Ինչ են քննարկել Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը Վենետիկի հանձնաժողովի հետ

14/03/2016

Մեր զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Էդմոն ՄարուքյանըՊարոն Մարուքյան, այսօր Դուք և Նիկոլ Փաշինյանը հանդիպել եք Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ժամանակ հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկվել։Հանդիպումը եղել է Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ, մանրամասն ներկայացրել ենք մեր մտահոգությունները կապված նոր ընտրական օրենսգրքի, Հայաստանում երկար տարիներ շարունակվող ընտրական արատավոր պրակտիկայի հետ, նաև ներկայացրել ենք, թե ինչ խնդրահարույց դրույթներ կան ընտրական օրենսգրքում։ Հուսով եմ, որ մեր դիտարկումները հաշվի կառնվեն Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացվող կարծիքը կազմելիս։Իսկ Վենետիկի հանձնաժողովի անդամների կողմից ինչ-որ կարծիք հնչե՞ց հանդիպման ժամանակ։Նրանք հիմնականում լսողի դերում էին և փորձում էին հասկանալ, թե մեր յուրաքանչյուր մտահոգության տակ ինչ հիմնավորումներ են ընկած։ Մենք մանրամասն ներկայացրեցինք ցուցակների հրապարակումից սկսած մինչև տարածքային քվեարկության այդ տարբերակը, ազգային փոքրամասնությունների խնդիրները։ Կարծում եմ դրանք տեղ կգտնեն նրանց եզրակացության մեջ։Իշխանություններն ամեն ինչ անում են թույլ չտալու համար ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը՝ ներկայացնելով դա որպես Վենետիկի հանձնաժողովի պահանջ, ինչպես նաև ընտրության գաղտնիության սկզբունքի խախտում։ Ինչպե՞ս կարող եք ներկայացնել ձեր փաստարկները, որ այս հարցում իշխանությունը ստիպված լինի նահանջել։Այդ առումով տարբերակները շատ են։ Այդ խնդիրը կարելի է լուծել նաև այլ գործիքներով, բայց ամենահեշտ գործիքն արդեն քվեարկած անձանց ցուցակների հրապարակումն է։ Մենք դա մանրամասն ներկայացրել ու հիմնավորել ենք, որ կուսակցությունները պետք է հնարավորություն ունենան այդ ուսումնասիրությունները կատարելու, համեմատելու և արդեն պոստ ֆակտում ասելու, որ այսքան մարդ կրկնակի է քվեարկել կամ քվեարկել է ուրիշի փոխարեն։ Եթե այդ հնարավորությունը չկա, շատ բարդ է լինելու վերահսկել ընտրական գործընթացը։ Հիմա տեսնենք՝ ինչ կլինի։Կոնկրետ ո՞ր առաջարկներն են, որ դուք ամենաշատն եք կարևորում, այսինքն որ դրույթներն են, որ պետք է անպայման ընտրական օրենսգրքում տեղ գտնեն, այլապես ձեզ համար այս օրենսգիրքը տապալված կլինի։Տարածքային ցուցակների հարցը լուրջ հարց է, որը բերելու է մեծամասնական ընտրարշավի։ Այսինքն մարդիկ սկսելու են մեծամասնական ընտրարշավ վարել, ինչն ընտրությունների քաղաքական մակարդակը նվազեցնելու է։ Ռեյտինգային քվեարկություն այնտեղ չկա։ Այնտեղ պարզապես ամեն մարդ իր անվան դիմաց փորձելու է ձայն հավաքել, որպեսզի գործող իշխանությանը ցույց տա, որ ես այսքան ներուժ ունեմ։ Դա բերելու է նրան, որ ծայրահեղ կերպով վարչական ռեսուրս է կիրառվելու։ Դրա համար ես կարծում եմ, որ պետք է լինի փակ ցուցակ, ինչպես հիմա ունենք համամասնական ընտրակարգի դեպքում, առաջին երեք համարը երևացող, և որևէ մեկի անվան դիմաց չես կարող առանձին նշում կատարել։Պարոն Մարուքյան, իսկ Ձեր և Նիկոլ Փաշինյանի մտահոգություններն ընտրական օրենսգրքի վերաբերյալ նո՞ւյնն էին։Հիմնականում նույնն էին։ Այն խնդիրները, որ մենք ունենք ընտրական համակարգում, կարծում եմ՝ բոլոր ընդդիմադիրներն են կիսում։Որքանո՞վ է հնարավոր, որ ընդդիմությունն այս ընտրական օրենսգրքի շուրջ առաջարկությունների մեկ ընդհանուր փաթեթ ներկայացնի։Ես պատրաստ եմ ցանկացած ողջամիտ փաթեթի տակ ստորագրել։ Ուղղակի այստեղ խնդիր կա, որ եթե մենք 1000 պահանջ ենք ներկայացնում, իշխանությունը կարող է ընդունել դրանցից 995-ը, իսկ առանցքային 5 առաջարկները չընդունել։ Դրա համար պետք է առաջարկել 2-3 կետ, որոնք ամենակարևորներն են, որ չկարողանան ասել՝ տեսեք, այս մասն ընդունել ենք, մի մասն էլ չենք ընդունել։Իսկ առանձին-առանձին ներկայացնելու դեպքում հաջողություն կլինի՞։Ես չեմ կարծում, որ հաջողություն կլինի, որովհետև նրանք չեն զիջելու այն տեղերում, որոնք իրենց համար շատ կարևոր են վարչական ռեսուրսը կիրառելու և վերարտադրվելու առումով։ Օրինակ, չեմ կարծում, որ նրանք տարածքային ցուցակներից կհրաժարվեն։

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ