Էդմոն Մարուքյանը ստիպում է և մարտահրավեր նետում կառավարությանը

09/02/2016

ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել հենց այսօր, այս պահին։ Դրա համար նա մի շարք օրենսդրական փոփոխություններ է դրել շրջանառության մեջ՝ նշելով, որ իրենք ոչ միայն քննադատում են, այլև այդ խնդիրների լուծմանն ուղվված օրենսդրական փաթեթ են առաջարկում։ Փաթեթում ներառված են Վերահսկիչ պալատի, ՏՄՊՊՀ-ի, ՀՌԱՀ-ի մասին օրենքներում փոփոխությունների մասին նախագծեր և ոչ միայն։ «Ես ունեմ սահմանադրական իմ լիազորությունները, հնարավորությունը՝ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու, և դրանք հերթով շրջանառության մեջ են դրվել։ Ավելին, դրանով նաև մարտահրավեր է նետվելու Կառավարության հակակոռուպցիոն խորհրդին էն մասով, որ խորհուրդը հստակ անելիքներ ունի, և էդ անելիքները նաև մենք ենք ներկայացնելու, թե որոնք են։ Ուսումնասիրելու ենք բացերը՝ ոլորտ առ ոլորտ և ներկայացվելու ենք դրանք լուծելու ճանապարհներ և ուղիներ, և դրանից հետո արդեն մենք կտեսնենք՝ կա՞ արդյոք կամք էդ խնդիրները լուծելու, թե՞ ոչ»,-ասաց նա։ Մարուքյանը հիշեցրեց, որ իրենք մանրամասն ուսումանսիրել են հակակոռուպցիոն խորհրդի 19 էջանոց հաշվետվությունը, և այնտեղ, ըստ նրա, հակակոռուպցիոն կամք ցուցաբերող որևէ լուրջ քայլ չի նկատել. «Ճիշտ է, աշխարհում լավագույն փորձ է համարվում ուսուցիչներին, աշակերտներին բարեվարքության սեմինարն անելը, բայց չեմ կարծում, որ այս պահին Հայաստանում այդ ճանապարհով գնալը այս պահին եղած կոռուպցիոն ռիսկերը կնվազեցնեն կամ այսօրվա եղած շահերի բախման եղած խնդիրները կնվազեցնեն»։ Իսկ ի՞նչ հույս ունի, որ իր այս նախագծերն էլ, նախորդների նման, չեն մնա թղթի վրա և կդրվեն ԱԺ-ում քննարկման, Մարուքյանն ասաց. «Ներկայացվում ենք, որպեսզի այն քննարկվի և չի կարող չքննարկվել, ինչու՞, որովհետև հակակոռուպցիոն խորհուրդը պաշտոնապես հայտարարել է, որ մենք կամք ունենք կոռուպցիայի դեմ պայքարելու։ Դե որ կամք ունեք, ես էլ ներկայացնում եմ նախագծերը։ Այսինքն՝ սա մարտահրավեր է հենց հակակոռուպցիոն խորհրդին, որ այս նախագծերը շուտ քննարկվեն»։ Hraparak.am-ի դիտարկմանը, թե իշխանությունները հակափաստարկ կբերեն, որ իրենք էլ իրենց նախագծերն են ներկայացնում, այս առումով՝ ինչպե՞ս է պնդելու, որ հենց իր նախագծերն է հարկավոր առաջնահերթ քննարկել, Մարուքյանն ասաց, որ իրենց մոտեցումը հետևյալն է. «Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել այսօր, հիմա։ Այսինքն՝ ասել, որ մենք հիմա աշակերտների հետ բարեվարքության սեմինարներ կանենք, հետո նրանք կմեծանան, մոնիտորինգ կանեն, դա շատ լավ բան է, բայց դա այսօրվա հարց չէ։ Դրանով բավարարվել, որ այսօր կոռուպցիայի դեմ պայքար է մղվում մեր երկրում, կարծում եմ՝ դա ֆանտազիայի ոլորտից է։ Ես կարծում եմ, որ նրանք այսօր դրանով են բավարարվում, ինչի մասին էլ բարձրաձայնեցի հարցուպատասխանի ժամանակ»։ Նա նաև ասաց, որ ինքը չէր ցանկանա, որ հակակոռուպցիոն խորհրդի ռազմավարական ծրագիրն ավարտվի ընդամենը ինչ-որ օրենքներ ընդունելով։ Հարցինք նաև անկախ պատգամավորին, թե ինչպե՞ս է ստիպելու հակակոռուպցիոն խորհրդի անդամներին, որոնց թվում ոմանց անուններն, ի դեպ, հենց կոռուպցիայի կոնտեքստում է շրջանառվում, դրսևորել քաղաքական կամք՝ պայքարել նաև իրենք իրենց դեմ։ «Այ հիմա այս նախաձեռնությունը ստիպել է։ Սա կոչվում է ստիպել։ Սրանից այն կողմ ես ստիպելու այլ տարբերակ չգիտեմ։ Հրապարակային, թափանցիկ աշխատանք և թափանցիկ մարտահրավերների նետում է»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ