Էդմոն Մարուքյան. «Սանկցիան համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող անձանց կատարած հանցանքին»
Քիչ առաջ Ազգային ժողովի քննարկմանն եմ ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում եմ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձևով պատիժը: Նախագծի մշակման համար հիմք է եղել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում անցկացված բոլոր քվեարկություններից, այդ թվում նաև վերջին սահմանադրական հանրաքվեից հետո 153-րդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ մշտապես պատիժ է նշանակվում 500.000-600.000 ՀՀ դրամի չափով տուգանք: Նշված սանկցիան համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող և դրանով ժողովրդավարության դեմ ոտնձգող անձանց կատարած հանցանքին: Քաղաքացու այդ սահմանադրական իրավունքը խախտողների դեմ պետք է կիրառվի արժանի պատիժ՝ բացառապես ազատազրկման ձևով: Ակնհայտ է, որ հանցագործության բացահայտման դեպքում, երբ որպես պատիժ կիրառվում է տուգանք, այդ գումարը վճարվում է հանցանքի «պատվիրատուի» կողմից: Այսպիսով, իրավախախտման հեղինակը որևէ անձնական պատասխանատվության իրականում չի ենթարկվում: Նախագծի ընդունման պարագայում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու մտայնություն ունեցող քաղաքացին կգիտակցի, որ իր հանցանքի բացահայտման դեպքում նա անձամբ է կրելու իր պատիժը և որ այն լինելու է բավականաչափ խիստ, ինչը չի կարող ազդեցություն չունենալ խնդրո առարկա հոդվածով հանցագործությունների նախականխման գործում: Մամլո հաղորդագրություն
Աղբյուր՝ Aravot.am
Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ