Քաղաքացիների հաշիվները կալանքի տակ դնելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը

17/07/2014

Պարզվում է՝ միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում» Հանրապետական խմբակցության պատգամավորների նախաձեռնած փոփոխություններով չի լուծվի քաղաքացիների ֆինանսական հաշիվները գերատեսչությունների ու բանկերի կողմից կալանքի տակ առնելու խնդիրը: Անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում, որը, ինչպես նախորդը, նույնպես փոփոխվել է անցած տարի:

Հիշեցնենք, որ անցած տարի այս օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում հազարավոր քաղաքացիների ողջ բանկային հաշիվները գտնվում են կալանքի տակ՝ տրանսպորտային խախտումների արդյունքում ունեցած ընդամենը 10-20 հազար դրամի տուգանքների պատճառով: Ամիսներ շարունակ ՀՀ քաղաքացիները չէին կարողանում օգտվել իրենց հաշիվներում առկա գումարներից, քանի որ իրենց կատարած խախտումների մասին ծանուցումը ոստիկանությունից չեն ստացել: Որոշ դեպքերում՝ անգամ դիմելուց հետո էլ չեն կարողանում ստանալ՝ հասկանալու համար, թե ինչ խախտում են կատարել:

Եվ ահա, ՀՀԿ-ականներ Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը և Վահրամ Բաղդասարյանը որոշել են փոփոխություններ կատարել վերը նշված օրենքներից առաջինում, որպեսզի բանկերը կալանքի տակ դնեն ոչ թե քաղաքացիների հաշվեհամարում եղած ողջ գումարը, այլեւ տուգանքի չափը: Սակայն այս փոփոխությունը, կարծես, ամբողջությամբ չի լուծում խնդիրը՝ հատկապես քաղաքացիների սեփականության պաշտպանության առումով:

Ուստի այդ շարքից շրջանառության մեջ պատրաստվում է մի նախագիծ դնել նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում առաջարկությունն էլ վերաբերում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխությունների կատարմանը: Անցած տարի այս օրենքում կատարված փոփոխությունը սկիզբ է դարձել հակասահմանադրական գործընթացի, և վարչական ակտը միանգամից դարձել է անբողոքարկելի ու արտադատական ճանապարհով ազդում է անձի սեփականության իրավունքի վրա: Փաստորեն այդ օրենքը խախտում է մարդու սեփականության սահմանադրական իրավունքը:

Ըստ այդմ, արտադատական ճանապարհով անձը անգամ կարող է զրկվել սեփականության իրավունքից: Տվյալ դեպքում բանկերը, շրջանցելով դատական համակարգը և հիմք ընդունելով միայն Դատական ակտերի հարկադիր կատարման որոշումը, կալանքի տակ են առել իրենց մոտ գտնվող քաղաքացիների ողջ գումարը: Այդ փոփոխության արդյունքում մինչ այդ քաղաքացին ԴԱՀԿ-ի որոշումը կամ խախտում կատարելու հանգամանքը չի կարողանում վիճարկել դատարանում:

Էդմոն Մարուքյանը ցանկանում է օրենսդրական իր նախաձեռնությամբ վերականգնել քաղաքացու այդ իրավունքը: Ընդ որում, այս դեպքում խոսքը չի վերաբերում միայն խախտումներ կատարելու տուգանքը չվճարելու պատճառով բանկային հաշիվները կալանքի տակ առնելու իրողությանը: Այս հարցը կարող է առնչվել ամենատարբեր ոլորտների՝ սկսած հարկային ծառայություններից մինչև Ոստիկանություն:

«Այս պահին աշխատում ենք մի նախագծի վրա, որը կարգավորում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածը Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցը: Խնդիրը, մասնավորապես, կայանում է նրանում, որ առանց դատարան դիմելու՝ վարչական մարմինները նշված հոդվածի հիման վրա արգելադրում, իսկ այնուհետև բռնագանձում են անձանց սեփականությունը, ինչը հակասում է Սահմանադրության 31-րդ հոդվածին, որի ուժով, մինչդեռ, ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից՝ բացառությամբ դատական կարգով օրենքով նախատեսված դեպքերի:

Իսկ տվյալ նորմի կիրառմամբ ստեղծվել է մի իրավիճակ, երբ անձը կատարել է ենթադրյալ վարչական խախտում, ինչի մասին ծանուցվում է վարչական մարմնի կողմից, և ինչի համար պետք է վճարի տուգանք: Անգամ եթե անձը համաձայն չէ տուգանք նշանակելու որոշման հետ, սակայն չունի բավարար գիտելիքներ՝ իրավական տեսանկյունից հիմնավորելու իր դիրքորոշումն ու բողոքարկելու այդ ակտը, ոչ էլ փաստաբան վարձելու կամ իրավախորհրդատվություն ստանալու հնարավորություն (ընդ որում, նման գործերով փաստաբանի վարձատրության գումարը կարող է բազմապատիկ անգամ ավելին լինել, քան տուգանքի գումարը)»,- ասում է պատգամավորը:

Է. Մարուքյանի խոսքերով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի մեկ այլ՝ 71-րդ հոդվածի 1-ին մասով նշված ժամկետները լրանալուն պես այդ վարչական ակտը դառնում է անբողոքարկելի և նույն օրենքի 88-րդ հոդվածի ուժով ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

«Այսինքն՝ անձը զրկվում է սեփականությունից կամ արգելանք է դրվում նրա սեփականության վրա ոչ թե դատական, այլ արտադատական (վարչական) կարգով: Մեր առաջարկած նախագծով այդ հակասությունը վերացվում է»,- ասում է պատգամավորը:

Վերջինս նաև ավելացրեց, որ իր այս նախագիծն արդեն դնում է շրջանառության մեջ, և չի բացառվում, որ դրան միանան պատգամավորներ նաև ՀՀԿ խմբակցությունից:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ