Եկել է պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ Վարդան Օսկանյանին պաշտպանելու ժամանակը
Թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, երբ 2003, 2005, 2007, 2008 թթ. որպես փաստաբան ամեն օր առնչվում էր մարդու իրավունքների պաշտպանության խնդրին և որպես ընդդիմադիր այցելում էր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ, իշխանության ներկայացուցիչները նրան այպանել են, թե Մարուքյանն ընդդիմադիր է՝ պաշտպանելով «ընդդիմադիր այսինչին»:
Հիմա եկել է Էդմոն Մարուքյանի՝ Վարդան Օսկանյանին պաշտպանելու ժամանակը:
«Ես դեռ այն ժամանակ էի ասում, որ եթե պետք լինի, Ձեզ էլ եմ աջակցելու»,- ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ:
Էդմոն Մարուքյանը՝ անսպասելի հավելեց. « Ես չեմ ուզում դառնալ Ձեր փաստաբանը, իմ լավ ընկերները Ձեր փաստաբաններն են, փող էլ ունեք, կարող եք էլի լավ փաստաբաններ ունենալ»:
Ազգային ժողովի կայքում տեղադրված են նորանկախ Հայաստանի խորհրդարանի բոլոր գումարումների, բոլոր նիստերի սղագրությունները, և անկախ պատգամավորն ուսումնասիրել է ԲՀԿ վարքագիծը՝ 2008թ. մարտի 1-ին ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին հարող Խաչատուր Սուքիասյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին ու Հակոբ Հակոբյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նիստի ժամանակ, երբ կրկին ԱԺ-ում էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
«Ինչպե՞ս են քվեարկել՝ չեմ կարող ասել, քանի որ փակ գաղտնի քվեարկություն էր, բայց նիստերի սղագրություններում որևէ ելույթի չհանդիպեցի, բացի այն, որ Նաիրա Զոհրաբյանը խնդրել է Վերստուգիչ հանձնաժողովի իրենց անդամին փոխարինել Վահագն Մաղսուդյանով»,- հիշեցրեց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև նշեց, որ ԱԺ դահլիճում չկա որևէ մեկը, ով իրեն ասի, թե ինքն ինչպե՞ս քվեարկի:
Մասնագիտությամբ իրավաբան Էդմոն Մարուքյան համար շատ բան հասկանալի է, բայց երկու հարցերի պատասխան նա ուզում էր ստանալ Գլխավոր Դատախազից՝ որքան գումար է եղել Վ. Օսկանյանի հաշվեհամարին Հանթսմանի փոխանցումը ստանալու պահին, և ի՞նչ նկատի ունի ՀՀ գլխավոր դատախազը՝ ասելով, որ Վարդան Օսկանյանը ոչ միայն չի ձերբակալվի, կալանավորվի, այլև կունենա ազատորեն տեղաշարժվելու իրավունք:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցմանն ի պատասխան Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ փոխանցումը ստանալու պահին , այդ օրվա դրությամբ հաշվի մնացորդը եղել է «0»: Դրանից 1.200.000 ԱՄՆ դոլարը ձևակերպվել է որպես տիպային ավանդ, մնացած 227.000 ԱՄՆ դոլարից 181.000 ԱՄՆ դոլարը ելք է արվել և ծախսվել անձնական նպատակներով:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա դատախազն ասաց, որ իրեն հայտնի է նախաքննական մարմնի դիրոքորոշումը, որ նրա նկատմամբ չեն պատրաստվելու որևէէ խափանման միջոց ընտրել, ինչը թույլատրվում է գործող օրենսդրությամբ:
Նշենք, որ քաղաքից չբացակայելու ստորագրությունն ավելի մեղմ խափանման միջոցն է, որը փոխարինում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն:
Աղբյուրը` ԹԵՐԹ.am
Բաժին: Մամուլ