել կանխատեսվող գնաճը: Բացի այս՝ մենք մեր քաղաքացիների համար չենք կարողանում ապահովել եկամուտներ, բայց կանխատեսում ենք գնաճ»,- նշեց նա՝ նկատելով, որ այս օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելը կհանգեցնի գնաճի, ինչը հակասում է ոչ միայն քաղաքացիների, այլև տեղական արտադրողների շահերին:
«Ես ինչպե՞ս եմ իմ տարածքում ապրող քաղաքացիներին բացատրելու, որ այս օրենքով նախատեսվող մի շարք ապրանքնատեսակների թանկացումներ բարեփոխում է: Այդ թանկացումները իրենց հերթին խնդիրներ կառաջացնեն նաև տնտեսվարողների համար»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ իր համար անհասկանալի է 2000 էջանոց բացատրագիրը, որտեղ մեջբերված մի քանի կետերը խոչընդոտ են հանդիսանում նաև բիզնեսի զարգացման համար:
«Մարդը պետք է կանխատեսի, թե ինչ բերի, ինչ չբերի… Նախ պետք է բիզնես միջավայր ստեղծել, հետո նոր մտածել, որոշակի ստվերի կրճատման մասին: Այս օրենքով մենք կրճատելու ենք որոշակի ստվեր, բայց չունենք այլ մեխանիզմներ բիզնեսի համար: Ստվեր կա նաև մյուս ոլորտներում, որտեղ գնապիտակներ չկան»,- շեշտեց Մարուքյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է մտածել նաև ՀԴՄ-ների ուղղությամբ:
«Եթե լինեն ՀԴՄ-ներ՝ մի շարք խնդիրներ կլուծվեն: Մենք, ըստ էության, չունենք նաև արտոնություններ տեղական արտադրողների համար: Ներմուծվող ապրանքների հետ հավասար պայամաններում են աշխատում տեղական արտադրողները: Հավասարության նշան է դրված նրանց միջև»-, հավելեց նա:
Պատգամավորը մտահոգություն հայտնեց նաև ժամկետների վերաբերյալ:
«Առաջարկում եմ, որ այս ժամկետը հետաձգվի: ժամկետները քիչ են, միջոցները՝ նույնպես: Ստվերը կրճատելու համար պետք է սպասենք, որ տնտեսությունը զարգանա, արտագաղթը նվազի: Մենք պետք է հասկանանք, որ գնում ենք բարելավման ուղղությամբ: Այս նախագիծը հին կառավարության նախագիծն է, որը կապ չունի նոր կառավարության հետ: Երբ կլինի կառավարության նոր ծրագիրը, նոր կխոսենք օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին: Ես իմ առաջարկները կներկայացնեմ գրավոր»,- ասաց պատգամավորը:
Պետեկամուտների կոմիտեի տեղակալ Վախթանգ Միրումյանն էլ իր ամփոփիչ ելույթում նշեց, որ ՊԵԿ-ը պատրաստ է քննարկել բոլոր առաջարկները և դրանք ընդգրկել նոր զեկույզում: Նա նախ շնորհակալություն հայտնեց առաջարկների ու դիտարկումների վերաբերյալ, ապա շարունակեց, որ պայմանները հավասար են ներմուծողների ու տեղական արտադրողների համար: «Մենք չենք կարող թույլ տալ, որ թվերի հաշվին ստվերը ավելանա»,-ասաց նա:
Աղբյուր՝ aysor.am
Բաժին: Մամուլ