Էդմոն Մարուքյանը ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրում է ՀՀ-ում մարդու իրավունքերն ոտնահարող լուրջ խնդիրների վրա
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խոսելով «2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցի մասին, ասաց, որ նախորդի համեմատ սա առաջընթաց է արձանագրել`ճիշտ կազմված և համապարփակ զեկույց է:
Նրա խոսքով`եթե Անդրեասյանի ելույթի նպատակը ԱԺ-ին սադրելը և զոհի կարգավիճակ ձեռք բերելն էր, ապա ստացվել է: Մարուքյանը կոչ արեց ՄԻՊ-ին հասկանալ`ԱԺ աջակցության կարիքն ունի, թե ոչ, այլապես աջակցություն է խնդրում, երբ ուզում են օգնել, մերժում է, հետո նորից ԱԺ-ին դիմում օգնության խնդրանքով:
Մարուքյանը նաև նշեց, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը մատչելի պաշտոնյա լինելու խնդիր ունի. նա սովորաբար հասանելի չէ այն անձանց, որոնք իր օգնության կարիքն ունեն:
Խոսելով զեկույցի մասին`Մարուքյանը նշեց, որ, օրինակ, գլխավոր դատախազության աշխատանքները գնահատելիս նշվում է, որ 360-ից ավելի դեպքերով ոչինչ չի ձեռնարկվել: Բայց մարդու իրավունքների խախտման մասին ՄԻՊ որոշումը հիմնված է մի դեպքի վրա, որի հիմքում ամուսինների վեճն է:
« Այնպիսի գործերով պետք է մարդու իրավունքների խախտումներն արձանագրեք, որ որևէ մեկը չկարողանա ձեզ հետ բանավիճել: Նշում եք, որ դատախազությունը 363 դեպքերի առնչությամբ ոչինչ չի ձեռնարկել, բայց մարդու իրավունքների խախտում արձանագրում եք ամուսինների միջև տեղի ունեցած վեճով : Դա ավելի շուտ գովասանք է դատախազության հասցեին, եթե գլխավոր դատախազության գործունեության մեջ այլ խախտում չի արձանագրվել, քան նշվածը»,- ասաց Մարուքյանը:
Նա նաև հուշում տվեց Անդրեասյանին, թե ինչ խնդրի վրա կարող է կենտրոնացնել ուշադրությունը, այն է, քրեակատարողական հիմնարկներում գործող անկախ հանձնաժողովներին, որոնք զանգվածայնորեն խախտում են մարդկանց իրավունքները`անհիմն մերժելով պայմանական վաղաժամկետ ազատման դիմումները:
« Այս հարցը լուծման կարիք ունի, պետք է բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, այլ բազայի վրա պետք է գործել, նման հանձնաժողովներ պետք է չլինեն»,- կարծում է Մարուքյանը:
Աղբյուր՝ ankakh.com