Արևմուտքի հետ մեր հարաբերություններն այլևս պայմանավորված են լինելու ԵՏՄ-ի մոտեցումներով
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է:
– Պարոն Մարուքյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները չվավերացնեն Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը:
– Այո, կա նման հնարավորություն, որ հատկապես Ղազախստանի պառլամենտում ինչ-որ կերպ չվավերացվի: Չեմ բացառում, որ նաև Բելառուսի խորհրդարանում չվավերացվի: Մյուս կողմից էլ, հասկանալով այդ պետությունների կառուցվածքը, որ եթե նախագահը մի բան ստորագրել է, ապա դա շատ արագ կարող է ընդունվել նաև խորհրդարանի մակարդակով, համոզմունք ունեմ, որ խնդիր չի կարող լինել: Եթե, իհարկե, արհեստական ցանկություն չլինի, որ ձգձգեն Հայաստանի անդամակցությունը, խորհրդարաններում այն կվավերացվի: Իսկ եթե արհեստական ցանկություն լինի` խորհրդարաններին պատճառ բերել և ասել, թե դժվար են քննարկումները, նրանք որոշակի պայմաններ են առաջադրում, դա կարող է լինել հիմք, որ վավերացումը ձգձգվի: Բայց քանի որ արդեն ստորագրել են, և որոշակի փոխզիջումների հարցեր են քննարկվել, որից ես այս պահին տեղյակ չեմ, ինձ թվում է՝ պետք է որ խորհրդարաններով արագ անցնի:
– Մինսկում փոխզիջումների մասին խոսեց Նութսուլթան Նազարբաևը: Կարծում եք, որ խոսքը Հայաստանի և Արցախի միջի մաքսակետ դնելո՞ւ մասին է:
– Որևէ տեղեկություն չունեմ և չեմ կարող գուշակություններ անել: Այդ հարցը պատգամավորների կողմից բարձրացվել է նաև ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովում: Դրա վերաբերյալ քննարկումներ դեռ կլինեն, և պարզ կլինի, թե ինչ փոխզիջումների մասին է խոսք գնում:
– Հայաստանին 800-900 անուն ապրանքների համար մի քանի տարով մաքսային տուրքերի վճարման արտոնություն է տրվել: Այս հանգամանքը չի՞ կարող որոշակիորեն փոխհատուցել ԵՏՄ-ին անդամակցելու կորուստները:
– Եթե չեմ սխալվում, մինչև 2018թ. ժամկետ էր նշված, և փուլ առ փուլ էր ուժի մեջ են մտնելու այդ ապրանքատեսակների բարձր մաքսատուրքերի պայմանը: Հետևաբար՝ այդ ապրանքները փուլ առ փուլ են թանկանալու Հայաստանում: Մյուս կողմից, նաև պետք է հաշվի առնենք մեկ այլ հանգամանք. քանի որ մաքսատուրքի արտոնությունը փուլ առ փուլ հանելու պայմայն է սահմանված Հայաստանի համար, նույնչափ էլ պակաս է լինելու ԵՏՄ-ից մեր ստանալիք գումարի չափը: Որքան արտոնությունները վերանան, այնքան տրվող գումարը կավելանա: Իսկ այս պահին մեզ բաժին հասնող այդ 1,13 տոկոսը հաշվարկված է` հաշվի առնելով այդ արտոնությունները: Բայց ամբողջ մտահոգությունն այն է, որ եթե մեր եկամուտները չավելանան, բայց ապրանքները թանկանան, տնտեսական լուրջ խնդիրներ կառաջանան:
– Հաշվարկ է ներկայացվել, որ այդ 1,13 տոկոսը մոտ 300 մլն դոլար է, որը ԵՏՄ-ի մաքսատուրքերից բաժին է հասնելու Հայաստանին: Մինչդեռ այսօր մեր երկրում այդ ցուցանիշը մոտ 100 մլն է: Այսինքն այս առումով Հայաստանը շահելու է:
– Ես ինքս ԵՏՄ-ի մեծ ջատագովը չեմ և մինչև իրական կյանքում դրա ականատեսը չլինեմ, չեմ կարող ոչինչ ասել: Ես ելնում եմ այսօր առկա փորձագիտական եզրակացություններից: Խնդիր կա հասկանալու, թե որն է ավելի օբյեկտիվ. մենք չենք կարողանում իրապես հասկանալ, թե ինչ շահ ենք ունենալու: Մյուս հարցն էլ այն է, որ պայմանագիրը կարող է հակասություններ ունենալ ՀՀ Սահմանադրության հետ: Եվ երբ ՍԴ-ի որոշումից հետո գա խորհրդարան, այն ժամանակ կխոսենք այդ մասին:
– Արդյո՞ք ԵԽԽՎ-ում և եվրոպական այլ կառույցներում ոչ հայամետ վերջին դրսևորումները արդյունք են այն իրողության, որ Հայաստանն անցած տարի հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը և արտաքին այլ կողմնորոշում ընտրեց:
– Կարող է և դրա արդյունքը լինել, նաև այն բանի, որ Ղրիմի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումները համընկան Ռուսաստանի դիրքորոշումների հետ: Միջազգային կառույցներում ընդհանուր հակառուսական տրամադրվածություն կա, և դա իր ազդեցությունն է ունենում Հայաստանի վրա: Եվրոպայի խորհրդում ժամանակին այնքան էլ հեշտ չէր Հայաստանի դեմ բանաձևեր ընդունելը, բայց այսօր Ադրբեջանի լոբբիստների գործը հեշտացել է, որովհետև նրանք կարող են եվրոպական պատգամավորներին համոզել՝ տեսնում եք, Հայաստանը Ղրիմի քվեարկության ժամանակ ՌԴ-ի նման քվեարկեց: Այսինքն, ՌԴ-ի նկատմամբ ստեղծված բացասական վերաբերմունքը միանշանակ իր ազդեցությունն է ունենում ՀՀ-ին վերաբերող հարցերի քննարկումների ժամանակ:
– Արևմուտքի պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանում իրավիճակը կտրուկ վատանում է, իսկ Հայաստանն իր թե անվտանգությունը, թե տնտեսական զարգացումը կապել է այդ երկրի հետ: Նման պայմաններում ի՞նչ հեռանկար է սպասվում Հայաստանին:
– Այնպես չէ, որ մենք ՌԴ-ի հետ այդպիսի կապ ենք ունենալու ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում, այդ կապը եղել է անկախության տարիներից ի վեր: Պարզապես այս պահին եղած ամենամեծ մտահոգությունն այն է, որ հանկարծ այդ պատժամիջոցները չտարածվեն նաև Հայաստանի վրա: Այդ պատժամիջոցները կիրառվում են ՌԴ-ի դեմ, իսկ ՌԴ-ի տարածքը տնտեսական առումով այլևս համարվելու է ԵՏՄ-ի տարածք, ու ՀՀ-ն դառնում է այդ տարածքի մի մասը: Եվ իմ մտահոգությունն այն է, որ Հայաստանը չընկնի այդ պատժամիջոցների տակ: Իսկ արևմուտքի հետ մեր հարաբերություններն այլևս պայմանավորված են լինելու ԵՏՄ-ի մոտեցումներով, քանի որ տնտեսական առումով այդ կառույցը պետք է բանակցի մեր բոլորի անունից: Որևէ երկրի հետ ազատ առևտրի վերաբերյալ այլևս չենք կարողանա բանակցել:
Աղբյուր՝ parliamentmonitoring.am
Բաժին: Հարցազրույցներ