ԵՏՄ մտնելով Հայաստանի զարգացումը կասեցվել է. Մարուքյան

03/06/2016
«Հայաստանի զարգացումը կասեցվել է Եվրասիական տնտեսական միություն մտնելով, և այդ կասեցումը բոլորին հայտնի է», – Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին նախագծի քննարկման ժամանակ այսօր ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:Նա նշեց, որ իշխանության ներկայացուցիչները խոսում էին անվտանգության գործոնի բարձրացման մասին, բայց ապրիլյան քառօրյա պատերազմում այդ փուչիկն էլ պայթեց: «Հիմա անհրաժեշտություն չկա մանրամասն վերլուծություններ անելու՝ ցույց տալու համար, որ այդ կառույցն ըստ էության մի անիմաստ միություն է, որի կանոններն անգամ իր միության շրջանակեներում չեն գործում»,- ասաց Մարուքյանը:Ըստ պատգամավորի՝ մի բան պարզ է՝ Եվրամիության հետ ասոցացված Հայաստանի վրա Ադրբեջանը չէր հանդգնի կրակել: «Եվ այն տնտեսական հնարավորությունները, որոնք մենք կստանայինք, անհամեմատելի կլինեին, ոչ թե այստեղից-այնտեղից զենք կուզեինք գնել վարկով»,- ասաց Մարուքյանը: Նա նշեց, որ կողմ է ԵՏՄ-ից դուրս գալուն, իսկ այն գործընթացը, որը պետք է սկսվի, պետք է տեղի ունենա Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխության պարագայում:«Անգամ այս հայտարարության ընդունումն այսօրվա գործող համակարգին չի հրելու առաջ, որ նրանք սկսեն ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց: Բայց այն, որ մեր զարգացումը կասեցված է, դա փաստ է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:
Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ