Խաղատներում խաղամոլներին օրական 5-10 տոկոսով պարտքով գումար են առաջարկում

05/09/2014

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Ալեքսանդր Արզումանյանի ներկայացրած «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրինագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու համար։ Նախագիծն առաջարկում է օրենքով այնպիսի մեխաիզմներ սահմանել, որ խաղամոլները կարողանան դիմել լիազոր մարմնին, տվյալ դեպքում՝ ֆինանսների նախարարությանը, և 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով սահմանափակել իրենց մուտքը խաղատուն։ Իսկ լիազոր մարմինը պարտավոր է Հայաստանի բոլոր խաղատներին տեղեկացնել այդ մասին։ Բացի այդ, օրինագիծն առաջարկում է ընդհանուր կարգուկանոն հաստատել դաշտում, օրինակ՝ արգելել մինչև 21 տարեկան անձանց մուտքը խաղատուն և այլն: Իսկ եթե խաղատունը խախտում է այդ պայմանը, պետք է պատասխանատվության ենթարկվի 300.000 դրամի չափով։

Պատգամավորի ասելով՝ իրենք նախաձեռնել են այս սահմանափակումները՝ ընդառաջ գնալով բազմաթիվ մարդկանց կամ ընտանիքների խնդրանքներին ու առաջարկներին: Նրա խոսքերով՝ խաղատների պատճառով բազմաթիվ ընտանիքներ ծանր կացության մեջ են հայտնվել: Նիստին ներկա պատգամավորները նաև հայտարարեցին, թե խաղատներում անգամ հատուկ մարդիկ են նստում, որոնք տանուլ տված հաճախորդին պարտքով գումար են առաջարկում, ընդ որում՝ շատ բարձր՝ օրական 5-10 տոկոսով։ «Դա հանցագործություն է, վաշխառություն»,- նկատեց նիստին ներկա ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

Եվ խաղամոլը, քանի որ պետք է նույն պահին խաղատանը վճարի տանուլ տված գումարը, ստիպված է լինում վերցնել բարձր տոկոսով առաջարկվող գումարը, ընկնել դրանից բխող ծանր հետևանքների տակ, շատ դեպքերում՝ կորցնել տունն ու ողջ հնարավորությունները, անգամ՝ ընտանիքը։ Պատգամավորների առաջարկած նախագիծն իհարկե չի կարգավորում այս երկրորդ խնդիրը, դա վաշխառություն է և քրեորեն հետապնդելի արարքը, որն իրավապահ մարմինների գործունեության դաշտում է: Իսկ առաջարկվող նախագծի հեղինակները կարծում են, որ իրենց օրինագիծն, այնուամենայնիվ, ինչ-որ կերպ կպաշտպանի մեր քաղաքացիներին խաղամոլությունից:

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: Մամուլ, Տեսանյութեր, Օրենսդրական նախաձեռնություններ