Գազամատակարարման հարցերը քննող հանձնաժողովի զեկույցն իրենից տարբեր հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացնում. Էդմոն Մարուքյան

07/04/2015

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ-ում խոսելով գազամատակարարման հարցերը քննող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի մասին, տեսակետ հայտնեց, որ այն իրենից ներկայացնում է տարբեր հանցագործությունների մասին հաղորդում: Ըստ Մարուքյանի` զեկույցից պարզ է դառնում, որ փաստացի այսօր ՀՀ-ում չկա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այսինքն` այն իր տեղում չի գտնվել, «ՀայՌուսգազարդ»-ն ինչ ներդրումներ ցանկացել՝ արել է, իսկ ներդրումներն էլ ուղղված չեն եղել կորուստների նվազմանը:

Մարուքյանը շեշտեց, որ զեկույցից պարզ է դարձել, որ հարկերը նվազեցրել են, իսկ սակագնի մեջ մտցրել են այնպիսի ծախսեր, որոնք չպետք է լինեին: Բացի այդ, ըստ Մարուքյանի, ընկերությունը 2010-ից 2012 թվականին կորուստների նվազմանն ուղղված որևէ քայլեր չի կատարել: Մարուքյանի բնորոշմամբ` «ՀայՌուսգազարդ»-ն օրը ցերեկով ոնց ցանկացել է՝ թալանել է: Դիմելով հիմնական զեկուցող Վարդան Այվազյանին` Մարուքյանը հարցրեց, թե արդյոք հանձնաժողովը մտադիր է Գլխավոր դատախազությանը դիմել՝ քրեական գործ հարուցելու պահանջով:

Նախ Այվազյանը չհամաձայնեց պատգամավորի այն տեսակետի հետ, որ որպես այդպիսին Հանրային հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գոյություն չունի, ապա հավելեց, որ այն կատարել է իր աշխատաքները: Ըստ Այվազյանի՝ գուցե թերացումներ են եղել, սակայն դրանք արդեն քննարկման հարցեր են: Այվազյանը հայտարարեց, որ ԱԺ ամբիոնից իրենք ներկայացնում են զեկույցը, Գլխավոր դատախազություն դիմելու կարիք չկա, քանի որ Գլխավոր դատախազությունը կարող է զեկույցը ուսումնասիրել և այն դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում:

Լիլիթ Լալայան

Աղբյուր՝ newsline.am

Բաժին: featured, Մամուլ