Խայտառակության խայտառակությունը

16/06/2015

Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանի արտահերթ նիստում խիստ քննադատական ելույթ ունեցավ, երբ քննարկվում էր «Քաղաքացիական օրենսգրքում» ու հարակից այլ օրենքներում նախատեսվող փոփոխությունների փաթեթը, որում ներառված է նաեւ «Առեւտրային արբիտրաժի մասին» : Մարուքյանը բարձրացրեց Հայաստանի քաղաքացիների հանդեպ կայացվող վարչական ակտերի առատության խնդիրը: Պատգամավորի ներկայացրած վիճակագրության համաձայն, Հայաստանի քաղաքացիների հանդեպ նշանակված զանազան տուգանքները հասնում են մոտ 2 միլիոնի: Հայաստանի մոտ 3 միլիոն բնակչության հանդեպ տարեկան կայացվում է տուգանքի մոտ 2 միլիոն որոշում: «Սա խայտառակության խայտառակությունն է: Նման ելույթներ, գիտեք, ես փորձում եմ չունենալ, բայց չափ ու սահմանն անցել է: Տարեկան 2 մլն վարչական ակտ, սա խայտառակություն է, ինչի՞ համար, ինչ է թե մեկը մի գի՞ծ է տրորել, ո՞վ է տեսել մի գիծ տրորելու համար հինգ հազար տուգանել, մի անգամ զգուշացրեք, երկրորդ անգամ խիստ զգուշացրեք, չափ կա, սահման կա: Նայեք սոցիալական վիճակին բնակչության, ինչքան վիճակը գնում է ներքև, ծայրահեղ է դառնում մարդկանց օրվա ապրելակերպը, այնքան վարչական ակտերը շատանում են», հայտարարեց պատգամավորը: Ըստ նրա՝ մարդու նկատմամբ մոտեցումը պետք է փոխվի: Մարուքյանը հիշեց օմբուդսմենի մի դիմումի մասին, որը պետք է քննվեր ՍԴ-ում. «Էն մի հատ օմբուդսմեն ունեինք է, ՍԴ էր դիմել: Սպասեցինք, սպասեցինք՝ ինչ է լինում, մեկ էլ իմացանք ինչ՝ մի հրաշալի անձնավորություն. էն որ ասում են՝ արդեն շատ քիչ է մնացել, որ գործը քննվի, օմբուդսմենը գործը հետ է վերցնում, ասում՝ գիտեք ինչ, խորհրդարանում քննարկվում է այս հարցը, շահարկում են իմ դիմումը, դրա համար հետ եմ վերցնում: Երկրում ապրում է երկուս ու կես միլիոն մարդ, որից երկու միլիոնին տուգանում են: Խնդրում եմ՝ մինչեւ ԱԺ աշնանային նստաշրջան, եկեք մի բան անենք, որ հնարավոր է՝ կառավարության տեսակետի հետ չհամընկնի: Մինչդեռ այս ընթացքում մարդիկ պետք է գնան ամառային արձակուրդ ու հանկարծ պարզելու են, որ տուգանքների պատճառով իրենց բանկային հաշիվների վրա կալանք է դրված ու չեն կարողանալու օգտվել բանկային քարտերից: Ես համապատասխան նախագիծ կպատրաստեմ ու կմոտենամ յուրաքանչյուրիդ, որ ստորագրեք»:

Աղբյուր ` hraparak.am

Բաժին: featured, Մամուլ