Հովհարային անջատումներ, 90-ական թվականներ. Ռոբերտ Նազարյանը խոստովանում է, որ ՀԷՑ-ը ծանր վիճակի մեջ է

24/02/2015

«Այո, այսօր ՀԷՑ-ում կան ֆինանսական լուրջ խնդիրներ, որոնք պայմանավորված են տարբեր հարցերով: Առաջինը՝ նրանք վերցրել են  ժամանակին վարկեր կարճաժամկետ, որոնք, մեր լեզվով ասած՝ լավ վարկեր չեն եղել: Դրանց սպասարկման հետ կապված խնդիրներ կան: Բացի դրանից կա նաեւ մեր՝ հանձնաժողովի մեղքը: 2012-2013-ին եւ 2013-14-ին մեր էլեկտրաէներգիայի արտադրության բալանսը, երբ կանխատեսումներ էինք անում եւ սակագների հաշվարկման հիմքում էինք դնում, չպահպանվեց այդ բալանսը: 2012-ին սակավաջուր տարի եղավ, բացի դրանից ատոմակայանը չնախատեսված 88 օր չաշխատեց եւ մենք ստիպված եղանք ավելի թանկ էլեկտրաէներգիա արտադրող կայաններից նրա արտադրած էլեկտրաէներգիան գնել: Արդյունքում՝ 22 մլրդ 600 մլն դրամի չնախատեսված վնաս կրեց ցանցերը: Այսօր ցանցը հայտնվել է վատ վիճակի մեջ»,- այսօր ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ այսպիսի խոստովանություն արեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Սա բարկացրեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Նրա խոսքերով՝ «Անցյալ տարի էլեկտրաէներգիան թանկացրեցին, եւ դա հիմնավորվում էր այսպես՝ ՀԷՑ-երում կա վատ կառավարում, ֆինանսական ծանր վիճակ, ճգնաժամ: Դուք ասացիք, որ վատ վարկեր են վերցրել, սպասարկման հետ կապված խնդիրներ կան: Էներգետիկայի նախարարն ինձ ասաց, որ առողջացման ծրագիր են մշակում: Ես գիտեմ, որ առողջացման ծրագիր են անում այն ժամանակ, երբ մոտավորապես սնանկության վարույթ է լինում: Այսինքն, ՀԷՑ-երի վիճակը շատ վատ է, որի պատճառով էներգետիկ անվտանգության խնդիր կա: Հիմա ուզում եմ հասկանալ, որ տարիներով վատ է կառավարվել, եղել են վնասներ, կորուստներ, կեղծ ներդրումներ, դա ձեր հանձնաժողովով անցել է: Հետո  ասում եք՝ հարգելի քաղաքացիներ, քանի որ վատ կառավարում է եղել, դրա համար պետք է էլեկտրաէներգիան թանկացնենք, փրկենք ՀԷՑ-երը, թե չէ էներգետիկ անվտանգության խնդիր կունենանք: ՀՀ հարկատուները հարցնում են՝ հա լավ, բա մենք այդ հանձնաժողովն ինչի՞ ենք պահում, որտե՞ղ է եղել հանձնաժողովի վերահսկողական ֆունկցիան, ինչո՞վ է զբաղված եղել այդ վատ կառավարման տարիներին, վատ վարկերը վերցնելու ժամանակ, որ հասցրել եք  այդ մակարդակին ու ասում եք՝ ժողովուրդ ջան, պետք է անպայման թանկացնենք, եթե ոչ՝ կլինեն հովհարային անջատումներ, 90-ական թվականները եւ այլն»: Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ դա շատ ցավոտ հարց է: Ըստ նրա, եթե ասում են, որ ՀԷՑ-ը վատ վիճակի մեջ է, դա դեռ չի նշանակում, որ այդ վատ վիճակն ամբողջությամբ պետք  է փոխհատուցենք: Նա սկսեց բացատրել, որ երկար տարիներ է, ինչ հանձնաժողովում աշխատում է, եւ առաջին դեպքն է, որ չնախատեսված ատոմակայանը 88 օր կանգնել է, դա չէին կարող կանխատեսել. «Ես մասնագետ չեմ եւ չեմ կարող պատճառներն ասել, բայց գիտենք, որ պայթունավտանգ կառույց է: Այո, ես գտնում եմ, որ մեր հանձնաժողովը պետք է ձեռքը միշտ պուլսի վրա պահի, բայց այս հարցերը, որ առաջացան,. Ցավոք, մի քիչ էլ ֆորս-մաժորային են»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Մամուլ