ՄԻՊ նոր խնդիրներն, ըստ Էդմոն Մարուքյանի
«Հայաստանում նոր իրավապաշտպան գործունեության հիմքում պետք է դրվեն տնտեսական ազատությունները, ինչը լուրջ խնդիր է այսօր»,- խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:Նրա խոսքով՝ Հայաստանում երկար տարիներ խոսում ենք քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին, բայց մի ամբողջ ոլորտ իրավապաշտպանությունից դուրս է մնացել՝ տնտեսական ազատությունները:«Մեր երկրի զարգացումը նաև սրա պատճառով է կանգնել՝ տնտեսական ազատությունների, անհավասարությունների, անհավասար մրցակցային պայմանների: Մենք լուրջ խնդիրներ ունենք, և այս խնդիրները տարիներ շարունակ անտեսվել են: Միշտ ավելի անշառ է եղել գնալ ու ասել, որ այսինչ անձի խոսքի ազատության իրավունքն է ոտնահարված, այսինչին քրեակատարողական հիմնարկում այսօր ճաշ չեն տվել, այն մյուսն այսինչ ազատությունից է զրկվել, բայց տնտեսական իրավունքներից ու ազատություններից խոսելը Հայաստանում շատ լուրջ ու վտանգավոր բան է դարձել երկար տարիներ»,- ասաց Մարուքյանը:Նրա խոսքով՝ այս թեման չի արծարծվում, որովհետև հստակ տնտեսական շահերի խնդիր կա, մարդիկ կան, որոնք լուրջ ազդեցություն ունեն, և նրանց ազդեցությունը տարածվում է տարբեր պետական կառավարման մարմինների վրա, շահերի բախման լուրջ խնդիրներ կան: Մարդու իրավունքների նախորդ պաշտպանը, ըստ նրա, մի փոքր անդրադարձել է այս ոլորտին, բայց այստեղ շատ մեծ աշխատանք կա կատարելու:Էդմոն Մարուքյանը ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին ասաց, որ նրանից սպասելու է այս ոլորտում մեծ աշխատանքի իրականացում:«Սա այն տեղն է, որտեղ մեր երկրի զարգացումն ըստ էության դանդաղեցված է կամ կասեցված»,- ասաց նա: Եթե այս իրավունքները հնարավոր լինի պաշտպանել, պատգամավորի խոսքով, մարդիկ ավելի ինքնաբավ կլինեն, իսկ ինքնաբավ մարդկանց իրավունքները տարբեր քրեական գործի շրջանակներում, տարբեր իրավիճակներում դժվար կլինի ոտնահարել: Ինքնաբավ մարդիկ հնարավորություն կունենան իրենք իրենց շահերը պաշտպանել:
Աղբյուր՝ lragir.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ