Սաֆարովի միջազգային հետախուզումը` Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նախապայման
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Հունգարիայի և Հայաստանի Հանրապետության միջը դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու նախապայման-առաջարկ է արել: Նրա հոդվածն ամբողջությամբ կարդացեք ստորև.
Հայաստանի Հանրապետությունը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հանրապետության հետ:
Նշված դիվանագիտական քայլից հետո Հայաստանի Հանրապետությունը պետք է հստակ ներկայացնի թե ինչ պայմանների կատարման պարագայում կարող է քննարկել Հունգարիայի Հանրապետության հետ բարի դրացիական հարաբերությունների վերականգնման հարցը:
Կարծում եմ, որ նախապայմաններից մեկը պետք է լինի այն, որ Հունգարական կառավարությունը Ռամիլ Սաֆարովին հայտարարի միջազգային հետախուզում, որպես իր երկրի տարածքում հանցագործություն գործած և Հունգարական իրավասու դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված անձի, որն իր պատիժը չի կրել ոչ Հունգարիայում ոչ էլ այլ պետության տարածքում:
Այս պահանջը հիմնավորվում է նրանով, որ Ադրբեջանը խախտել է Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983 թվականի Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons), որի համաձայն կոնվենցիային անդամակցած կողմերից մեկը կարող է իր երկրի տարածքում դատապարտված անձին հանձնել մյուս կողմին, որպեսզի նա ընդունող երկրի տարածքում կրի պատիժը: Ընդունող կողմը պատժի կրումը կամ դրա փոփոխումը տնօրինում է իր երկրի իրավական և վարչական գործընթացների համաձայն:
Տվյալ պարագայում, Ադրբեջանի կողմից ընդունվել են կոնվենցիայի պայմանները, որի արդյունքում Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունը իրականացրել է Ռամիլ Սաֆարովի տեղափոխումն Ադրբեջան:
Կոնվենցիայի համաձայն` փոխանցելուց հետո պատժաչափը տնօրինվում է միայն այն պետության օրենսդրությամբ, որին հանձնվում է դատապարտյալը, սակայն ընդունող երկիրը պատիժն իրականացնելու պարագայում պետք է կաշկանդված լինի դատապարտող երկրի վճռի իրավական բնույթով և պատժաչափով:
Ադրբեջանի օրենսդրության համաձայն, այն հանցագործությունը, որի համար պատիժ էր սահմանվել Ռամիլ Սաֆարովին, այնպիսի հանցակազմ է պարունակում, որը, Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համաձայն, պատժվում է ցմահ ազատազրկմա մբ: Ցմահ դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման հարցը կարող է քննարկվել միայն այդ դատապարտյալի կողմից պատիժն առնվազն 10 տարի կրելուց հետո, սակայն այս դեպքում Ռամիլ Սաֆարովը ազատազրկման մեջ է սկսած 2004 թվականից:
Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 82.3-րդ հոդվածի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ներում շնորհել կարելի է միայն պատժաչափը 25 տարվա ազատազրկմամբ փոխարինելով։
Այսպիսով, Ադրբեջանը խախտել է ոչ միայն Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983 թվականի Ստրասբուրգի կոնվենցիան այլև իր ներքին օրենսդրությունը, որի արդյունքում անօրինական ազատության մեջ է հայտնվել ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանը:
Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_foreignpolicy_108825.html
Բաժին: Մամուլ