Էդմոն Մարուքյանը պահանջում է վերանայել լուծարված ՀԿ-ների կարգավիճակը

02/10/2012

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԱԺ հայտարարություններիր ժամին արված պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը

02.10.2012թ.

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Հարգելի Ազգային Ժողովի նախագահ,

Հարգելի գործընկերներ

2011 թվականի մայիսի 26-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է <2008 թվականի Հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին> ՀՀ օրենքը:

Սույն օրենքի սխալ կիրառման արդյունքում պետական լիազոր մարմինը,  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, անհատ ձեռներեցների և այլ կազմակերպությունների հետ միասին լուծարել է նաև մեկ տասնյակից ավել Հասարակական Կազմակերպությունների, որը ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածի ակնհայտ խախտում է:

Ինձ են դիմել մի շարք հասարակական կազմակերպություններ խնդրելով այս հարցը ԱԺ-ում բարձրացնել և պաշտպանել իրենց շահերը: Այս կազմակերպություններից են` “Թռիչք”, “Լոռու զարգացման կենտրոն”, “Անվտանգ մանկություն”, “Առողջ կյանք”, “Երիտասարդական ալիք”, “Բանալի”, “Ապոլոն”, “ԱՌՈՂՋ ԼՈՌԻ”, ”Վանաձորի առողջ հասարակություն”, “Թագավորանիստ կրթամշակութային բարեգործական կենտրոն”, “Անաղարտ Լոռի”,  “Մանչուկ”,  “Խուլերի կրթամշակութային կենտրոն” և բազմաթիվ այլ ՀԿ-ներ:

ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ կազմելու և դրանց անդամագրվելու իրավունք: Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատական կարգով:

Ավելին, նշված գործողությամբ պետական լիազորված մարմինը խախտել է նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ կազմակերպության հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` պետական լիազորված մարմնի պահանջով և միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից պահանջում եմ վերանայել Օրենքի կիրարկման անօրինական պրակտիկան և անվավեր ճանաչել Հասարակական կազմակերպությունների լուծարման մասին որոշումը` հանելով լուծարված կազմակերպությունների անունները լուծարված կազմակերպությունների ցանկից:

 

ՀՀ ԱԺ պատգամավոր
Էդմոն Մարուքյան

Բաժին: Պաշտոնական