Էդմոն Մարուքյանը որպես ներկա հայ իրականության քաղաքական լիդեր

29/03/2014

Աղբյուր՝ narekkharatyan.blogspot.com

Նախքան պատգամավորի իմիջի վերլուծությանն անցնելը, հասկանանք ինչ է իմիջը և որոնք են դրա բաղադրիչները։

Իմիջ հասկացության վերաբերյալ տարբեր մտածողներ տարբեր մեկնաբանություններ են տվել: Անդրադառնանք

դրանցից մի քանիսին:

Պանասյուկի առաջարկած տարբերակում․ <<Իմիջը անգլերենից թարգմանաբար նշանակում է կերպար։ Ընդ որում այդ հասկացության տակ նկատի է առնվում ոչ միայն վիզուալ, տեսողական կերպարը (արտաքին), այլ նաև մտածողության, գործողությունների, արարքների և այլն, կերպարը>>։[1]

Համաձայն Վեբստերի բացատրական բառարանի․ <<իմիջը ինչ-որ օբյեկտի և, հատկապես, անձի արտաքին տեսքի արհեստական իմիտացիան կամ մատուցումն է։ Այն հանդիսանում է մարդու, ապրանքի կամ ինստիտուտի մասին մտավոր պատկերացում, որը նպատակամղված ձևավորվում է զանգվածային մտածողության մեջ փաբլիսիթիի (publicity), գովազդի կամ էլ պրոպագանդայի միջոցով>>։[2]

Ունիվերսալ հանրագիտարանում տրված է հետևյալ բնորոշումը. <<Իմիջը (անգլ.` image, լատ.` imago – կերպար, տեսք) նպատակամղված ձևավորվող կերպար է(ինչ-որ անձի, երևույթի, առարկայի), որը միտված է էմոցիոնալ-հոգեբանական ազդեցություն գործելու ինչ-որ մեկի վրա` հրապարակայնացման, գովազդի և այլ նպատակով>>:[3]

Սոլովյովը սահմանում է. <<Իմիջի ձևավորումը սուբյեկտի այս կամ այն հատկանիշների և որակների գիտակցական կառուցումն է, որոնք հասարակության մեջ նրան հրապուրիչ են դարձնում և թույլ տալիս նրա մասնակցությամբ լուծել կոնկրետ քաղաքական խնդիրներ (հաղթել ընտրություններում, բարձրացնել իշխանության լեգիտիմությունը և այլն)>>:[4]

Քաղաքական իմիջի բաղադրիչներն են․

  1. Վիզուալ՝ տեսողական իմիջը, որը իր հերթին բաղկացած է՝

1.1.   Հաբիտար իմիջից, որը բնութագրում է քաղաքական լիդերի արտաքին տեսքը՝ նրա կոստյումը, դիմահարդարումը, սանրվածքը և այլն, այսինքն նրա հաբիտուսը (habitus – արտաքին, արտաքին տեսք),

1.2.   Միջավայրային իմիջը, որը քաղաքական լիդերի կողմից ստեղծված արհեստական միջավայրն է, տվյալ անձի բնակության, միջավայրի բնութագրականն է` նրա կացարանը, գրասենյակը, մեքենան և այլն,

1.3.   Կինետիկ իմիջը, որը քաղաքական լիդերի ոչ վերբալ խոսքն է` ժեստերը, դիմախաղը, մի խոսքով` շարժուձևը,

  1. Վերբալ (անգլ.՝ բանավոր, խոսքային) իմիջը, որը նկարագրում է գործչի՝ հանրության և առանձին մարդկանց հետ խոսքային շփման առանձնահատկությունները և այն ազդեցությունը, որ նրա խոսքը թողնում է մարդկանց,
  2. Առարկայական իմիջը, առարկաներ, իրեր, որոնք ինքն է ստեղծել իր շուրջը,
  3. Համատեքստային իմիջը, որը տվյալ անձի շրջապատը կազմող այլ մարդկանց իմիջների միակցումն է։ Այսինքն, ցույց է տալիս այն ազդեցությունը, որ թողնում են գործչի իմիջի վրա նրան շրջապատող մարդիկ (բարեկամներ, հարևաններ, ընկերներ, կուսակցություններ, ՀԿ-ներ, պաշտոնատար անձիք և այլն),
  4. Իրադարձային իմիջը, որը քաղաքական գործչի կյանքի այն դեպքերն են, որոնք մեծ ազդեցություն են թողնում նրա իմիջի վրա։

Այժմ մանրամասն վերլուծենք անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ որպես քաղաքական լիդերի իմիջը՝ վերջինիս տարբեր բաղադրիչների տեսանկյունից։

Էդմոն Մարուքյանը՝ որպես քաղաքական գործիչ, քաղաքական լիդեր, հայտնություն է ընդհանրապես, և ԱԺ-ում՝ մասնավորապես։ Նրա՝ ինչպես կերպարը, այնպես էլ գործունեությունը, շատ յուրահատուկ, եզակի են ԱԺ պատմության մեջ։ Նրա գործունեությանը բնորոշ են հասարակական բուռն ակտիվությունը և քաղաքացիների համար մշտապես հասանելիությունը, ինչի վառ ապացույցն են թիվ 30 ընտրատարածքում գործող պատգամավորի գրասենյակը, քաղաքացիների հետ մշտապես կապի մեջ լինելը՝ թաղային հանդիպումների և գրավոր դիմումների տեսքով։ Իր ակտիվությամբ պատգամավոր Մարուքյանը աչքի է ընկնում նաև ԱԺ-ում, ինչը ակնհայտ երևում է մշտապես հարցադրումներով, ելույթներով, օրհասական խնդիրների բարձրացմամբ և դրանց անհապաղ լուծման հետևողական պահանջով, կատարված աշխատանքների դրական, առկայության դեպքում՝ նաև՝ բացասական կողմերի շեշտմամբ՝ հադես գալով նաև դրանց լուծման տարբերակների առաջարկմամբ։[5] ԱԺ-ում նրա ակտիվության մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները, համաձայն որի ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնվում է ակտիվ պատգամավորների եռյակում՝ զբաղեցնելով երրորդ տեղը։[6] Նա էությամբ համեստ է, հասարակ, համարձակ, մարդկանց հետ շփվելիս անմիջական, անկեղծ, դրական լիցքերով լի, ինչը, միանշանակ, փոխանցվում է դիմացինին՝ ձևավորելով ընկերական մթնոլորտ։

Ըստ նախընտրական տեխնոլոգիաներով զբաղվող մասնագետների հետազոտությունների, գոյություն ունի քաղաքական առաջնորդի ընկալման երկու ռազմավարություն, որոնք առկա են նաև Էդմոն Մարուքյանի մոտ և դրանում կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով պատգամավորի գործուներությունը 2012թ․-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող և հաջորդող շրջաններում։ Այդ ռազմավարություններից առաջինի շրջանակներում քաղաքական գործիչն ընկալվում է որպես «գերմարդ» (այս ռազմավարությունը ձևավորվում է «նա ավելի լավն է, քան ես» սկզբունքով), ով ունակ է յուրօրինակ լուծումներ տալ առօրյա խնդիրներին, ով աչքի է ընկնում բացառիկ ընդունակություններով, հնարավորություններով և ընդգծված կամային հատկություններով։ Եվ իսկապես։ Նման կարծիք էր ձևավորվել քաղաքացիների մոտ խորհրդարանական ընտրություններին նախորդող օրերին, որն էլ ավելի ամրապնդվեց Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո՝ նրա ակտիվ գործունեության շնորհիվ։ Երկրորդ ռազմավարության համաձայն՝ հասարակական աջակցության է արժանանում այն քաղաքական գործիչը, որն ընկալվում է որպես «մեզնից մեկը», որպես սովորական մարդ` իրեն հատուկ թերություններով և առավելություններով հանդերձ:[7] Այն, որ այս ռազմավարությունը ցայտուն կերպով արտահայտվել է և շարունակում է արտահայտվել Մարուքյանի մոտ, ապացուցում են․

  1. վերջինիս կողմից խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացած ձայների (11690 ձայն) մեծ տարբերությունը՝ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի (9269 ձայն) նկատմամբ (շուրջ երկու և կես հազար),
  2. 30 ընտրատարածքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այնպիսի մթնոլորտի ձևավորումը, ուր պատգամավորն ընկալվում է որպես իրենց ընկեր-բարեկամ, որպես իրենցից մեկը։

Առաջնորդի ինքնաներկայացման վերը նշված երկու ռազմավարություններն իմաստավորվում են որպես Ազգային առաջնորդ կամ Համայնքային առաջնորդ։ Դրանք առաջնորդի այն տիպերն են, որոնց կերպարները համապատասխանում են «մերոնքական», «եղբայր», «լավ տղա» տիպին։ Այդ տիպերից առաջինը պատասխանատվություն է կրում ամբողջ ազգի կամ պետության, իսկ երկրորդը՝ միմիայն իր ենթակայության ներքո գտնվող տարածքի, համայնքի, կլանի համար։ Իրավաբան, փաստաբան Էդմոն Մարուքյանին 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին նախորդող օրերին՝ նախընտրական քարոզչության ընթացքում և ընտրություններին հաջորդող մի քանի ամիսներին՝ արդեն ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին առավելագույնս բնորոշ էր հենց համայնքային առաջնորդի կերպարը՝ որպես կոնկրետ տարածքի, համայնքի բնակչության կողմից ընտրված, նրանց կողմից լեգիտիմություն վայելող պատգամավոր։ Սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, պատգամավորի լեգիտիմության շրջանակն ընդլայնվեց՝ դուրս գալով թիվ 30 ընտրատարածքի սահմաններից և ընդգրկելով այլ համայնքներ։ Դրա վկայությունն է այն, որ Ներկայացուցչական մարմնում իրենց խնդիրները լսելի դարձնելու և լուծում տալու համար պատգամավոր Մարուքյանին սկսեցին դիմել այլ համայնքների բնակիչներ։ Սա արձանագրեց այն իրողությունը, որ Էդմոն Մարուքյանը արդեն հանդես է գալիս որպես հեղինակություն վայելող անձ, փորձառու փաստաբան, իրավաբան, քաղաքական գործիչ, լիդեր՝ իր գիտելիքներով, ընդունակություններով, մարդկային վեհ հատկանիշներով։

Բնութագրելով Էդմոն Մարուքյանին որպես քաղաքական լիդեր՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նրա իմիջի մի քանի տեսակներին։ Միջավայրային իմիջ․ Այստեղ կարելի արձանագրել, որ այն զերծ է տարատեսակ շքեղություններից։ Հայրենի քաղաքում՝ Վանաձորում, նա բնակվում է ծնողների հետ։ Երևան քաղաքում բնակարան չունենալու պատճառով, սույն հարցը կարգավորվում է ԱԺ <<Կանոնակարգ>> օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով, որով նախատեսվում է, որ <<Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը>>։[8] Բնակվում է վարձով՝ Ավան թաղամասում։

Նույնը կարելի է ասել Վանաձոր քաղաքում գործող գրասենյակի մասին․ կահավորանքը շատ պարզ, հասարակ,  դասական, առանց ավելորդ շքեղությունների, առկա են բազմաթիվ գրքեր, սենյակի պատերին փակցված են պատգամավորի տասնյակից ավելի դիպլոմներն ու պատվոգրերը, որոնք ստացել է աշխարհի տարբեր երկրներում սեմինարների և դասընթացների մասնակցելով։[9]

Վերոնշյալը ևս մեկ անգամ փաստում է Էդմոն Մարուքյանի՝ <<մեզնից մեկը>>, ժողովրդի պատգամավոր, բոլորին հավասար լինելը։

Շատ մեծ է վերբալ իմիջի դերը Էդմոն Մարուքյանի՝ որպես պրոֆեսիոնալ իրավաբանի, փաստաբանի, քաղաքական գործչի, լիդերի կերպարի ընդգծման գործում։ Նրա խոսքը բավականին ազդեցիկ է, ունի հարուստ բառապաշար, խոսելիս, ելույթ ունենալիս բավականին պարզ ու հստակ է այնպես, որ հասկանալի ու ընկալելի է յուրաքանչյուրի համար՝ սկսած շարքային քաղաքացիներից և վերջացրած պատգամավորներով և այլ պաշտոնատար անձանցով։ Գրեթե միշտ խոսում է հանգիստ, ելույթի ժամանակ երբեմն կիրառում է դադարներ՝ կարծես ևս մեկ անգամ հնարավորություն տալով ունկնդրին ավելի լավ ըմբռնելու ասվածը։

2012թ․-ի ԱԺ նախընտրական շրջանում բավականին ազդեցիկ էր և չլսված պատգամավորի այն խոսքը, որով նա շեշտեց, որ ինքը՝ <<Լինելու է դասական պատգամավո՛ր․ ո՛չ մի տանիք չի վերանորոգելու, ո՛չ մի ասֆալտ չի անելու>>։ Այս համատեքստում կարելի է նշել նաև այն, որ յուրաքանչյուր բակային հանդիպման ընթացքում պատգամավորը դիմելով հավաքվածներին՝ շեշտում էր, որ իրենք պետք է իրեն <<աշխատեցնեն>>՝ համայնքային ցանկացած խնդրահարույց հարցերով դիմելով անձամբ կամ գրավոր դիմումների տեսքով։

Համատեքստային իմիջի շրջանակներում պետք է նշել, որ պատգամավոր Էդմոն Մարուքյանին հիմնականում կարելի է տեսնել կամ ընտանիքի հետ, կամ թիվ 30 ընտրատարածքի բնակիչների հետ՝ բակային կամ օֆիսային հանդիպումներին։ Բարիդրացիական շփումներ ունի ԱԺ բոլոր պատգամավորների, կառավարության անդամների, Սահմանադրական դատարանի, դատական իշխանության ներկայացուցիչների հետ, որոնց հետ հաճախ է առիթ ունեցել շփվել փաստաբանական գործունեության շրջանում, հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ԱՄՆ 39-րդ նախագահ (1977-1988), Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջիմմի Քարտեր Կրտսերի հետ, սերտ կապերի մեջ է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Էմի Ջին Քլոբուչարի հետ՝ Մինեսոտա նահանգից։

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի իրադարձային իմիջին, պետք փաստել, որ այն գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա և դրանով իսկ առանձնահատուկ տեղ է գրավում ԱԺ ինչպես 5-րդ գումարման պատգամավորների շրջանում, այնպես էլ ԱԺ ողջ պատմության մեջ։

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ավարտել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը, ծառայել է ՀՀ զինված ուժերում, բարձր առաջադիմությամբ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում է ստացել Վարշավայում` ավարտելով Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, կրթությունը շարունակել է ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի մագիստրատուրայում և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան` պաշտպանելով «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմներ» թեմայով ատենախոսություն: Հետագայում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան է ստացել նաև Միննեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցում, մի շարք մասնագիտական վերապատրաստումներ է անցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` Լեհաստանում, Հունգարիայում, Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:

2001թ․-ից  ակտիվորեն ներգրավված է իրավապաշտպան գործունեության մեջ: Հանդիսանում է մի շարք հասարակական կազմակերպությունների հիմնադիր անդամ, անդամակցում է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան ցանցերի, մասնավորապես` 2002թ․-ից հանդիսանում է «Մարդու իրավունքների երիտասարդական շարժման միջազգային ցանցի» անդամ, իսկ 2003 թվականից ընտրվել է նույն ցանցի համակարգող խորհրդի անդամ, 2002-2004թթ․-ին աշխատել է <<Մեդիա Գրուպ>> լրատվական հասարակական կազմակերպությունում որպես իրավաբանական բաժնի ղեկավար, 2005թ․-ից հանդիսանում է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ, իսկ 2006թ․-ին ընտրվել է որպես խմբի նախագահ և համակարգել խմբի գործունեությունը, 2005թ․-ից մինչ օրս հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ, 2006թ․-ից հանդիսանում է «Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանց» միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ, 2008թ․-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, ազգային և միջազգային ատյաններում նախաձեռնել և հաջողությամբ վարել է բազմաթիվ ռազմավարական դատավարություններ` միտված Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավակիրառ պրակտիկայի զարգացմանը, 2007-2012թ․ մայիս աշխատել է «Պոպուլեքս» ՍՊԸ փաստաբանական գրասենյակում որպես գործընկեր, փաստաբան, 2007-2008թթ․-ին աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում որպես իրավագիտության դասախոս, 2009թ․-ին աշխատել է Լոռու մարզի «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնում» (ՇՊԱԿ) որպես ավագ իրավաբան, 2010թ․-ին գործընկերների հետ հիմնադրել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որն ի թիվս բազմաթիվ այլ գործերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հայ գերու գործն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության:

Վերջին տասը տարիների ընթացքում Էդմոն Մարուքյանը, Հայաստանի տարբեր համայնքներում, կազմակերպել և անցկացրել է մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմաներով ավելի քան հարյուր դասընթացներ և սեմինարներ: ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո, նույնպես, Էդմոն Մարուքյանը շարունակում է ակտիվորեն մասնակցել համայնքային կյանքին, ինչպես կազմակերպել և անցկացնել, այնպես էլ մասնակցել տարբեր սեմինարների, դասընթացների և կոնֆերանսների ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում։ 2013 թվականի հոկտեմբեր ամսվա վերջին Վանաձոր քաղաքում կայացավ <<Քաղաքացիական կոալիցիա հանուն տեղական հաշվետվողականության>> խորագրով կոնֆերանս, որին հրավիրված էին ինչպես Վանաձոր համայնքը ներկայացնող ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, այնպես էլ ներկայացուցիչներ կառավարությունից, ՏԻՄ փորձագետ Արշավիր Ղուկասյանը, Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբ ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Ավեսը (Jonathan Aves) և այլոք։

Էդմոն Մարուքյանը հանդիսանում է մի շարք գիտական հոդվածների, վերլուծական ձեռնարկների և մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցների հեղինակ և համահեղինակ:[10]

[1] А.Ю.Панасюк, Вам нужен имиджмейкер?, М., 1998, стр. 8-9.

[2] В.Г.Королько, <<Основы паблик рилейшнз>>, М., 2000 г., стр. 294.

[3] http://www.megabook.ru, Универсальная энциклопедия.

[4] А.И.Соловьев, Политология: Политическая теория, политические технологии, М., 2000 г., стр. 519.

[5] http://www.youtube.com/user/edmonmarukyan – YouTube, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի պաշտոնական էջ

[6] http://parliamentmonitoring.am – PARLIAMENT MONITORING

[7] Նվարդ Մելքոնյան, <<Առաջնորդի իմիջը քաղաքական գովազդում>>, <<21-րդ ԴԱՐ>> թիվ 1 (15), Հունվար, 2007թ․

[8] http://www.parliament.am/ – Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով, պաշտոնական կայք

[9] http://www.youtube.com/watch?v=tbca2ygBd7s – Մեկ օր անկախ պատգամավորի հետ

[10] http://edmonmarukyan.com – ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի պաշտոնական կայք
Պատգամավորի կենսագրությանն ու գործունեությանն ամփոփ ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝  Էդմոն Մարուքյան, պրեզենտացիա․ pptx․

Բաժին: featured, Մամուլ