Կառավարությունը երկու տարի փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ, չեմ հետաձգելու, թող գնա ու տապալվի. Էդմոն Մարուքյան

06/11/2015

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից հեղինակած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով պատգամավորն առաջարկում է անցնել վարչարարության հիմունքների նախկին եղանակին, երբ տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով: Նախագծի արձանագրության մեջ շեշտվում է, որ անձը, կատարելով ենթադրյալ վարչական իրավախախտում, վարչական մարմնի կողմից ծանուցվում է, որ պարտավոր է վճարել տուգանք, ինչի հետ նա մասամբ կամ ամբողջությամբ հնարավոր է, որ համաձայն չէ, սակայն չունի բավարար գիտելիքներ իրավական տեսանկյունից հիմնավորելու իր դիրքորոշումն ու բողոքարկելու այդ ակտը, ոչ էլ փաստաբան վարձելու կամ իրավախորհրդատվություն ստանալու հնարավորություն ունի և ավելի մեծ ծախսերից խուսափելու համար ստիպված է վճարել վարչական տուգանքը: Մարուքյանն ասաց, թե խնդիրն օրհասական է, և ինքը գիտի տաքսու վարորդների, ովքեր նման խնդիրների պատճառով մշտապես գլխացավանքի մեջ են ընկնում: Նա ընդգծեց, որ ոչ մի դեպքում նախագիծը չի հետաձգելու, քանի որ կառավարությունը պետք է տեղից շարժվի և ինչ-որ քայլեր անի. «Նախագիծը չեմ հետաձգելու, Կառավարությունը երկու տարի փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ, չեմ հետաձգելու, թող գնա ու տապալվի, մարդիկ տեսնեն, որ քաղաքական կամք չկա այն իրագործելու»,- ասաց Մարուքյանը: Նախագիծը դրվեց քվեարկության, սակայն չընդունվեց, քանի որ ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին նախագծին: Կողմ քվեարկեցին պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Էդմոն Մարուքյանը և Հովհաննես Մարգարյանը:

Աղբյուր` Newsbook.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ