«ԴԱՐՁՆԵԼ 100 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳ` ԱՍԵԼՈՎ, ՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԼՈՒԾՎԵՆ, ՖԱՆՏԱԶԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՑ Է»

11/06/2014

Ոչ իշխանական քառյակի արդեն հայտնի 12 կետերից մեկը վերաբերում է 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու պահանջին: Միեւնույն ժամանակ, «Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է ընտրական բարեփոխումների, մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու վերաբերյալ քաղաքական կոնսուլտացիաներ: Թե արդյոք ընտրական օրենսգրքի այսպիսի փոփոխության առաջարկն առաջին հերթին անկախ պատգամավորների դեմ չէ ուղղված, քանի որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու դեպքում նրանք մանդատ ձեռք չեն բերի, «Իրավունքը»հետաքրքրվեց ԱԺ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՑ, ով նաեւ իր տեսակետներով կիսվեց մեզ հետ.
– Չեմ կարծում, որ սա անկախ պատգամավորների դեմ է ուղղված, այլ ուղղված է, ըստ էության, նրան, որ փոքր կուսակցությունները կարողանան իրենց փոքր ռեսուրսներով ավելի շատ մանդատ ստանալ համամասնական ընտրակարգով, քան կարողանում են այսօր ստանալ: Պարզապես, եթե տեխնիկապես այսօրվա համակարգը փոխարինվի ամբողջական համամասնականի, այն խնդիրները, որոնք իրենք ներկայացնում են, չի լուծվի: Ասում են, որ օլիգարխներ են ընտրվում մեծամասնական ընտրակարգով, եւ այդ պատգամավորները վատ են աշխատում, քաղաքական մարդիկ չեն: Բայց այս խնդիրները չեն լուծվելու, որովհետեւ այդ մարդիկ հայտնվելու են համամասնական ցուցակներում, ունենալու ենք ավելի վատ վիճակ, որովհետեւ եթե մեծամասնական ընտրակարգը պահպանելու դեպքում վերջին հույսով, եթե բնակիչները համախմբվեին, կարող էին իրենց քվեարկությամբ փոխել իրադրությունը, ապա այս պարագայում նրանք մնալու են անհաղորդ` ձեւավորված ցուցակներից: Իսկ բոլորս էլ գիտենք` ինչպես են այդ ցուցակները ձեւավորվում` կուսակցության ղեկավարն ուղղակի նախընտրած մարդկանց դասավորում է ըստ առաջարկությունների: Եվ բացի այդ, եթե դուք անգամ ձայն եք տվել այսինչ մարդկանց համար X ցուցակին, հետագայում կարող են այդ մարդիկ չդառնալ պատգամավոր, որովհետեւ նրանց կարող են ստիպել ինքնաբացարկ տալ, եւ պատգամավոր դառնան այնպիսի մարդիկ, որոնց երբեւէ ձայն չէիք տա: Իսկ եթե խոսքը ռեյտինգային տարբերակի մասին է, քանի որ համամասնական ընտրակարգի 100 տարբերակ կա, դրանք կարելի է միգուցեեւ քննարկել: Ընդհանրապես, համամասնական ընտրակարգը որեւէ պարագայում չպետք է բացառի անկուսակցական մարդկանց մուտքը Ազգային ժողով: Իսկ այս պարագայում դա բացառվում է, որովհետեւ չես կարող չունենալ որեւէ կապ կուսակցությունների հետ եւ հայտնվել Ազգային ժողովում, ու դու անպայման պետք է կուսակցական ցուցանակ բռնես: Այս հարցի շուրջ իմ տեսլականը բոլորովին այլ է:
– Իսկ ո՞րն է Ձեզ համար ընդունելի ընտրակարգի տարբերակը:
– Ես առաջարկում եմ Հայաստանի տարածքը բաշխել 131 մեծամասնական ընտրատարածքների: Այսօրվա 1 մեծամասնական ընտրատարածքն ունի 60 հազար ընտրող, եւ եթե 131 ընտրատարածք լինի, այդ ընտրողների թիվը կնվազի, իսկ արդյունքում պատգամավորը կներկայացնի կոմպակտ տարածք ու բնակչություն: Նախ` հետադարձ կապը շատ արդյունավետ կպահպանվի, եւ երկրորդ` պատգամավորը չի կարող խուսափել այդքան մարդկանցից: Ըստ էության, կկարողանա արդյունավետորեն նրանց շահերը ներկայացնել, եւ այդ մարդիկ էլ կարող են արդյունավետ կերպով պնդել, որ իրենք ունեն ներկայացուցիչ: Այսօրվա եղած ընտրակարգով 60 հազար ընտրող նշանակում է 60 հազար 18 տարեկանից բարձր մարդ, հետեւաբար բնակչությունը ավելի մեծ է, եւ այդքան մարդու հետ միաժամանակյա անընդհատ կապ պահպանելը եւ աշխատանք տանելը դժվար է: Ես փորձում եմ դա իրականացնել, ինչքանով է ստացվում` չգիտեմ, բայց ամեն դեպքում իմ առաջարկը դա կլիներ, որը նաեւ Մեծ Բրիտանիայի փորձն է, որը նաեւ Միացյալ Նահանգներում է արդյունավետ կերպով իրականացվում: Յուրաքանչյուր մարդ գիտի, ով է իր ներկայացուցիչը խորհրդարանում եւ այդ ներկայացուցչի գրասենյակ կարող է զանգահարել, կապի մեջ լինել, խնդիրները բարձրաձայնել: Համամասնական ընտրակարգի պարագայում նախ կան կուսակցություններ, որտեղ ընդհանրապես պարզ չէ, թե՛ որոշումների կայացման մեթոդիկան, թե՛ գործընթացներն ինչպես են իրականացվում: Եվ երկրորդ` Հայաստանում գործող կուսակցությունները ժողովրդական ներքին համակարգեր չունեն, որոշումների կայացման գործընթացներն ամենեւին ժողովրդավարական եւ թափանցիկ չեն, ու այս առումով ունենալ 100 տոկոս համամասնական ընտրակարգ` նշանակում է ընդհանրապես ժողովրդի իշխանությունը վերցնել եւ տալ ինչ-որ քաղաքական ուժերի, որտեղ որ իսպառ ժողովրդավարության հետ լուրջ խնդիրներ կան` ներքին ընթացակարգերի եւ թափանցիկության հետ կապված: Եվ երրորդ` խոսվում է վստահության մասին, այստեղ էլ շատ լուրջ հարց կա, իսկ քաղաքացիները վստահո՞ւմ են քաղաքական կուսակցություններին: Ասում են` վստահություն չկա ընտրական համակարգի, մեծամասնական պատգամավորների նկատմամբ, մի հատ թող հարցում անեն, տեսնեն ժողովուրդը կուսակցություններին վստահո՞ւմ է, անկախ նրանից, թե ինչ է այդ կուսակցության անունը: Եվ այսօր առաջարկել` զուտ տեխնիկապես բերել մեծամասնական ընտրատարածքները զրոյացնել ու դարձնել 100 տոկոս համամասնական ընտրակարգ` ասելով, որ խնդիրները կլուծվեն, ուղղակի ֆանտազիայի ոլորտից է: Կրկնում եմ` այդ մարդիկ` գործարարները, օլիգարխները, հայտնվելու են կուսակցությունների ցուցակների անցողիկ տեղերում, ու բնական է, թե ինչ ճանապարհով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աղբյուր՝ iravunk.com

Բաժին: Մամուլ