Ինչո՞ւ է բարկացել Էդմոն Մարուքյանը

04/04/2015

ԱԺ միակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով բավականին ակտիվ է որպես ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, երեկ այդ հանձնաժողովի հերթական նիստում ուղղակի պոռթկաց եւ իր զայրույթն ու դժգոհությունն արտահայտեց կառավարության հանդեպ: Կառավարությունից ներկա էին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Պատգամավորի հիմնական դժգոհությունն այն էր, որ իրենց՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, մշտապես կարծես երկրորդ պլան են մղում եւ իրենց ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները կա՛մ դրական եզրակացությամբ չեն ընդգրկում օրակարգ, կա՛մ ընդգրկում են, բայց չեն քննարկում քառօրյա նիստերում, քանի որ կառավարությունն ամեն անգամ իր նախագծերն է պարտադրանքով բերում արտահերթ, քննարկում խորհրդարանում, եւ իրենց օրինագծերին ուղղակի հերթ չի հասնում: Արդյունքում՝ օրենսդիրների գրած օրենքները կարող են տարիներով մնալ ԱԺ օրակարգում, «թթվել» ու այդպես էլ չքննարկվել: Երեկվա նիստում Մարուքյանը 3 նախագիծ է առաջարկել, որոնցից երկուսն ստացել են դրական եզրակացություն, բայց հույս չկա, որ դրանց հերթ կհասնի, իսկ մեկն ընդհանրապես մերժվել է կառավարության կողմից: Պատգամավորին նախ զայրացրել է մերժման բովանդակությունը, որը, ըստ նրա, վիրավորական է ու հեգնական տոնով է շարադրված: Նա այդ նախագծով առաջարկում էր խնամակալություն սահմանել նաեւ առնվազն երկու ամիս կոմայի, լեթարգիական քնի կամ վեգետատիվ վիճակի մեջ գտնվող անձանց նկատմամբ: «Իրոնիայով է գրված, կարծես, ուզում են պատգամավորին դաս տալ կամ ձեռք առնել: Եթե նպատակը ձեռք առնելն է, ապա մենք ամենաշատը կարող ենք ձեռք առնել»,- դիմելով Հովհաննես Մանուկյանին՝ ասաց Մարուքյանն ու հորդորեց մյուս անգամ նման ձեւով մերժման պատասխաններ չուղարկել պատգամավորներին: Ի պատասխան, փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներողություն խնդրեց, եթե ինչ-որ բան այն չի եղել իրենց պատասխանում: «Դե պարզ է, որ իրենք չեն դա գրել, դա ինչ-որ մի իրավաբան չինովնիկ նստել գրել է նախարարությունում, բայց չեն մտածում, որ ամեն ինչ չափ ու սահման ունի»,-ավելի ուշ մեզ հետ զրույցում նկատեց անկախ պատգամավորը՝ հույս հայտնելով, որ նախարարն ինչ պետք է, կանի, որ ապագայում նման դեպքեր չկրկնվեն: Անդրադառնալով բուն դժգոհությանը՝ պարոն Մարուքյանն ասաց, որ իրենք նախագծեր են մշակում, ներկայացնում խորհրդարանին, բայց անգամ դրական եզրակացություն ստանալու պարագայում առաջ չեն գնում, որովհետեւ անընդհատ կառավարությունն արտահերթ նախագծեր է բերում, որոնք 24-ժամյա կամ այլ արտահերթ ռեժիմներով են քննարկվում, իսկ պատգամավորների նախագծերը տարիներով մնում են օրակարգում եւ օրենք չեն դառնում. «Դրանից դուրս է գալիս, որ պատգամավորների սահմանադրական իրավունքները խախտվում են: Սահմանադրությամբ երկու մարմին իրավունք ունի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու՝ կառավարությունը եւ պատգամավորը, ստացվում է, որ պատգամավորն այդ նախաձեռնության իրավունքից, ըստ էության, չի կարող օգտվել, որովհետեւ դա մնում է ձեւական մակարդակում, որովհետեւ կառավարության բերած նախագծերը միշտ կառավարության ճնշման տակ ճանաչվում են հրատապ, անհետաձգելի, արտահերթ: Սա քաղաքական համակարգի հիվանդության մի մասն է կազմում, այստեղ կառավարություն-խորհրդարան փոխզսպման եւ հավասարակշռման խնդիրն է»: Իսկ դա ինչո՞վ է պայմանավորված: Պատգամավորը կարծում է, որ այստեղ թե՛ մեխանիզմների խնդիր կա, թե՛ քաղաքական համակարգի, եւ հավելում, որ ինքը սա չի ասում միայն ընդդիմադիր կամ ոչ իշխանական պատգամավորների մասին, խոսքը բոլորին է վերաբերում, քանզի նույն ՀՀԿ խմբակցությունից էլ պատգամավորներ կան, որոնց օրինագծերը տարիներով «լռված» են, իսկ կառավարությունը բազմաթիվ այլ մեթոդներով ու մեխանիզմներով իր օրինագծերն է արտահերթ անցկացնում: «Սա կանոնակարգի խնդիր է, էն որ ասում են՝ պառլամենտարիզմ, պառլամենտարիզմ, սա հենց այդ խնդիրն է՝ չկա պառլամենտարիզմ: Մարդը պատգամավոր է ընտրվում ու չի կարողանում նախագիծ բերի, որ պլենար նիստում քննարկվի, որովհետեւ անգամ դրա համար մեխանիզմ կա, որ քննարկումից ուղղակի դուրս թողնվի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ԱԺ նախագահն ինքն է որոշում քննարկման ենթակա նախագծերի հերթականությունը: Այսինքն՝ խորհրդարանի ղեկավարը, փաստորեն, կառավարության նախագծերին է առաջնահերթություն տալիս: Նա նաեւ նշեց, որ այս խնդիրը հիմա չի առաջացել, նախորդ կառավարության դեպքում էլ կար:

Աղբյուր՝ hraparak.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ