Օբամայի ապրիլի 24-ի խոսքը կլինի խարազանող, բայց առանց «ցեղասպանության»
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
– Պարոն Մարուքյան, Ղազախստանում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, հայտարարել է, թե եկեք պատմությունը թողնենք պատմաբաններին և նոր հարաբերություններ փորձենք հաստատել: Արդյոք սա լա՞վ հիմք չէ հարաբերություններ հաստատելու համար՝ hաշվի առնելով վերջին շրջանում նրա հայտարարությունները, սա կարծես առանձնանում է իր բովանդակությամբ:
– Թուրքիայի նկատմամբ վերջին օրերին միջազգային ճնշումը սաստկանում է, բայց դրանք, մեծ հաշվով, Թուրքիային տնտեսապես, քաղաքականապես, այլ առումներով որևէ կերպ չեն սպառնում, բացի այն, որ բարոյական լուրջ խարազանման է ենթարկվում Թուրքիա պետությունը` այն առումով, որ մերժողական գիծը շարունակում է պահել, և մեկը մյուսի հետևից անիմաստ ու հիմար հայտարարություններ են անում ամեն երկրում Ցեղասպանության բանաձևի ընդունման կամ առաջնորդի հայտարարության հետ կապված: Վերջինը Հռոմի պապի հայտարարությանն ի պատասխան արված հայտարարություններն էին: Կարծում եմ` եթե ձեր նշած այդ հայտարարությունը միտված չի նրան, որ առաջիկա օրերին ինչ-որ կերպ կանխարգելի մնացած երկրների, աշխարհի առաջնորդների հայտարարությունները, Ցեղասպանության ճանաչումները, և դա իր մեջ իրական կամք է արտահայտում, ուրեմն, այո՛, այն շատ կարևոր հայտարարություն է: Եթե հաշվի առնենք այդ հանգամանքը, ապա կարծում եմ, միանշանակ լուրջ հիմք կարող է հանդիսանալ՝ սկսելու բանակցություններ նոր իրավական հիմքի վրա, որովհետև չէի ցանկանա հղում անել եղած այն արձանագրություններին, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին: Այսինքն՝ արձանագրությունները մի կողմ դրած, նոր իրավական հիմք գտնել հարաբերությունները վերականգնելու առումով: Օրինակ` նախ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, երկրորդ՝ փորձել այնպես անել, որ դեպի ծով մեզ հնարավորություն տրվի օգտվելու, Ծովային կոնվենցիայի համաձայն` այն իրավունքներից, որ ծով չունեցող երկրներն ունեն, և դրանով փորձել մեր տնտեսությունը զարգացնել: Որովհետև չենք կարող տասնամյակներով փակ սահմաններով փորձել ինչ-որ բան անել այստեղ, զարգանալու մասին էլ չեմ խոսում:
– Վերջին օրերին և՛ Հռոմի պապի հայտարարությունը, և՛ Եվրախորհրդարանի բանաձևը, իհարկե, դրական քայլեր էին, բայց դրանք կարծես քիչ են առնչվում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Շատերը նշում են, որ հայ-թուրքական հարաբերությունները հենց մեր երկու երկրները պիտի կարգավորեն, առանց միջնորդների: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
– Միանշանակ, ՀՀ-ն ու Թուրքիան իրենք պետք է երկկողմ հարաբերությունները կարգավորեն, բայց կարծում եմ` միջնորդներ պետք են, որպեսզի լինեն միջազգային երաշխիքներ ձեռք բերված համաձայնությունների համար: Այս առումով վերջին դատապարտումները, բանաձևերը, հայտարարությունները ճնշում են Թուրքիայի վրա, որպեսզի նրանք հարցին մի փոքր այլ կերպ նայեն` փորձեն վեր կանգնել իրենց եղած կարծրատիպերից և փորձեն հարաբերությունները վերականգնել: Մենք էլ պետք է մի փոքր ռեալ նայենք իրողություններին և առանց նախապայմանների վերականգնենք դիվանագիտական հարաբերությունները, ու բացվի սահմանը: Չունենալով դիվանագիտական հարաբերություններ՝ փակ սահմանների դեպքում չենք կարող խոսել դեպի ծով ելքի կամ ծովային իրավունքներից օգտվելու մասին, որովհետև նրանք դա պարզապես կյանքի չեն կոչի: Այսինքն՝ նախ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, որից հետո կքննարկենք, թե ինչպես կարող ենք մեր ունեցած խնդիրները լուծել: Ինչ վերաբերում է Հռոմի պապի հայտարարությանը, ԵԽ բանաձևին, նաև շոու բիզնեսի աստղերի կոչերին, դրանք շատ լավ են, որ կան: Դրանք ճնշումներ են Թուրքիայի վրա, որոնք արագ անցնող բնույթ ունեն: 10 օր հետո որևէ մեկը չի հիշելու, որ Թուրքիային դատապարտող կոչեր են եղել: Սրանք քայլեր են, որոնցից մենք պետք է օգտվենք ի շահ մեր պետության և հարաբերությունները վերականգնելու: Այն բոլոր կոչերը, որոնք միտված են ՀՀ-ն փակուղի մղելուն, ես դրանց դեմ եմ, դրանք ռեալ չեն, բխում են միֆական մոտեցումներից:
– Հռոմի պապի ուղերձից ու հատկապես ԵԽ բանաձևից հետո շատերը նշում են, որ հաջորդը ԱՄՆ-ից ու ՌԴ-ից պետք է ակնկալել նման բան: Այս առումով այդ երկրների առաջնորդների դիրքորոշումներում, ելույթներում փոփոխության հեռանկար տեսնո՞ւմ եք: Ասենք` ՌԴ Պետդուման հնարավո՞ր է նոր որևէ փաստաթուղթ ընդունի:
– Կարծում եմ` դրա կարիքը չկա, որովհետև ՌԴ Պետդուման ժամանակին նման բանաձև ընդունել է, և եթե ՌԴ նախագահն այդ օրը ՀՀ-ում է լինելու, դա արդեն մեծ ժեստ է դրա հետ կապված: Նորից կարիք չկա նման բանաձև ընդունելու: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, կլինի այդ երկրի նախագահի կողմից հայտարարություն, բայց չեմ կարծում, որ այդ հայտարարությունում «ցեղասպանություն» բառը կհնչի կամ եթե հնչի, դա ինչ-որ բան կփոխի: Դա էլի լինելու է Հռոմի պապի հայտարարության նման բարոյական, խարազանող ինչ-որ հայտարարություն: Այսօրվա Թուրքիային նման մոտեցումներով հնարավոր չէ անկյուն մղել: Իհարկե, նման հայտարարությունները մեզ ուրախացնում են, մենք ողջունում ենք, էյֆորիայի մեջ ենք ընկնում, բայց պետք է ռեալ նայել կյանքին: Այս իրավիճակում պետք է նոր մոտեցումներ առաջ բերել՝ հիմք ընդունելով այդ հայտարարությունները, և առաջին հերթին փորձել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները, դուրս գալ այս շրջափակումից: Հակառակ դեպքում մենք ստիպված ենք, և այդպես էլ եղել է, բոլոր ձվերը դնել մեկ զամբյուղի մեջ, որը անընդհատ վտանգվում է, որ կկոտրվի, և ժամանակ առ ժամանակ կոտրվում է: Մեզ պետք է բալանսավորված քաղաքականություն վարել: Այսօր ՀՀ ողջ տնտեսությունը կախված է մի Լարսի անցակետից, որը ամեն չնչին առիթով փակվում է: Հիմա էլ տեղեկություն կա, որ վատ վիճակ է, ինչ-որ ճաքեր են հայտնաբերել, և եթե մի անգամ էլ փլուզում լինի, անցակետը կարող է մի 2 ամիս փակ լինի: Սա լուծում չէ, այսպես մենք չենք կարող մեր երկիրը որևէ կերպ այս ճանապարհով զարգացնել:
– Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ՌԴ Պետդումայի խոսնակ Նարիշկինը ապրիլի 24-ին մեկնելու է Թուրքիա` մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Արդյոք սա երկդիմի խաղ չէ՞, մի կողմից ՀՀ-ին սիրաշահելու, մյուս կողմից` Թուրքիային չվիրավորելու առումով:
– Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ՌԴ-Թուրքիա հարաբերությունները գնալով ջերմանում են, և այդ առումով անսպասելի չէր, որ հենց այդպես էլ լինելու էր: Մյուս կողմից` այն հանգամանքը, որ ՌԴ նախագահը գալիս է ՀՀ, արդեն ստվերում է, թե ով է գնում Թուրքիա: Այդ առումով մեր պետության համար որևէ կորուստ չունենք:
– ԵՏՄ անդամ երկրներից Բելառուսն ու Ղազախստանը ապրիլի 24-ին առաջին դեմքերի մակարդակով չեն լինելու Երևանում: Ինչո՞վ եք պայմանավորում նրանց այդ քայլը, Հայաստանը սխա՞լ գործընկերներ է ընտրել:
– Ի սկզբանե պարզ էր, որ այդ երկրները երբեք աչքի չեն ընկել հայանպաստ դիրքորոշումներով, մասնավորապես Ղազախստանը: Այս առումով չեմ զարմանում, որ չեն գալիս: Բոլորը գիտեն, որ ես դեմ եմ քվեարկել ԵՏՄ անդամակցությանը և հիմա էլ դեմ եմ, ու ներկա զարգացումներն էլ ցույց են տալիս, որ ճիշտ էր դեմ լինելը: Տեսեք, բոլորն էյֆորիայի մեջ են ընկել, ցնծում են, որ Հռոմի պապը հայտարարություն արեց, Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, ու մոռանում են, որ այդ ամենը Եվրոպայից է եկել, դա է Եվրպայի արժեհամակարգը, և մենք հենց այդ արժեհամակարգն ենք լքել՝ չգնալով ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը: Մենք գնացել ենք այն արժեհամակարգին, որտեղ երկրների ղեկավարները չեն գալիս ապրիլի 24-ին, Նարիշկինն է մեկնում Անկարա: Այս ամենը մեր ժողովուրդը տեսնում է, թե ով է բարեկամաբար տրամադրված, ով՝ ոչ: Այսքանից հետո, կարծում եմ, անիմաստ է քննարկել այդ դաշնակիցների կողմից անվտանգության խնդիրներում նրանց աջակցության հարցը: Ես ուղղակի չեմ պատկերացնում, որ եթե անվտանգության հարց լինի ՀԱՊԿ-ի ուժերը, ասենք` ղազախները գալու են մեզ պաշտպանեն: ՌԴ պարագան մի քիչ այլ է, որովհետև նրանք այստեղ բազա ունեն, որովհետև ՌԴ-ն միշտ էլ եղել է մեր ռազմավարական գործընկերը: Բայց այդ ԵՏՄ-ական գործընթացներում չեմ կարծում, թե Ղազախստանը հայանպաստ քայլերով է տոգորված:
Ավելին՝ տեսանյութում:
Աղբյուր՝ 1in.am
Բաժին: featured, Մամուլ, Տեսանյութեր