Էդմոն Մարուքյանը պահանջում է ընդդիմության հրաժարականը. «Պետք է հեռանա՛ք, դաշտը մաքրվի»

23/02/2015

Այսօր Աժ-ում եռյակի հրավիրած արտահերթ նիստի ժամանակ քննարկվում է Հայաստանում կառավարման ճգնաժամի հարցը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այնպիսի ելույթ ունեցավ, որ արժանացավ ծափերի: Ըստ նրա, պետական ապարատը աշխատում է, լավ թե վատ՝ կապ չունի. «Խոսքը քաղաքական ճգնաժամի մասին է, դուք գրել եք կառավարման ճգնաժամ: դուք ոչ մի բան չեք առաջարկում, ուղղակի ուզում եք քննարկվի հարցը: Կոռուպցիա կա, որի դեմ պայքարը բավարար չէ, մոնոպոլիաներ կան Հայաստանում: Այս ամեն ինչի դեմ ես, որպես մարդ, իրավաբան, պայքարել եմ դատարաններում, բանտերում, որպես պատգամավոր՝ օրենսդրական նախաձեռնություններով: Ընդդիմությունը պետք է այլ տեսլական ունենա երկրի զարգացման վերաբերյալ: Պարոն Զուրաբյան, Դուք այլ տեսլական չունեք: Ինձ համար ամենամեծ հիասթափությունը եղել է դեկտեմբերի 4-ի ձեր քվեարկությունը (նկատի ունի ԵՏՄ-ին անդամակցելու հարցը,- Հ. Ջ.): Դուք ոչ մի բանով չեք տարբերվում իշխանություններից»: Նա հեգնեց ՀԱԿ-ին,որ համեմատություններ է անում Գերմանիայի, ԱՄՆ-ի հետ. «Դուք պետք է դեկտեմբերի 4-ի քվեարկությունից հետո Հայաստանը համեմատեք Բելառուսի հետ, Ղազախստանի թվերի հետ: Ինչի՞ համար եք ԵՄ-ի հետ համեմատում, ի՞նչ կապ ունեք Դուք ԵՄ-ի հետ: ՀՀ-ում պետք էր արժեհամակարգ ներդնել, որ բարեփոխումներ լինեին, ինչը կլիներ Եվրոասոցացման համաձայնագրի պարագայում»: Նա հայտարարեց, որ իր համար ոչ մի տարբերություն չկա՝ ՀԱԿ-ն ինտեգրում Հայաստանը ԵՏՄ-ին, թե՞ ՀՀԿ-ն. «ՀՅԴ-ն աջակցում էր ԵՏՄ-ին, բայց այդ մարդիկ չէին ասում ջղաձգվողներ եւ այլ բան: Ինչ ասես, ասեցիք իմ նման մարդկանց, ովքեր տեսնում էին ՀՀ ապագան ԵՄ ընտանիքում: Ձեր այլընտրանքային ուղղությունը ո՞րն է: Այո, ՀՀ-ում ամեն ինչ շատ վատ է: Վատ է,որովհետեւ չենք կարողանում այնպիսի ընդդիմություն ունենալ, որը միայն չի ասի, որ ամեն ինչ ահավոր է, այսինքն, առաջին փուլում ասում են՝ շատ վատ է, երկրորդ փուլում համոզում են, որ կարճ ժամանակահատվածում կլինի իշխանափոխություն, լինում են սպասումներ ու դա չի անում: Ավելին՝ չունի էլ անգամ այդպիսի օրակարգ: Եթե ուներ՝ իմպիչմենտի նախագիծ կար, քվեարկեիք: Նախագծում գրել եք, թե արտաքին նախաձեռնողական քաղաքականությունը տարավ չգիտեմ ուր: Դուք այդ նախաձեռնողական քաղաքականությանն աջակցել եք եւ դրա համար պետք է պատասխան տաք: Հիմա որ գրել բերել եք, մտածում եք մարդիկ չեն հասկանում ու չգիտե՞ն, որ դուք դրա մի մասն եք: Դուք դրա մի մասն եք, այդ քաղաքական համակարգի մասն եք: Այս ամբողջ մեղքերը որ կան, նաեւ ձեր մեղքերն է, ձեր վրայից, խնդրում եմ, այդ մեղքերը չգցե՛ք: Դուք նաեւ ունակ չեք լսել որեւէ քննադատական խոսք ձեր նկատմամբ: Սպասում եմ ձեր ԶԼՄ-ների կողմից քարկոծանքներ, բայց դա ինձ չի հետաքրքրում, ավելի լավ է ճիշտն ասենք, մարդիկ հասկանան»: Էդմոն Մարուքյանը նաեւ արտագաղթի մեջ մեղադրեք ընդդիմությանը՝ ասելով, որ մարդկանց ոտքի են հանում, իբր իշխանափոխություն են անելու, բայց չեն անում եւ տեղի է ունենում արտագաղթ. «Ոչ մեկը չի կարող ասել, որ արտագաղթի հետ ոչ մի առնչություն չունենք: Համոզել եք մարդկանց, ասել եք ամսի 10-ին, ժամը 6.30-ին իշխանափոխություն է տեղի ունենալու: 20 տարի է՝ Հայաստանում ժամ է դրվում, 1995-ից այս կողմ նույն հռետորաբանությունն է: Ժամանակն է, որ այդ մարդիկ գնան տուն իշխանության հետ: Քաղաքական դաշտում պետք է լինի սերնդափոխություն: Այլընտրանքային տեսլական է պետք: Քաղաքական համակարգի ճգնաժամի մի մասն եք դուք՝ որպես ընդդիմություն: Ոչ միայն իշխանությանը կոչ արեք, որ հեռանա, դուք էլ այդ իշխանության հետ պետք է հեռանաք: Իրար հետ պետք է հեռանաք, դաշտը մաքրվի, գա ամեն ինչ ընկնի իր տեղը: Սա է լուծումը, ուրիշ լուծում չկա»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ելույթից հետո Էդմոն Մարուքյանին ասաց. «Ազնիվ լոռեցի ես, բայց մեզ իրենց հետ մի՛ համեմատիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Մամուլ