Մարուքյան․ Հիմքեր կան ադրբեջանցի գեներալի դեմ հայց ներկայացնելու Միջազգային քրեական դատարան

09/08/2014

Ադրբեջանը որևէ նորմ չի պահպանում՝ անգամ միջազգային հումանիտար իրավունքի, ասում է ԱԺ պատգամավորը:

Լուրջ հիմքեր կան ադրբեջանական զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատար Ռովշան Աքպերովին ռազմական հանցագործության մեջ մեղադրելու և նրա դեմ Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու համար, այսօր «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Հայաստանը պետք է Կարեն Պետրոսյանի հետ տեղի ունեցած հարցը բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որից հետո հայց ներկայացվի Միջազգային քրեական դատարան, ինչպես որ տեղի ունեցավ նախկին Հարավսլավիայի դեպքերի ժամանակ»,- ասաց Էդմոն Մարուքյանը, ով Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի գծով, – «Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների պարագայում պետք է Միջազգային քրեական դատարան դիմել, և քանի որ սա անհատական դեպք չէ՝ սա պրակտիկա է, պետք է ապացուցել, որ սա պրակտիկա է և սա շարունակվում է, և դրա արդյունքում կարող են հարյուրավոր մարդիկ տուժել»:

Թե ինչու՞ հենց գեներալ-գնդապետ Ռովշան Աքպերովին պետք է պատասխանատվության կանչել Միջազգային քրեական դատարանում, մեր զրուցակիցն այսպես բացատրեց․ – «Ուղղակի զարմանում եմ նրանց վրա, որ իրենք իրենց ձեռքով ապացույց են մեզ տվել՝ տեսագրություն, որով մենք կարող ենք նրան պատասխանատվության կանչել: Տեսագրության մեջ երևում է, որ մարդուն խոշտանգելով փորձում են նրանից կորզել խոստովանություն առ այն, որ նա դիվերսանտ է և վերապատրաստվել է ինչ-որ մի տեղ: Եվ դա կատարվում է բարձրաստիճան զինվորականի ներկայությամբ և նրա հրահանգներով»:

Էդմոն Մարուքյանը շարունակեց՝ չպետք է սահմանափակվել Միջազգային քրեական դատարանով, քանի որ Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը, հրապարակված լուսանկարներն ու տեսանյութը հիմք են տալիս նաև Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ըստ Մարուքյանի, ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ գրանցված երկու գործ կա․ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Սարիբեկյանի գործը, ով 2010-ի հոկտեմբերին 5-ին՝ գերեվարվելուց մոտ մեկ ամիս անց, տանջամահ արվեց ադրբեջանական բանտում, և Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, ներկայումս 35-ամյա Արթուր Բադալյանի գործը, ով 2009-ի մայիսին Բերդ քաղաքի մոտ ընկած անտառներում սունկ հավաքելով մոլորվել էր, հայտնվել ադրբեջանական գերության մեջ և միայն 22 ամիս անց, փոխանակվելով ադրբեջանցի գերու հետ, վերադարձել հայրենիք:

Էդմոն Մարուքյանը, ով ներկայացնում է Բադալյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պատմեց․ – «Կոնկրետ Արթուր Բադալյանին սնունդ չեն տվել, չեն թողել, որ իր բնական կարիքները հոգա, անընդհատ նրա խցի դուռը զարկել են զինվորները, և այդ ձայներից նա ուղղակի հոգեկան ծանր վիճակում է հայտնվել և մինչև օրս բուժվում է: Ավելին՝ անընդհատ ծեծի է ենթարկվել, բռնությունների, էլեկտրաշոկի»:

Ազգային ժողովի պատգամավորի խոսքով, հստակ է՝ Մանվել Սարիբեկյանի, Արթուր Բադալյանի և Կարեն Պետրոսյանի պարագայում խախտվել են Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայի դրույթները․ – «Վերջին փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը որևէ նորմ չի պահպանում՝ անգամ միջազգային հումանիտար իրավունքի, և սա խստորեն պետք է դատապարտվի բոլոր միջազգային իրավապաշտպան և հումանիտար իրավունքով զբաղվող կազմակերպությունների կողմից»:

Աղբյուր՝ azatutyun.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ