Մարուքյանը դիմել է վարչապետին՝ Նոյեմբերյանին սահմանամերձի կարգավիճակ տալու առաջարկով

02/02/2016

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Նոյեմբերյան քաղաքին սահմանամերձի կարգավիճակ և արտոնություններ տալու առաջարկությամբ.

«Այսօր ՀՀ վարչապետին եմ դիմել՝ առաջարկելով Նոյեմբերյան քաղաքը Կառավարության համապատասխան որոշումների մեջ ներառելու խնդրանքով: ՀՀ Կառավարության որոշումներով սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների ցանկը: Նշված առաջարկության շնորհիվ քաղաքի բնակիչները որոշումներով նախատեսվող արտոնություններից օգտվելու իրավունք կստանան:

Մասնավորապես, Նոյեմբերյան քաղաքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի հյուսիսում, մարզկենտրոնից 48 կմ դեպի հյուսիս-արևմուտք, մայրաքաղաքից 196 կմ հեռավորության վրա։ Քաղաքը Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանի սահմանից հեռու է ընդամենը 2 կմ: 1990-ականներին ադրբեջանական ռմբակոծության ժամանակ Նոյեմբերյանում տասնյակ զոհեր են եղել: 2015թ. սեպտեմբերի 24-ին ադրբեջանական 3 արկ է ընկել քաղաքի տարածքում: Այժմ էլ Նոյեմբերյանը հաճախակի է գտնվում ադրբեջանական կրակահերթի տակ, սակայն մինչ օրս քաղաքը համապատասխան արտոնություններից չի օգտվում»,- գրառել է պատգամավորը Facebook-յան իր էջում:

Աղբյուր՝ Aysor.am

Բաժին: featured, Մամուլ