Էդմոն Մարուքյանը. «Ընդունվեց մերժված նախագիծը, քաղաքացիների վրա նոր բեռ են դնում»

19/12/2014

Օրերս ԱԺ-ն ընդունեց «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթ: Այդ փաթեթի հետ կապված պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեին, որ այն պարունակում է հակասահմանադրական կետեր: Ըստ օրենքի, արդեն սահմանվել է մի շեմ՝ 200 հազար դրամ, որից բարձր  տուգանքների բռնագանձումները կատարվելու են դատական կարգով, մինչ այս գործող օրենքով ԴԱՀԿ-ն կարող էր առանց դատարանի որոշման կալանք դնել անձի գույքի եւ հաշիվների վրա անգամ 5000 դրամ տուգանքի համար: Ուստի նոր ընդունած օրենքը, կարելի է ասել, քայլ առաջ է, բայց այն, միեւնույն է, խախտում է Սահմանադրությունը: Այդպիսի համոզմունք ունի, պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սեփականության իրավունքը պաշտպանված է Սահմանադրությամբ: Սահմանադրությունն ասում է, որ սեփականազրկում կարող է տեղի ունենալ միայն դատական կարգով, այն էլ՝ օրենքով սահմանված դեպքերում: Հիմա իրենք բերեցին փոխեցին օրենքը եւ ասում են՝ մինչեւ 200 հազար դրամ տուգանքն առանց դատարանների սեփականազրկենք, դրանից բարձրը՝ դատարաններով: Ես էլ ասում եմ, որ դա հակասահմանադրական է: Բայց այդ հակասահմանադրականի հարցը շատ է շահարկվել, ասում են՝ եթե հակասահմանադրական է, դիմեք դատարան, դրա համար ես այլ փաստարկներ եմ բերում, որոնք նվազ ծանրակշիռ չեն, քան սահմանադրականության հարցը: Օրինակ, այս օրենքով քաղաքացիների վրա բեռ է դրվում: Նախկինում վարչական մարմինն էր դիմում դատարան, որ հիմնավորի, նոր բռնագանձի: Եթե ինքը պարտվեր, կրում էր նաեւ դատական ծախսերը: Հիմա իրենք ասում են՝ ժամանակ ենք տալիս, թող դիմի դատարան: Դիմեցիր՝ դիմեցիր, եթե չդիմեցիր, ուժի մեջ մտավ, առանց դատարանի ԴԱՀԿ-ի կողմից գնում է ի կատար ածվելու: Այստեղ խախտվում են անձի մի շարք իրավունքներ, նաեւ անհարկի բեռ է դրվում քաղաքացու վրա»: Ըստ Էդմոն Մարուքյանի, քաղաքացին մեր պայմաններում, այս ցածր իրավագիտակցությամբ, պատկերացրեք, պետք է գնա մարզկենտրոն, որ դիմի վարչական դատարան: Եթե հանրապետությունում չեղավ, կալանքն ուժի մեջ է մտնելու եւ գնալու են բռնագանձեն: Անձը հնարավորություն չի ունենալու իր փաստարկները ներկայացնել: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Վճարման կարգադրությունների ինստիտուտը որ վերացվեց՝ դա շատ լավ էր: Բայց դրա փոխարեն ներդրել են այս ինստիտուտը, որ առանց դատարանի բռնագանձում են անում, դա, կարծում եմ, անընդունելի է: Պետք է կամք լինի, որ այն փոխենք: Իրենք իրենց վրայի մեծ բեռն ուզում են դնեն քաղաքացու վրա: Ունեն իրավաբանական  վարչություններ, ասում եմ՝ մի բան է դուք այդ բեռը կրեք, մի բան է դա դնեք քաղաքացու վրա, որը չունի այդ հնարավորությունները, ինչ ունի ցանկացած վարչական մարմին: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, կրկին անգամ ընդունվեց մերժված նախագիծը»: Էդմոն Մարուքյանը պատրաստվում է նոր նախագիծ ներկայացնել, որտեղ կփարատվեն այս բոլոր մտահոգությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Մամուլ