Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը կողմ քվեարկեց միայն ինքը

06/11/2015

Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

Նախագծով առաջարկվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Նախագիծը քննադատեցին հանձնաժողովի բոլոր անդամները, քանի որ բնութագրվեց որպես ազատ խոսքի արտահայտման սահմանափակում: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ եթե այն գործի, ապա սոցիալական ծանր պայմաններում գտնվող ժողովրդի համար լուրջ խնդիր կառաջացնի. «Ըտենց որ լինի Շիրակի մարզի ողջ Ամասիայի ժողովրդին պետք ա դատեք»,- ասաց նա, իսկ Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Էդ օրը գցողներին պետք է դատել»:

 

Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ևս խոսքի ազատության տեսակետից մտահոգիչ համարեց նախագիծը: «Եթե կոչերն ու հայտարարությունները դարձնենք քրեորեն պատժելի, այն մեծ խնդիր կդառնա»,-ասաց նա:

 

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ևս կիսեց նույն մտահոգությունը. «Այ Էդմոն ջան, դու նենց զենք ես տալիս աղվանական արդարադատության ձեռքը, որ թուրը քաշած սաղին մորթելու է»,- ասաց նա:

 

Իսկ Էդմոն Մարուքյանը շարունակեց պնդել, որ տարբեր անհատներ ու կազմակերպություններ քարոզարշավ են իրականացնում՝ ուղղված պետականության դեմ: «Տարածքային ամբողջականությունն այն արժեքն է, որի պահպանման համար միջազգային բոլոր նորմերով թույլատրվում է խոսքի ազատության որոշակի սահմանափակումներ»,-ասաց պատգամավորը:

 

Այսպիսով՝ նախագծին միայն կողմ քվեարկեց Էդմոն Մարուքյանը:

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ