Պետք է կրճատել ուռճացված պետական սեկտորը. Էդմոն Մարուքյան

09/09/2014

«Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումից հետո պետք է այլ քայլեր ևս կատարվեն: Ժամանակն է, որ այսօրվա գործող կառավարությունը սկսի պետական հատվածի օպտիմալացման ծրագրեր իրականացնել և ուռճացված պետական սեկտորին կրճատել»,- այս մասին ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Կառավարությունը պետք է սկսի լուծարել անթիվ-անհամար պետական ոչ առևտրային կազմակերպություններն, անիմաստ գործող մարմինները և այդ տնտեսված գումարն ուղղել հասարակական այլ ուղղությունների զարգացմանը: Պետք է թեթևացնի հարկային բեռը, հնարավորություն ստեղծի բիզնես միջավայրի զարգացման համար»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ պետական սեկտորը նման ուռճացված ձևով չի կարող երկար գոյատևել, և սա որևէ կերպ արդարացված չէ նույնիսկ աշխատավարձերի բարձրացման տեսանկյունից:  Մարուքյանի խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինի կոռուպցիյաի դեմ պայքարը: «Աշխատավարձերի բարձրացման հիմնավորումներից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունն է եղել: Այսինքն, պետք է բարձր աշխատավարձեր վճարել, որպեսզի կոռուպցիա չլինի»,- ասել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Աղբյուր` Newsbook.am

Բաժին: Մամուլ