Ալասանիայի բարձր հեղինակությունը կնպաստի Վրաստանում ընդդիմադիր բևեռի հզորացմանը
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, Հայաստան-Վրաստան պատգամավորական խմբի անդամ Էդմոն Մարուքյանը:
– Ինչպե՞ս կգնահատեք վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես՝ պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացնելը, որին հաջորդեց արտգործնախարարի հրաժարականը: Ի՞նչ է կատարվում Վրաստանում, հնարավո՞ր է, որ քաղաքական ճգնաժամ է, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ:
– Վրաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է: Բազմիցս նշել եմ, որ այն նույնիսկ շատ ավելի կարևոր երկիր է մեզ համար, քան գերտերությունները՝ Ռուսաստան, ԱՄՆ, որոնց հետ մենք շատ լուրջ ու խորը հարաբերություններ ունենք, որովհետև մեզ համար միակ ցամաքային տարածքն է՝ ուղևորափոխադրումների և տարբեր տեսակի ապրանքների ներմուծման ու արտահանման համար: Հետևաբար մեզ որևէ ապակայունացում, խժդժություն ձեռնտու չեն: Ես չէի ասի, թե Վրաստանում ճգնաժամ է: Իմ կարծիքով՝ քաղաքական դաշտում տեղի են ունենում որոշակի վերադասավորումներ: Հնարավոր է, որ այդ վերադասավորումները կապված են այն հակասությունների հետ, որ «Վրացական երազանքը» բաղկացած է խայտաբղետ ուժերից, և վաղ թե ուշ վերադասավորումներ պետք է տեղի ունենային, և հիմա դա տեղի է ունենում: Ալասանիայի ղեկավարած կուսակցության հնարավոր դուրս գալը «Վրացական երազանքից» կբերի նրան, որ վրացական խորհրդարանում «Վրացական երազանքը» չի ունենա համապատասխան մանդատներ, որով կկարողանա ցանկացած օրենք անցկացնել կամ արգելափակել ցանկացած հարց: «Վրացական երազանքի» առաջնորդները պետք է փորձեն նոր կոալիցիա ձևավորել արտախորհրդարանական կամ խորհրդարանական ուժերի հետ, որոնք որ ընդգրկված չեն կոալիցիայում:
Բնականաբար, կսկսվի ընդդիմադիր բևեռի հզորացում, քանի որ Ալասանիան լուրջ հեղինակություն ունի Վրաստանում և, ըստ էության, դուրս է գալիս վրացական իշխանությունների, «Վրացական երազանքի» դեմ: Սրան կգումարվի նաև Սաակաշվիլիի այն հայտարարությունը, որ նա վերադառնում է մեծ քաղաքականություն և Վրաստանը պետք է փրկի այս իրավիճակից՝ ինչպես ինքն է ասել:
Ինձ համար անակնկալ չէր, որ Սաակաշվիլին ինչ-որ պահի վերադառնալու է: Այսինքն՝ նա թողել էր ամեն բան՝ սպասելով, որ հասարակական դժգոհությունը ինչ-որ մակարդակի հասնի, և ինքը փորձի օգտվել այդ դժգոհությունից: Կարծում եմ՝ Սաակաշվիլին և ուժեղացող վրացական ընդդիմությունը կհայտնվեն նույն բևեռում՝ ընդդեմ «Վրացական երազանքի»:
– Որքանո՞վ կարող է սա պայմանավորված լինել ներքաղաքական և որքանո՞վ՝ արտաքին քաղաքական գործոններով, որովհետև Ալասանիան ասում էր, որ այստեղ կարծես լինի ռուսական գործոնը:
– Որևէ բան չի կարելի բացառել: Ըստ էության ասեմ, որ Իվանիշվիլիի և նրա թիմի՝ իշխանության գալուց հետո անընդհատ խոսվում էր, որ դա ռուսական ուժերի ազդեցության արդյունք է: Բայց ատաքին քաղաքականության կողմնորոշման առումով որևէ փոփոխություն տեղի չունեցավ, դրա համար ես այդքան էլ լուրջ չէի ընդունում դա: Նրանց գալուց հետո եվրաինտեգրումը հետևողական կերպով շարունակվեց, Ասոցացման պայմանագիրը ստորագրվեց, բանակցությունները շարունակվում են, առկա է ազատ վիզային ռեժիմ՝ խորը և համապարփակ առևտրի հետ կապված: Մյուս մասով ՆԱՏՕ-ի ինտեգրումն է, քանի որ Վրաստանը շարունակում է հայտարարել, որ ցանկանում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին, և դա համարում է իր անվտանգության հիմնական երաշխիքը: Ես լուրջ չեմ ընդունում, որ ռուսական գործոն կա այստեղ, որովհետև դրա արդյունքում պետք էր ակնկալել արտաքին քաղաքականության փոփոխություն, եթե ոչ՝ ամբողջական, ապա որոշակի:
Ավելին՝ տեսանյութում
Աղբյուր՝ 1in.am
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Տեսանյութեր