Խորապես հիասթափված եմ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունից. Էդմոն Մարուքյան

08/10/2014

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

– Պարոն Մարուքյան, նախատեսվում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրելու է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը: Եթե իսկապես ՀՀ-ն դառնա ԵՏՄ անդամ, ինչպե՞ս են կարգավորվելու Վրաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները: Չէ՞ որ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հիմնականում այդ երկրի տարածքով է անցնում, իսկ Վրաստանն էլ դառնում է եվրոպական տնտեսական տարածքի մաս և աշխատելու է տնտեսական այլ գոտում: Այս առումով ի՞նչ խնդիրներ է մեր երկիրն ունենալու:

 – Ես կարծում եմ, որ Վրաստանը գերտերություններից՝ Միացյալ Նահանգներից կամ Ռուսաստանից էլ կարևոր երկիր է մեզ համար: Եվ Վրաստանը դառնում է եվրոպական տնտեսական տարածքի մի մաս, Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միության տարածքի մի մաս: Այս տարածքները միմյանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել: Եթե պատժամիջոցներ են կիրառվում ՌԴ նկատմամբ, դա իր ազդեցությունն է ունենալու ԵՏՄ-ի վրա: ՌԴ-ի, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի տարածքներն այլևս համարվելու են ԵՏՄ տարածք: Մյուս կողմից` Վրաստանը պարտավոր է այդ պատժամիջոցներն իր տարածքում կիրառել, որովհետև դառնալու է եվրոպական տնտեսական տարածքի մի մաս և պարտավոր է կատարել Բրյուսելում կայացված որոշումները: Այս պարագայում մեզ մի բան է մխիթարում՝ Վրաստանի հետ ունենք դարավոր շատ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերություններ:

 – Այս օրերին Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովն է մեկնել Վրաստան: Դուք այդ հանձնաժողովի անդամ եք, եթե այդքան կարևորում եք մեր երկու երկրների հարաբերությունները, ինչո՞ւ Դուք էլ չեք մեկնել: Միգուցե Ձեր նշած հարցերի շուրջ էլ քննարկումներ կլինեին:

 – Պատվիրակության հետ չեմ գնացել, որովհետև տեղեկացված չեմ եղել, որ նման այց կա և նման հանդիպում ունենք:

 – Այսինքն` պատվիրակությունը գնացել է առանց բոլոր անդամներին տեղյակ պահելո՞ւ կամ հրավիրելո՞ւ:

 – Այո՛, պատվիրակությունը գնացել է առանց անդամներին տեղյակ պահելու: Գոնե ինձ տեղյակ չի պահել, ես նկարներով եմ տեսել, որ պատվիրակության անդամներն այնտեղ են և մամուլից տեղեկացա, որ այսօր Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովը նիստ է գումարում մեր այնտեղի գործընկերների հետ:

 – Իսկ ինչո՞ւ Ձեզ չեն հրավիրել:

– Ես որևէ տեղեկություն չունեմ, թե ինչու ինձ չեն հրավիրել, ես պատրաստվում եմ դա ճշտել: Բայց գիտեք, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պատգամավորների միջև կա խտրական վերաբերմունք, որը դրվում է ԱԺ ղեկավարության կողմից: Այսինքն` տարբեր այցերի ժամանակ հնարավորինս ներգրավվում են այնպիսի մարդիկ, ովքեր խմբակցություններ են ներկայացնում: Ես՝ որպես խմբակցություններում չընդգրկված պատգամավոր, առանց այդ էլ ներգրավված չեմ խորհրդարանական պատվիրակություններում, հանձնաժողովներում, խմբերում: Ես ընդգրկված եմ Հայաստան-Վրաստան հանձնաժողովում, բայց հանձնաժողովը մեկնում է Վրաստան հանդիպումների, ու հանձնաժողովի անդամը չի տեղեկացվում ու չի մասնակցում դրան: Այս խնդիրը ավելի շատ սրվել է ԱԺ ղեկավարության փոփոխությունից հետո, որովհետև այն ժամանակ նման խնդիր չի եղել: Ավելին ասեմ` խորհրդարանական դիվանագիտության հետ կապված ինձ մոտ շատ լուրջ հիասթափություն կա: Այս 2,5 տարվա աշխատանքից հետո տպավորություն ունեմ, որ երիտասարդ, լեզուներ իմացող սերնդի պոտենցիալը, որ հնարավոր է խորհրդարանում օգտագործել, չի օգտագործվում: Նշանակություն չունի, թե այդ մարդիկ որ խմբակցությունից են:

 – Միգուցե երիտասարդ պատգամավորական փորձը չի՞ բավարարում:

– Ի՞նչ է նշանակում պատգամավորական փորձ: Դա նախագծերո՞վ է հաշվվում, թե՞ տարիներով:

– Տարիների աշխատանքը, ի վերջո, փորձառություն է:

– Ամեն դեպքում այդ մարդկանց ներուժը չօգտագործելով՝ խորհրդարանական դիվանագիտության արդյունքները չեն երևում: Այնպես չէ, որ դուք առաջին գումարման պատգամավոր եք և իրավունք չունեք մասնակցելու խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներին, ձեզ պետք չի ուղարկել Եվրախորհուրդ, պետք չի ուղարկել Եվրամիություն:

 – Այսինքն` սերունդների ոչ համերաշխության խնդի՞ր կա:

– Սերնդափոխության հարցեր կան: Հարցեր կան, որ մեր պետականաշինությանն են խանգարում:

– Ավագ սերնդի ներկայացուցիչները չե՞ն հանդուրժում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին:

– Չեմ կարող ասել, բայց իրականում ունենք այն, ինչ ես ասացի: Ես կարծում եմ, որ եթե մարդ ունի պոտենցիալ և ամբիցիաներ, ապա նրա առաջընթացին դժվար է խոչընդոտել` անկախ այն հանգամանքից, թե նա որ սերնդից է, և ով է ուզում խոչընդոտել: Ուղղակի սրանք պրիմիտիվ մեթոդներ են: Եթե այս նիստերին մասնակից չդարձնելը կամ ինչ-որ կերպ խտրական վերաբերմունք ցուցաբերելը ճնշման մեթոդ է, ապա ես պետք է ասեմ, որ սա պարզունակ մեթոդ է:

– Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում ընդունվեց «ԼՂՀ-ում և Ադրբեջանում բռնությունների ահագնացումը» անվանումը կրող մի բանաձև, որը Հայաստանի պատվիրակները չկարողացան ձախողել: Ձեր կարծիքով` մեր պատվիրակությունը կարո՞ղ էր կանխել թեկուզ բանաձևի վերնագրի հաստատումը:

– Ես կարծում եմ, որ դա միայն պատվիրակության խնդիրը չէ: Մենք այնտեղ դեսպան ունենք, կազմակերպություններ կան, որ մեզ աջակցում են, բարեկամական պատգամավորներ, խմբեր կան, և այդ բոլորը, ինչպես նաև պատվիրակությունը, պետք է միասին աշխատեին ու այնպես անեին, որ հարցը չհասներ այդ փուլին: Այսինքն` այնպիսի աշխատանք տարվեր, որ դրա դեմն առնվեր: Կամ լավագույն դեպքում, գոնե զեկույցն այդ վերնագրով չլիներ, ինչ-որ անշառ տարբերակ լիներ:

– Այս դեպքում միգուցե իսկապես ադրբեջանական խավիարը կամ գումարները մեծ դեր են խաղացել, ինչպես ներկայացնում են Հայաստանի գործիչները:

– Անընդհատ դա ասվում է՝ ադրբեջանական խավիարը, փողերը: Այո, դա կա, այդ լոբբինգը կա: Կա նաև կաշառք տալու և իրենց լոբբինգով զբաղեցնելու արատավոր պրակտիկան, որն արդեն ավանդույթ է դառնում եվրոպական որոշ կառույցներում: Բայց ամեն ինչ բարդել խավիարի վրա, կարծում եմ, անարդար է: Այսինքն` մենք լավ էինք աշխատում, բայց որ ադրբեջանցիները կաշառում են, դրա համար մեր գործերը վատ են գնում: Պետք է մտածել, թե մեր ընդհանուր դիվանագիտական կորպուսը ի՞նչ վիճակում է գտնվում և դրանից հետևություններ անել:

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Տեսանյութեր