ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը պետք է թարմացվի. «restart» է պետք. Էդմոն Մարուքյան
ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժաղովն օրեր առաջ Ղարաբաղի վերաբերյալ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույց ընդունեց: Թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
–ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժաղովում Ղարաբաղի վերաբերյալ վիճահարույց զեկույց ընդունվեց: Իհարկե, այս օրերի ընթացքւմ շատ խոսվեց այդ մասին, ըստ ձեզ՝ ինչո՞ւ ԵԽԽՎ–ն հավանության արժանացրեց այդ նախագիծը:
-Կարծում եմ՝ ի սկզբանե ակնհայտ էր՝ հանձնաժողովի մակարդակում հավանության է արժանանալու, այլ բան է, որ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում, հայկական լոբբինգի արդյունքում որևէ բան փոխվի, չնայած մեծ հույսեր չունեմ. Զեկույցի վերնագրի փոփոխման, վերանայման շանսերը դեռևս այն ժամանակ էր, երբ պետք է հաստատվեր փաստաթղթի վերնագիրը և շրջանակները: Դա չեղավ, ուստի պարզ էր՝ այն պետք է իր ընթացքն ունենար և շարունակվեր:
–Հայկական պավիրակությունն արե՞ց հնարավոր ամեն ինչ, թե, այնուամենայնիվ, թերացումներ կային:
-Կողքից հետևելով կասեմ՝ տպավորություն կար, որ մենք կարող էինք ավելին անել: Բացի դա՝ պավիրակության հետ կապված բազմաթիվ քննադատություններ են եղել այս ընթացքում, սակայն պավիրակությունն այդպես էլ չի թարմացվել: Լավ կլիներ՝ պավիրակությունը թարմացվեր երիտասարդ ուժերով, նոր մարդկանցովևւ փորձ արվեր «restart» անել Հայաստան-ԵԽԽՎ հարաբերությունները՝ սկսելով մաքուր թղթից: Դա չարվեց և ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես կա: Սա այն անիմաստ պահպանողականության ժանրից է, այսինքն՝ ինչ կա, թողնում ենք՝ այդպես մնա, բայց աշխատանքի արդյունքները մեզ չեն էլ գոհացնում:
-Բոլորը մեզ մոտ՝ Հայաստանում, քննադատում են ԵԽԽՎ պատգամավորներին, զեկույցի հեղինակին, Ադրբեջանին, այսինքն՝ մեր պարտությունը «արդարացնում ենք» դիմացինին մեղադրելով: Մի՞թե հենց սա չի մեր սխալը:
-Երբ որևէ միջազգային կառույցում որևէ ոչ հայանպաստ բանաձև է ընդունվում՝ բոլորը սկսում են խոսել նավթադոլարների և խավիարի մասին, բայց չեմ կարծում՝ դա արդարացում է նման պարտություններ կրելու համար: Այնպես չէ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները կաշառված են, չի կարելի այդպես ընդհանրական գնահատական տալ. դա դիվանագիտական կոպիտ սխալ է: Չի կարող մի ամբողջ հանձնաժողով ծախված լինել, խավիար ուտել և մոռանալ ամեն ինչ: Պետք է լավ աշխատել, հարթել բոլոր սուր կողմերը, եթե հայանպաստ բանաձև էլ չընդունվի, ապա գոնե ոչ հայանպաստները չլինեն: Այդ մոտեցումը շատ նման է Ադրբեջանի այն դիրքորոշմանը, երբ իրենց քննադատում են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման, քաղբանտարկյալներ ունենալու, լրագրողներին բանտեր նետելու հարցերում. իրենք ասում են՝ Արևմուտքն իրենց դեմ դավեր է նյութում՝ չտեսնելով կամ չցանկանալով տեսնել սեփական սխալները:
–Ինչպե՞ս կգնահատեք Եվրախորհրդարանի հետ Հայաստանի հարաբերությունները: Որակական առումով խնդիր տեսնո՞ւմ եք:
-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներկայացուցչական մարմին է, այն չի խոսում կառավարական մակարդակի մասին. դա խորհդարանական դիվանագիտության մակարդակ է: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի հետ մեր հարաբերություններին, ապա այն շատ լավ և բարձր մակարդակում է գտնվում: Խորհրդարանական դիվանագիտության հարթակում ունենում ենք նման իրավիճակներ, որովհետև այնտեղ այլ կանոններ են աշխատում, պատգամավորներն ազատ են իրենց գործունեության մեջ:
– ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ, ըստ Ձեզ՝ ի՞նչ հետևանք կունենա այս հայտարարությունը:
-Դիվանագիտական քննադատությունն էր, որը սթափեցրեց այն մարդկանց, որոնք նման զեկույցներ են գրում կամ կողմ քվեարկում դրանց ընդունմանը: Կարծում եմ՝ ինչ-որ տեղ էլ իրավիճակը փրկեց՝ ցույց տալով, որ այնքան էլ լուրջ չէ Մինսկի խմբից դուրս ինչ-որ նախաձեռնություններ անել և դրանով ուրախանալ: Բայց ասել, որ Ուորլիքի հայտարարությունը կազդի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կայանալիք քվեարկության արդյունքների վրա և դեմ կքվեարկեն՝ չեմ կարող. այդպես չեմ կարծում:
Շողիկ Գալստյան
Աղբյուր՝ araratnews.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ