2008թ. մարտի 1-ի հանրահավաքը կանխվեց փոփոխությունները սաստելու նպատակով. Մարուքյան

01/03/2016

Մարտի 1-ի պատասխանատուներին հայտնաբերելը եւ օրենքի առջեւ կանգնեցնելը հնարավոր է միայն համակարգային փոփոխությունների դեպքում: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Բոլոր նմանատիպ մեծ հնչեղություն ունեցող զանգվածային մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը ինչ-որ մի օր բացահայտվում են,  եւ ինչ-որ մի օր այդ մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվում, իսկ դա հնարավոր է համակարգային փոփոխությունների արդյունքում»,-նշեց անկախ պատգամավորը:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հենց համակարգային փոփոխությունների դեպքում են անցումային արդարադատության հարցեր բարձրացվում:

«Իսկ այդ հարցերը կարեւոր են նրանով, որ հասարակությունը կարողանա ճշմարտությունը վերհանել, պատասխանատուներին,մեղավորներին հայտնաբերել, պատժել եւ հաշտվել»,-ասաց նա:

ԱԺ անկախ պատգամավորը հավելեց, որ Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը կարեւոր է, որպեսզի հետագայում նմանատիպ դեպքերը կանխվեն:

«Պետք է բացահայտվի, որպեսզի մենք  այս վերքերը կարողանանք շուտ ապաքինել: Մենք բացահայտումով եւ դատապարտումով կարող ենք  նմանատիպ դեպքերից խուսափել»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ 2008թ. Մարտի 1-ի հանրահավաքը կանխվեց «փոփոխությունները սաստելու եւ այդ պահին ուղղակի վերջ դնելու նպատակով»:

Նշենք, որ 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում զոհվեց 8 ցուցարար եւ Ներքին զորքերի 2 ծառայող: Նրանց մահվան համար մինչեւ օրս ոչ ոք չի պատժվել:

Աղբյուր՝ news.am

 

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ