Խնդիր չեմ տեսնում, որ մենք չենք լինի 4+4+4 ֆորմատով քննարկմանը, որից մեծ հույսեր չունեմ. Էդմոն Մարուքյան

24/03/2016

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական խմբակցությունների եւ քաղաքացիական հասարակության համատեղ  քննարկումը 4+4+4 ձեւաչափով, որի մեջ  ընդգրկված չեն արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որեւէ խնդիր չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Որ մենք չենք լինի այդ ֆորմատով քննարկմանը, ես խնդիր չեմ տեսնում, որովհետեւ մենք հրապարակել ենք մեր առաջարկները, ներկայացրել դրանք նաեւ Վենետիկի հանձնաժողովին։ Անձամբ մասնակցեմ, թե ոչ, չեմ կարծում, որ արդյունքը դրանից փոխվելու է։ Ես վստահում եմ իմ խորհրդարանական ընդդիմադիր գործընկերներին, եթե իրենք են ընդգրկված, թող իրենք ներկայացնեն առաջարկները»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը  նշեց, որ իրեն չի վրդովվեցնում այդ  ձեւաչափը, որը սահմանափակում է արտախորհրդարանական  ընդդիմադիրների ներգրավվածությունը։ Միաժամանակ, նա  մեծ հույսեր չի էլ կապում քննարկման արդյունքների հետ։

«Այն մասով, որ ես փոփոխություն եմ ակնկալում,  հույսեր չունեմ, որ կիրականանան։ Խոսքը ռեյտինգային ընտրակարգի մասին է, տարածքային ցուցակների, կոալիցիայի ձեւավորման, որ սահմանփակվում է դաշինք կազմողների թիվը, միասնական փաստաթղթով քվերակությունը։ Ես հույս չունեմ, որ այս մասով նրանք զիջումների կգնան»։

Նշենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկել է Ընտրական օրենսգիրքը քննարկել 4+4+4 ձեւաչափով, որտեղ ներգրավված կլինեն 4-ամական ներկայացուցիչներ իշխանությունից, ընդդիմությունից եւ քաղաքացիական հասարակությունից: Այս առաջարկը իշխանությունների կողմից ընդունվել է, սակայն բաց է մնում հարցը, թե որ ՀԿ-ներն են ներկայացնելու հասարակական սեկտորը:

Աղբյուր՝ news.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ