Մարուքյան. Կառավարությունը խնայողությունից է խոսում, բայց թանկարժեք կահույք գնում
Կառավարությունը 98 միլիոն դրամի կահույք է գնել, 19 հատ խոլ՝ հատը 720 հազար դրամ, 25 հատ բազմակաթոռ՝ հատը 125 հազար դրամ, 8 հատ կաշվեպատ բազկաթոռ՝ հատը 250 հազար դրամ: Բացի այս, դահլիճի վերանորոգման և խորհրդակցական սենյակների համար ևս բավական շատ գումարներ են ծախսվել… խնայողությունից եք խոսում: Եթե նախորդ տարի այս ծախսերը բյուջեում արտացոլված լինեին, ապա պատգամավորները կնկատեին, որ վատ տնտեսական տարի է, ուստի կառաջարկեին գումարն ուղղել այլ ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում ընթացող 2016թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` քննադատելով շռայլ ծախսերը դժվարին տարում:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ն նման ծախսեր ներկայումս քննարկվող նախագծում, քանի որ եթե նախորդ տարի այդ ծախսերը անցել են այնպիսի տողով, որը չի երևացել, ապա գուցե հիմա էլ այդպես լինի.
«Անցած տարվանը ո՞ր տողով է գնացել, օրինակ՝ մեկը ես դա չեմ տեսել»,- ընդգծեց նա:
Արձագանքելով հարցին ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նախ ասաց, որ պատգամավորը պետբյուջեի վերաբերյալ իր կարծիքը պետք է ձևավորի ոչ միայն զեկույցից, այլ նաև այն նախագծից, որը տրամադրվել է: Կապիտալ նորոգումը նախատեսված է եղել բյուջեի նախագծով, շարունակեց նա, իսկ գույքի ձեռքբերումը Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարության համար է եղել, որը նոր է ստեղծվել.
«Այն նոր է ստեղծվել, հատկացումները եղել են պահուստային ֆոնդից: Բնականաբար բյուջեում այդ ծախսերը չէին կարող արտացոլվել»,- նշեց Պ. Սաֆարյանը:
Այնուհետ ավելացրեց, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը իր հերթին կզեկուցի, թե որ բազկաթոռը որ նախարարության համար է եղել:
Աղբյուր՝ aysor.am