Ինչու զինվորների գլխատման գործով Հայաստանի իշխանությունն իրավական գործընթաց չի սկսում

28/06/2016

Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատման համար պետք է ՌԴ-ն վերականգնի իր նկատմամբ վստահությունը՝ խզելով զենքի վաճառքի պայմանագրերը Ադրբեջանի հետ, ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ վստահության մթնոլորտ կլիներ այսօր խորհրդարանում, խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցեր չէին լինի, եթե Ռուսաստանն իր կորցրած վստահությունը վերականգներ՝ ապրիլյան պատերազմից հետո դատապարտելով Ադրբեջանի պավածքն ու հայտարարելով, որ դադարեցնում է զենքի վաճառքն այդ երկրին: «Հայաստանում կա պահանջ, բնական ցանկություն՝ չլինել սպանված գործընկերոջ կողմից մեր թշնամուն վաճառված զենքով»,- ասաց Մարուքյանը: Նա նկատեց, որ Հայաստանից ապրիլյան պատերազմից հետո ՌԴ գնացած միակ նամակն իր նամակն է եղել, որով հիմնավորվում է, թե ինչու է պետք դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը և մատակարարված զենքի սպասարկումը: Պատգամավորն ասաց, որ ՌԴ-ից ստացել է նամակ այն մասին, որ իր նամակն ստացել են:«Այստեղ քննարկում ենք հետագա համագործակցությունը, և պարզ է, որ վստահություն չկա: ՌԴ-ն Ադրբեջանին վաճառում է զենքեր, որոնք ուրիշ երկրներ չեն վաճառում: Այն փաստարկը, որ՝ մենք չվաճառենք, ուրիշներն են վաճառելու, չկա նման բան: Ավելին, Մինսկի խմբի համանախագահ երկիրը չի կարող հարձակվողական զենքեր վաճառել կողմերից մեկին»,- նշեց նա:Մարուքյանն ասաց, որ աշխարհում չգիտի որևէ այլ ռազմավարական գործընկեր, ով իր գործընկերոջ թշնամուն նման ծավալի զենք է վաճառում:Նա նաև ասաց, որ ՀՀ ղեկավարությունը պետք է ընթացք տա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած վայրագությունների հետ կապված դեպքերին: «Տեղի են ունեցել ռազմական հանցագործություններ, այդ հարցերը բարձրացվել են, դիվանագիտական խողովակներով միջազգային ո՞ր կառույցներին են դիմել: Միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կան գործեր, դրանք էլ անհատական դիմումի շրջանակներում են: Պետական մակարդակով ի՞նչ է արվել, իմ տվյալներով ոչ մի բան»,- ասաց նա: Ըստ Մարուքյանի՝ պետք է իրավական գործընթաց սկսվի զինվորների գլխատման, խաղաղ բնակչության սպանության, հարձակվողական զենքի կիրառման մասով: Հայաստանը գործընթաց չի սկսում այդ հարցով, քանի որ, նրա խոսքով, այդ դեպքում առաջ կգա նաև ռազմավարական գործընկեր Ռուսաստանին պատասխանատվության կանչելու հարցը՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար:

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Մամուլ