Ապրիլի 1. քաղաքական ստերի շարքում են ԵՏՄ 170 միլիոնանոց շուկան ու Էրդողանի հայտարարությունները

01/04/2015

Ապրիլի 1-ին` ծիծաղի, հումորի, կատակի միջազգային օրը, երբ շատ ընդունված է այսօր սուտ խոսել և իրարից չնեղանալ, Tert.am–ը հարցում անցկացրեց մի շարք քաղաքական –հասարակական  գործիչների շրջանում` պարզելու, թե տարվա ընթացքում` ապրիլի 1-ից ապրիլի 1, քաղաքական հայտարարություններից որո՞նք են համարում սուտ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Թևան Պողոսյան

«Օրերս կարդացի մամուլում տարածված այսպիսի մի վերնագիր` «Հայերը միտումնավոր ապրիլի 24-ը «հարմարեցրել են» Գալիպոլիի հետ. Էրդողան»: Տատս կասեր` հողերս գլխիդ»:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
«Ամենամեծ քաղաքական սուտը, որ լսել եմ վերջին օրերին, Էրդողանի բերանից լսած խոսքն է, որ, իբր, մենք մեր 100-րդ տարելիցի միջոցառումները հարմարեցրել ենք Գալիպոլիի ճակատամարտի հետ: Ե՛վ սուտ է, և՛ լկտիություն, բայց կարծում եմ, որ սա հավակնում է դառնալ 2015 թվականի «ալամ-աշխարհի» թոփ մեկ սուտը:
«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյան
«Տարվա ընթացքում ամենամեծ սուտը եղել է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, դրանից մեծ սուտ իմ կարծիքով` չի եղել: Կամ` Լևոն Տեր-Պետրոսյանի ասած` որ «մենք գիտենք`ինչ ենք անելու, ստրատեգիա ունենք»: Եվս մեկ սուտ ունենք»:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյան
«Ամենամեծ քաղաքական սուտն այն  է, որ մարդիկ փորձում են ամեն օր ժողովրդին ասել, որ   վաղը իրենք գալիս են իշխանության: Դրանից մեծ քաղաքական սո՞ւտ»:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան
«Ամենամեծ սուտը, որ Եվրասիական միություն մտնելով` մեր առաջ բացվելու է 170 միլիոնանոց շուկա: Կամ` որ ԵՏՄ էինք մտնում, ասում էին` «ԵՏՄ ենք մտնում, որ ԵՏՄ-ն լավ պայմաններով Եվրամիության հետ բանակցի ու առևտրի համաձայնագիր կնքի: Դա մեծ սուտ էր, քանի որ ԵՏՄ անդամ պետություններ կան` Բելառուսը, Ղազախստանը, որ ԱՀԿ անդամ չեն, չեն կարող ԵՄ-ի հետ ունենալ ազատ առևտրի ռեժիմ: Բայց նույն հայ և ռուս գործիչները պնդում էին, որ մենք հիմա իրենց հետ լավ պայմաններով են հիմա բանակցելու, ունենալու ենք նման պայմանագիր»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան
«Լսել ենք, որ պետությունը զարգանում է, ու լավ է լինելու»:
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյան

 

«Ես տենց  հարցերի չեմ պատասխանում, Դուք պրովոկցիա եք անում` ամենամեծ սուտը… ամենամեծ սուտը իշխանությունն ա»:
« Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյան
«Մի քիչ առաջ կարդում եմ ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ Հայաստանի առաջ բաց է  Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկան: Այս շուկան բաց է, բայց Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի բիզնեսմենները լաց են լինում, որ չեն կարողանում մտնել այդ շուկա: Դրա հետ միասին կարդում ես նաև Ալիկ Պետրոսյանի հարցազրույցը նույնի մասին: Ու ուզում ես հասկանալ` ապրիլի 1-ն երե՞կ էր, թե այսօր, որովհետև մեր իշխանավորները, մեր կառավարությունը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ այնպիսի ստեր են ասում, որ սկսում ես կասկածել, որ արդեն սկսում ես մտածել, որ Հայաստանի օրացույցում միայն ապրիլի 1 կա»:
«Ասպարեզ» ակումբի ղեկավար, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյան
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որ Եվրասիական տնտեսական միությունը դրախտ է Հայաստանի համար, որ այնտեղ մեր փրկության ակունքն է, այնտեղ մեր անվտանգության երաշխիքներն են և այլն»:

Աղբյուր՝ tert.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ