ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է վիրավոր զինծառայողներին արտերկրում բուժելու մասին օրենքը
Եթե մարտական հերթապահության ժամանակ կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ ԶՈւ զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության բուժումը Հայաստանում հնարավոր չլինի, ապա բուժումը կազմակերպվելու է արտերկրում՝ ՀՀ բյուջեի հաշվին:
Այս մասին օրենքի նախագիծն այսօր՝ հունիսի 18-ին, 103 կողմ (0 դեմ, 0 ձեռնպահ) ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ազգային ժողովում, ինչը նշանակում է, որ խորհրդարանն ընդունել է օրինագծի հիմնական դրույթները և երրորդ ընթերցմամբ քննարկելու է միայն «կոսմետիկ» փոփոխություններ: Երրորդ ընթերցմամբ ընդունումից հետո օրենքը ներկայացվելու է նախագահի ստորագրմանը:
««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀօրենքի նախագծով սահմանվում է, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»օրենքում (մասնավորապես 33-րդ հոդվածի 1-ին պարբերությունում) ավելացվելու է հետևյալ հատվածը.
Զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում:
ՀՀ-ից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով:
Օտարերկյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը նրանց կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում է նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում:
Սա կնշանակի, որ օրենքի ընդունման դեպքում առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ մարտական հերթապահության ժամանակ զինծառայողի ստացած վիրավորումը կամ հիվանդությունը Հայաստանի բյուջեի հաշվին կբուժվի արտերկրում, եթե Հայաստանի բժշկական հիմնարկներում դա հնարավոր չլինի ապահովել: Անհրաժեշտության դեպքում՝ պետական միջոցների հաշվին կապահովվեն նաև բուժման մեկնող զինծառայողին ուղեկցողի ճանապարհածախսն ու կեցության ծախսերը:
Ընդ որում՝ թեև օրինագծում շեշտված չէ, բայց օրենքն ունենալու է նաև հետադարձ ուժ, ինչը նշանակում է, որ այն տարածվում է նաև այն զինծառայողների վրա, որոնք վնասվածք կամ խեղում ստացել են մինչև օրենքի ընդունումը, սակայն ներկայում էլ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Այս մասին մասնավորապես հունիսի 17-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարել են նախագծի հեղինակներ Էդմոն Մարուքյանը և Արփինե Հովհաննիսյանը:
Օրինագիծը, սակայն, չի վերաբերի այն զինծառայողներին, որոնք կանխամտածված են ստանում վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով՝ հիվանդություն:
Ավելացնենք, որ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության հավանությանն էր ներկայացվել 2015թ. մայիսին: Կառավարության միաձայն հավանությունից հետո այն արագորեն ընդունվեց ԱԺ-ում՝ աննշան փոփոխություններով:
Աղբյուր՝ razm.info
Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ