Նախագծերը ծանոթով են դրվում քննարկման. Է. Մարուքյանի դժգոհությունն ու ԱԺ նախագահի առաջարկը
ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանը մեկնարկեց պատգամավորների դժգոհություններով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց նիստերի օրակարգը, որից հետո հարցեր տալու համար հերթագրվեց, ապա իր դժգոհությունը հայտնեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«2012թ-ից սկսած օրակարգում ունեմ ընդգրկված 15 նախագիծ, և այդ նախագծերը չեն դրվում քննարկման: Կարծում եմ՝ եթե ունենք սահմանադրական իրավունք նախաձեռնելու, բայց դրանք չեն քննարկվում, ստացվում է, որ մեր սահմանադրական իրավունքը պատրանքային է, չի իրացվում»,- իր վրդովմունքը հայտնեց պարոն Մարուքյանը՝ խնդրելով իր նախագծերը քննարկման առարկա դարձնել:
«Տպավորություն է, որ ծանոթով են նախագծերը դրվում քննարկման»,- ասաց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ իր ներկայացրած նախագծերից հետո բազմաթիվ նախագծեր են բերվել, որոնք դրվել են քննարկման, բայց իր բերած նախագծերը, որոնք կարևոր հարցերի են առնչվում, չեն քննարկվում:
«Հումորի համար ասեմ՝ ծանոթ ճարեք»,- արձագանքեց ԱԺ նախագահը:
Նա ասաց նաև, որ այդպիսի մոտ 60-70 նախագծեր կան, և եթե ցանկությունը մեծ է, որ բոլորը քննարկվեն, ապա առաջարկեց աշխատել ավելի ինտենսիվ: Ապա հանդես եկավ եւս մեկ օրիգինալ առաջարկությամբ. «Առաջարկում եմ ԱԺ ամբիոնը քաղաքական չդարձնել»:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ հնարավոր է , որ դրա հետ կապված փոփոխություն լինի նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում:
Շողիկ Գալստյան
Աղբյուր՝ araratnews.am