Հայաստանը գնալով վեր է ածվում մայրաքաղաք պետության…

14/10/2014

Հայաստանը գնալով վեր է ածվում մայրաքաղաք պետության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Այս օրերին վանաձորցու հայացքով ու տեսանկյունից հետևում էի Էրեբունի-Երևանի տոնակատարությանը և այնպիսի տպավորություն ստացա, որ մեր մյուս քաղաքներն ու գյուղերը այնքան լավ վիճակում են, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ նման ճոխություն` այն էլ ամեն տարի: Հայաստանում առանց այդ էլ պետական միջոցները անարդար են բաշխված և ինչքան շատ ենք խոսում ապակենտրոնացման մասին այնքան ավելի շատ է ամեն բան կենտրոնացվում: Էրեբունի-Երևան տոնակատարության կամ Երևանի վրա անընդհատ ծախսվող այլ գումարները տնտեսելով կարելի է ամեն տարի մի քաղաք բարեկարգել:

Օրինակ այս տարի կարելի էր դա սկսել Գյումրի քաղաքի ինչ-որ հատված բարեկարգելով, այնուհետև Վանաձոր և մեր մյուս հյուսիսային և հարավային քաղաքները: Բոլորս էլ հասկանում ենք, որ Երևանը ավելի շատ փող է հավաքում, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է միջամտի և հավասարապես բաշխի երկրի ռեսուրսները, որպեսզի համաչափ տարածքային զարգացում լինի: Սա նույնն է, որ ընտանիքում ամուսինն աշխատի և չաշխատող կնոջ ու երեխաների համար ոչինչ չգնի այլ ամբողջ գումարն իր վրա ծախսի պատճառաբանելով, որ ընտանիքում միայն ինքն է աշխատում մինչդեռ կինն էլ երեխաներին է խնամում և այլ տնային գործառույթներ իրականացնում: Կարծում եմ, այսպես եթե շարունակվի, մենք կունենանք մի պետություն, որը մայրաքաղաք է` անունն էլ Երևան…»:

 Աղբյուր՝ http://life.panorama.am/

Բաժին: Մամուլ