Համայնքների դոտացիաների բաշխումն իրականացվում է անարդար կերպով. Է. Մարուքյան

17/11/2014

Համայնքների դոտացիաների բաշխումն իրականացվում է անարդար կերպով, ԱԺ արտահերթ նիստին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանն ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

Ըստ նրա, սխալ է մարդկանց քանակով չափորոշիչ սահմանել, քանի որ շատ գումար հատկացնելով շատ բնակչություն ունեցող համայնքին՝ դրանով կեցության պայմանները բարելավում են և ապահովում ներքին արտահոսք դեպի այդ համայնքներ: Մինչդեռ քիչ թվաքանակով բնակչություն ունեցող համայնքներ քիչ դոտացիաներ փոխանցելով՝ ավելի ու ավելի վատացնում են պայմանները:
«Սկզբունքը շատ պարզ է, եթե քիչ մարդ կա, ուրեմն հողերը քիչ են մշակվում, իսկ եթե քիչ են մշակվում, ուրեմն հարկերը քիչ են վճարում, արդյունքում սկսում ենք դոտացիաները նվազեցնել։ Հիմա ի՞նչ մեղք ունի համայնքապետը, որ քիչ է հարկ հավաքում, սա սխալ է»,-ասաց նա և ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց, թե իր՝ բազմիցս բարձրացված այս հարցի շուրջ Կառավարությունում արդյո՞ք կա քննարկում:
«Ես ձեր փոխարեն անարդար բաշխում չէի օգտագործի, դոտացիաների բաշխումը տեղի է ունենում օրենքի համաձայն, իսկ օրենքի անարդար լինելը սխալ է, քանի դեռ այդ օրենքը գործում է»,-հակադարձեց փոխնախարարը և հավելեց, որ այո բավական երկար ժամանակ է խոսվում այդ մասին և Կառավարությունը մշակել է համահարթեցման մասին նոր օրենք, և այդ բոլոր խնդիրները հաշվի են առնվել:

 

«Այո, ֆինանսական համահարթեցման մասին օրենքն ունի թերություններ և կիսում եմ ձեր դիտարկումը, ճիշտ է հարցադրումը, բայց այսօրվա հարցի հետ դա կապ չունի: Հիմա այստեղ ընդամենը տեխնիկական խնդիր է լուծվում, անարդարություն է, դաժանություն է, թե ինչ է, այս օրենքում որևէ փորձ չկա, սրա միակ ճանապարհը նոր օրենքի ընդունումն է»,-ասաց նա:

 

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Մամուլ