Այս 4-ից բացի
Երեկ Հայաստանի խորհրդարանը առիթ ունեցավ եւս մեկ անգամ բացահայտել իր հակապետական եւ ոչ լեգիտիմ բնույթը: Խորհրդարանը վավերացրեց ՀԱՊԿ արձանագրությունը, ըստ որի ՀԱՊԿ անդամ պետությունն իրավունք չունի իր տարածքում այլ երկրի ռազմական բազա տեղադրի առանց անդամ երկրների համաձայնության: Կողմ քվեարկեց խորհրդարանի մեռյալ մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, դեմ էին միայն 4 պատգամավոր՝ Ալիկ Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արծվիկ Մինասյանը: Այսպես կոչված ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կամ չկային, կամ կողմ ու ձեռնպահ քվեարկեցին:
Փաստացի, կատարվեց պետական հանցագործության ակտ, այն էլ մի ժամանակաշրջանում, երբ մեր տարածաշրջանում սկսել է պատերազմ: Ինչու պետական հանցագործություն. որովհետեւ, այդ որոշումն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության դեմ, երկրի անվտանգության դեմ: Հայաստանը այդ արձանագրությամբ զրկվում է սեփական ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում մանեւրի ու արդյունավետ մեխանիզմների հնարավորությունից:
Ոչ Ռուսաստանը, ոչ էլ առավել եւս տաջիկներն ու կիրգիզները երբեւէ Հայաստանի անվտանգության հարցերով չեն զբաղվելու, առավել եւս, որ նրանք Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակիցներն են: Պետք էլ չէ, որ զբաղվեն, որովհետեւ մանավանդ Ռուսաստանի հետ պատմության փորձը ցույց է տալիս, որ այս երկիրը հայկական շահերը մշտապես զոհաբերել է ռուս-թուրքական պատմական ու ռազմավարական շահերին:
Փոխարենը, հայերը միշտ հաղթել են այն ժամանակ, երբ չեն մնացել ռուսների հույսին: Հիշենք թեկուզ Սարդարապատն ու Ղարաբաղը:
Ինչ է ստացվում. Հայաստանի խորհրդարանը վավերացնում է մի արձանագրություն, որը ոչ միայն անվտանգության երաշխիքներ չի տալիս Հայաստանին, այլեւ կապում է նրա ձեռքերը, զրկում անվտանգության ոլորտում արդյունավետ քաղաքականություն վարելու հնարավորությունից:
Պարզվեց, որ 131 պատգամավորից միայն 4-ն է, որ իրավունք ունի կոչվելու պատգամավոր: Այս 4-ի քվեարկությունն է, որ լեգիտիմ է, իսկ մյուսները վավերացրին Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության դեմ ուղղված ակտը: Այդ թվում նրանք, ովքեր բոյկոտում էին քվեարկությունը:
Ոչ լեգիտիմ խորհրդարանի որոշումները որեւէ իրավական ու քաղաքական ուժ չեն կարող ունենալ: Այս խորհրդարանը պետք է լուծարվի Հայաստանի շահերի դեմ աշխատելու համար:
Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/politics-lrahos72387.html
Բաժին: Մամուլ