«Դա լինելու է մեր թաղի Վաչոյի ընտրությունը, չի լինելու քաղաքական». Էդմոն Մարուքյան
«Ընտրությունների արդյունքում ձեւավորված մանդատների 50-ից ավելին բաշխվելու է մեծամասնականներին, իսկ գործող օրենսգրքով 41 մանդատ էր»,- այսօր արդարադատության նախարարության կազմակերպած Ընտրական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա, դիտորդների թիվ եւ այլն, այդ բոլոր դրույթները կեղծ ներդրված են, որ մարդիկ կենտրոնանան դրա վրա. «Համամասնական ընտրակարգը ենթադրում է մրցակցություն կուսակցության բրենդների միջեւ: Եթե այդպիսի մրցակցություն լինի, իշխող կուսակցությունների բրենդները կպարտվեն ընդդիմադիր բրենդներին, դրա համար դուք գնացել եք այս ճանապարհով: Տարածքային ցուցակներն անիմաստ են ուղղակի: Տարածքային ցուցակներում կլինեն միլիարդատերերը, այդ մարզպետները, քաղաքապետերը, սոցիալականի պետերը, բուհերի ռեկտորները, այնպիսի մարդիկ, ովքեր դուրս են գալու ձայն հավաքելու: Այդ մարդկանց վարչական ռեսուրսն անհամեմատելի է ընդդիմության կողմից առաջադրված մարդկանց ռեսուրսի հետ, իսկ դուք պարտադրում եք, որ ընդդիմությունը մարդ առաջադրի: Ստեղծում եք մի իրավիճակ, որ ընդդիմության կողմից առաջադրված մի մարդ, որը գործազուրկ է, ժամանակին իր քաղաքական հայացքների համար դատապարտվել է, այդ մարդը գործող մարզպետի հետ դնի»: Նա առաջարկեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, որ հանեն տարածքային ցուցակները, հակառակ դեպքում «Լուսավոր Հայաստանը» դեմ է լինելու այս Ընտրական օրենսգրքին: Դավիթ Հարությունյանն արձագանքեց, որ ձեզ համար լավ ԸՕ-ն այն է, որը երաշխավորում է ձեր հաղթանակը, մեր պարտությունը. «Իրականում համամասնական համակարգը կուսակցությունների բրենդերի պայքար չէ: Բացեք ցանկացած դասագիրք եւ տեսեք»: Նա ասաց, որ մեծամասնական ընտրակարգը բացասական երեւույթ չէ, մեր նպատակն է եղել առավելագույն բալանսավորված մոտեցում ցուցաբերել. «Պատրաստ ենք քննարկել, որոշումը կայացնելու է ԱԺ-ն՝ 3/5-րդ-ի քվեարկությամբ: Ես համարում եմ, որ ձեր առաջարկած մոդելը շատ թերի եւ վտանգավոր մոդել է, որը քաղաքականությունը կենտրոնացնելու է միայն Երեւանի վրա, մեր սկզբունքն է քաղաքականացումը տեղերում»: Էդմոն Մարուքյանն էլ արձագանքեց. «Ասում եք քաղաքական, բայց գնում եք այն ճանապարհով, որ չլինի քաղաքական ընտրություն, եթե տարածքներում առաջարկում եք 10 մարդու ընտրություն, դա լինելու է մեր թաղի Վաչոյի ընտրությունը, չի լինելու քաղաքական»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աղբյուր՝ aravot.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ